ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ նստաշրջանը՝ բացառիկ
2019-03-05 18:39:54

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Ազգային ժողովի՝ այսօր մեկնարկած նստաշրջանն ու լիագումար նիստերը կարող են խորհրդարանի պատմության մեջ եթե ոչ աննախադեպ, ապ գոնե բացառիկ դառնալ: Ընդ որում ՝ ոչ միայն օրակարգային հարցերի քանակով, այլ նաև իրողությամբ, որ օրակարգում կառավարության հեղինակած որևէ նախագիծ չկար:  

Լիագումար նիստերի օրակարգում այսօր 3 հարց էր՝ մեկը պարտադիր քննարկման ենթակա, 2-ը` պատգամավորների նախաձեռնություններ: ԱԺ նախագահի բացատրությամբ ՝ իրավիճակն օբյեկտիվ պատճառներ ունի:

«Նախկինում ԱԺ ընտրությունները տեղի էին ունենում մայիսին, որից հետոխորհրդարանը մինչև այս փուլին հասնելն ունենում էր 2-3 ամիս, և այդ ընթացքում հարցեր էին կուտակվում, օրակարգ էր հասունանում: Այս անգամ մենք աշխատանքը սկսել ենք ընտրություններից մեկ ամիս հետո: Բացի դրանից ՝ բազմաթիվ նախաձեռնություններ կան, որոնք քննարկման տարբեր փուլերում են: վստահեցնում եմ, որ շատ շուտով կունենանք հագեցած օրակարգ»: 

Օրակարգն այսօր էլ կարող էր լրացվել ևս 3 հարցով, եթե խորհրդարանական մեծամասնսւթյունը կողմ քվեարկեր դրանք օրակարգ ընդգրկելուն: 3 նախագիծ  բացասական եզրակացություն էր ստացել մշտական հանձնաժողովներում, և  քննարկել դրանք լիագումար նիստերի դահլիճում  թե ոչ՝  պետք է որոշվեր պատգամավորների քվեարկությամբ: Խորհրդարանական մեծամասնությունը կողմ չէր նախագծերը օրակարգ ընդգրկելուն:  

Դրանցից  մեկը վերաբերում էր արհեստակցական միություններին, մյուս երկուսը Քրեական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններ են, որոնցով նախատեսվում է նախնական կալանքի 1 օրը հաշվարկել 1.5 օր: Օրակարգ չընդգրկելու հիմանվորումները տարբեր էին. առաջին նախագծի  դեպքում, ըստ մեծամասնության,  համակարգային լուծումներ են պետք, մյուս երկուսի դեպքում ՝ լրացուցիչ քննարկում: Հիմնավորումները սակայն խորհրդարանական փոքրամասնության համար համոզիչ չէին:  Փոխադարձ մեղադրանքներ հնչեցին ՝ ընդդիմադիրները մեծամասնությանը   մեղադրեցին  նախկին ավանդույթները շարունակելու և ընդդիմության նախագծերը մերժելու մեջ, մեծամասնությունը սաբոտաժի տարրեր տեսավ փոքրամասնության պահվածքում:

Թեև Արարատ Միրզոյանը գործընկերներին առաջարկեց խնայել կրքրեը՝ ավելի կարևոր քննարկումների համար, բայց  մի պարզաբանում էլ ծավալվեց «Լուսավոր Հայաստանից»  Գևորգ Գորգիսյանի ու «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանի միջև:

Բանավեճը սկսել էր Հայրապետյանի այն պնդումից, թե  քաղաքական մեծամասնությունը ողջունում է քաղաքացու շահերից բխող բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, ուստի բացասական եզրակացությունների համար իրենց պետք չէ քննադատել։

«Իսկ այդ ե՞րբ է ընդդիմությունը ներկայացրել քաղաքացու շահերից չբխող նախաձեռնություններ», -նշեց Գորգիսյանը։

«Քաղաքական դեմագոգիայով մի զբաղվեք: Գոնե սթափվեք տեսախցիկներից: Ամեն ինչ ձայնագրված է»,- ասաց Մխիթար Հայրապետյանը:

Ընդդիմությունը թեև դժգոհ էր, բայց վիճակագրությունն այսօր այլ փաստ արձանագրեց:  Առաջին նախագիծը, որն  ընդունեց 7-րդ գումարման Ազգային ժողովը,  խորհրդարանական փոքարմասնության առաջարկածն է: Պատագամավորներն այսօր միաձայն 101 կողմով, առանց դեմ-ի ու ձեռնպահ-ի առաջին ընթերցմամբ ընդունեցին «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը: Այն հեղինակել են «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները:

Փոփոխությունը հնարավորություն կտա 27 տարին լրացած և զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերադառնալ Հայաստան, վճարել սահմանված գումարը ու ազատվել բանակում չծառայելու համար նախատեսված քրեական հետապնդումից: սահմանված գումարը 200 հազար դրամ է ՝ բաց թողնված յուրաքանչյուր զորակոչի համար:

Սկսած 2003 թվականից, օրենքի պարբերական փոփոխությունների արդյունքում Հայաստան է վերադարձել 9800 քաղաքացի։ 27-35 տարեկան 3225 քաղաքացի է հետախուզվում, իսկ ընդհանուր առմամբ բանակից խուսափելու համար հետախուզվում է 10000 քաղաքացի: 35 տարեկանից հետո քրեական հետախուզումը դադարեցվում է։

0:00
0:00