ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ովքեր են քաղաքական դաշտի «օտարեկրյա գործակալները»
2019-03-05 18:53:24

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հանրության ուշադրության կենտրոնում է հայտնվել «քաղաքական գործակալներ» ձեւակերպումը: Ավելի ճիշտ՝ վարչապետն օգտագործել էր «օտարեկրյա գործակալներ» ձեւակերպումը՝ ակնարկելով որոշ քաղաքական գործիչներին: Հաշվի առնելով, որ քաղաքական գործիչները հատկապես շատ են ԱԺ-ում «Ռադիոլուրը» որոշեց այնտեղ պարզել, թե Հայաստանի քաղաքական դաշտում ովքեր են «օտարեկրյա գործակալները»:   

Ո՞վքեր են այն քաղաքական գործիչները կամ ուժերը, ում վարչապետը նկատի է ունեցել օրեր առաջ ակնարկելով եւ օգտագործելով «օտարերկրյա գործակալներ» ձեւակերպումը:  

Իրանում Սպահանի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ էր Նիկոլ Փաշինյանը արտահայտել միտքը, բայց չէր հստակեցրել՝ օդում կախված թողնելով կասկածները՝ խոսել է նախկին դեպքերի՞, թե՞ նոր դրսեւորումների մասին:

Այս իրավիճակում կա երկու հարթություն: Նախ՝ խոսքը երկրի անվտանգության մասին է: Այս տեսանկյունից վարչապետի հայտարարությունը իբրեւ հաղորդագրություն հանցագործության մասին են հորդորում ընկալել «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը եւ ԱԺ-ի նախկին փոխնախագահ հանրապետականից Էդուարդ Շարմազանովը:

Երկու գործչի համոզմամբ էլ՝ վարչապետի հայտարարությունը պետք է հետաքրքրի ԱԱԾ-ին:

Մյուս հարթությունը՝ քաղաքական է: Ներկա փուլում Հայաստանի ներքաղաքական դաշտում իրավիճակն ակտիվ է, բայց վերադասավորումներ դեռ չեն եղել: Տարբեր կուսակցություններ, անգամ ամենաանհավանական ձեւաչափերով հանդիպում են եւ բազմաթիվ հարցեր քննարկում:

Արտախորհրդարանական ուժերի հետ հանդիպումների նախաձեռնությունը հիմնականում կապում են խորհրդարանական երկու ուժի՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ: «Լուսավոր Հայաստան»-ի անդամների հանդիպումներից հայտնի է դարձել Դաշնակցության եւ «Քաղաքացու որոշում» կուսակցությունների հետ հանդիպումը:

«Բարգավաճ Հայաստանի» հանդիպումներից ավելի քիչ տեղեկություններ են հայտնի: Պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է հերքեց լուրերը, թե Գագիկ Ծառուկյանը հանդիպել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչների հետ: Պատգամավորը նաեւ պարզաբանեց՝ արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի հետ:

«Տեղեկատվությունն ուղղակի չի համապատասխանում իրականությանը եւ վերջ»,- ասաց Զոհրաբյանը:

«Քաղաքական գործակալներին» բացահայտելու հարցում Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրված է իբրեւ քաղաքացի, պատգամավորի կարգավիճակում հարցերի պատասխանը չգիտի:

Վարչապետի հայտարարության հետ կապված որոշ փակագծեր «Ռադիոլուր»-ի հետ զրույցում բացում է ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցությունից պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

«Այստեղ երեւույթը ինքը նկատի ունի, որ մենք ունենք քաղաքական գործիչներ, որ իրենց քաղաքական գործունեության իմաստը ոչ թե ՀՀ շահերը սպասարկելն է, այլ այս կամ այն գերտերության կամ աշխարհաքաղաքական կենտրոնի շահերը սպասարկելը: Հասկանո՞ւմ եք, այ սրա մասին է, որ այդ մոտեցումն այլեւս պետք է մերժվի: Քանի որ ներկա իրողությունների մեջ «դրսից տղա բերելը» այլեւս չի ստացվելու, սա նաեւ ուղերձ է, որ փոխվեք»:  

Հակիրճ ձեւակերպումով, ըստ պատգամավորի, վարչապետն իր հայտարարությամբ ազդարարել է, որ տեղի ունեցող փոփոխություններին զուգահեռ պետք է փոխվի նաեւ քաղաքական մշակույթը: Այլ կերպ ասած՝ «հին խաղի կանոններն այլեւս չեն գործում»:

0:00
0:00