ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Տրոյկա լվացքատան» քանի՞ փաստաթուղթ է ստորագրել Ռուբեն Վարդանյանը
2019-03-05 19:02:02

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Միջազգային  լրատվամիջոցները երեկվանից միմյանց լրացնելով լայնածավալ հրապարակումներով անդրադառնում են փողերի լվացման հսկա մի մեխանիզմի: Առաջատար մի շարք լրատվամիջոցներ փոխանցում են՝ լիտվական «Յուկիո» բանկից արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթերի ուսումնասիրությամբ բացահայտվել է փողերի լվացման ցանց, որը գործել է ռուսաստանաբնակ գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Իրականում որքանո՞վ է սկանդալային այս պատմությունն անմիջականորեն կապվում Վարդանյանի անձի ու Հայաստանի հետ։

Փողերի լվացման նոր բացահայտված հսկա մեխանիզմը աշխարհի ամենահայտնի լրատվամիջոցներն անվանեցին «Տրոյկա լվացքատուն»: Ինչո՞ւ «Տրոյկա», քանի որ, ըստ հետաքննության արդյունքների, 8,8 միլիարդ դոլար արժողությամբ չափազանց լայն ընդգրկում ունեցող ցանցը գործել է ռուսաստանաբնակ խոշոր գործարար, հայտնի բարերար Ռուբեն Վարդանյանի մասնավոր բանկի՝ «Տրոյկա դիալոգի» վերահսկողությամբ։ Ավելի առաջ գնալով՝ Բի-Բի-Սի-ն նոր բացահայտումներ էլ արեց:

Ներդրումային բանկը, որը նախկինում գլխավորել է օլիգարխ Ռուբեն Վարդանյանը, գործակցել է արքայազն Չարլզի հետ՝ ներգրավվելով բարեգործական հիմնադրամի աշխատանքներում: Ցանցից գումար է ուղարկվել արքայազնի հիմնադրամին՝ օգնելու վերականգնել Դումֆրիների տունը: Բայց Վարդանյանը հայտարարել է, որ ինքը ներգրավված չէ բանկի ամենօրյա գործարքներին:

«Հետքը» Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագծի (OCCRP) 20 գործընկերների հետ համատեղ ուսումնասիրել է այս կասկածելի մեխանիզմն ու փոխանցել՝ ցանցն ընդգրկում է նվազագույնը 80 օֆշորային ընկերություն, որոնք կնքել են առք ու վաճառքի, վարկային և ներդրումային կեղծ պայմանագրեր՝ օրինականացնելով միլիոնավոր դոլարներ։ Այդ գումարների ծագումը, սակայն, հայտնի չէ։ Ցանցի միջոցով Ռուսաստանի հարուստ և ազդեցիկ դեմքերը հաջողել են թաքցնել իրենց ունեցվածքը, խուսափել հարկերից, ձեռք բերել անշարժ գույք արտասահմանում, գաղտնի մասնաբաժին՝ պետական ընկերություններում, բաժնետոմսեր՝ էներգետիկ խոշոր ընկերություններում: Հետաքննող լրագրողներին միավորող կազմակերպության պնդմամբ՝

Այդ սխեմայի միջոցով են Ռուսաստանի քաղաքական և հանցավոր շրջանակներն օրինականացրել իրենց ֆինանսները՝ օգտագործելով հայ արտագնա աշխատողների և գործարարների կեղծված ստորագրությունները։ Կասկածելի գործարքներում օգտագործվել են Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և գործարքներից գաղափար չունեցող հայերը: Նրանց տվյալները հասանելի են դարձել «Տրոյկա դիալոգին», ու կոնկրետ անձանց կեղծված ստորագրությունները, առանց նրանց իմացության, դրվել են փաստաթղթերի տակ:

Ռուբեն Վարդանյանի գրասենյակը շտապեց արձագանքել աղմկահարույց թեմային՝ հիշեցնելով՝ «Տրոյկա Դիալոգի» նախկին գլխավոր բաժնետեր Ռուբեն Վարդանյանը դեռ  2012-ին իր բաժնեմասը վաճառել է «Սբերբանկ»-ին: Իրենք էլ են սպասում հրապարակումներում հիշատակված փաստերի մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքներին՝ ըստ այդմ ավելի հանգամանորեն մեկնաբանելու խնդիրը: Մեջբերենք գրասենյակի հայտարարությունից:

 

«Տրոյկա դիալոգ» ընկերությունների խումբը միշտ գործել է ֆինանսական հաշվետվողականության միջազգային չափորոշիչներին եւ թափանցիկության սկզբունքներին լիովին համապատասխան: Ավելին, այն ակտիվորեն մասնակցել է Ռուսաստանի քաղաքակիրթ ֆինանսական շուկայի ձեւավորմանը: 2012 թ. «Սբերբանկին» «Տրոյկա դիալոգ»-ը վաճառելուց հետո պարոն Վարդանյանը շատ ժամանակ եւ միջոցներ է հատկացրել բարեգործությանը: Սեփական կարողության մեծ մասը բարեգործական ծրագրերում ներդնելու պարտավորությունը Վարդանյան ընտանիքն իր վրա վերցրել էր դեռ 2000-ականների կեսերից:

Որքանո՞վ է սկանդալային այս պատմությունն ուղղակիորեն կապվում Հայաստանի ու հայազգի գործարարի հետ, որը Հայաստանում գործող «Ամերիաբանկի» եւ 3 հայտնի բարեգործական հիմնադրամների  հիմնադիրն է: Կարո՞ղ էին արդյոք փողերի լվացման խողովակները Հայաստան էլ հասնել: «Չէին կարող. այս սկանդալը Ռուբեն Վարդանյանի և Հայաստանի հետ ընդհանրապես կապ չունի»,- վստահ է բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը: Սա ԱՄՆ-Ռուսաստան հակամարտության հերթական փուլն է՝ ռուս-ամերիկյան կոմպրոմատների պատերազմ՝ ասում է «Ռադիոլուրի» զրուցակիցն ու իր դիտարկումը հիմնավորում այսպես:

«Կարծում եմ՝ Ռուբեն Վարդանյան այստեղ ավելի շուտ զոհ է, ոչ թե թիրախ: Օրերս Կոնգրես մտցվեց մի օրինագիծ, որը, եթե չեմ սխալվում, կոչվում է Putins transparency akt, որի հաստատման դեպքում ԱՄՆ-ի հետաքննության բյուրոն եւ մյուս նման կառույցները պետք է մի քանի ամսվա ընթացքում բացահայտեն Պուտինի անձնական միջոցներն աշխարհում, այսինքն՝ որտեղ է նա պահում իր փողերը: Ինձ թվում է՝ այս ամենը դրա առաջին ծիծեռնակներից է»:


Բիզնես-խորհրդատու Արեն Ապիկյանը, վկայակոչելով սեփական աշխատանքային փորձը նաեւ ռուսական բանկային համակարգում, շեշտում է՝ աշխարհում չկա այնպիսի բանկ, որը չառնչվի օֆշորային գոտիներին: «Տրոյկա դիալոգը», որպես Ռուսաստանի խոշորագույն բանկերից մեկը, բնական է, ունեցել է նման գործարքներ: Սա, սակայն, դեռ չի նշանակում, որ այդ գործարքներն անօրինական են։ Անօրինական լինելու դեպքում այսքան տարի դրանք աննկատ չէին մնա՝ վստահ է: Այս աղմուկի պատճառը, Արեն Ապիկյանի համոզմամբ, մեկն է:

« Ինձ թվում է՝ նպատակն առաջին հերթին սա է՝ ցույց տալ, որ Պուտինն ու իր վարչակազմը հսկայական՝ միլիարդների կարողություն ունեն, որը նրանք «լվանում են» ռուսական բանկերի միջոցով, եւ այդ բանկերից մեկն էլ եղել է «Տրոյկա դիալոգը»:

Սկանդալային այս պատմությունը սրանով չի ավարտվի՝ առաջիկայում այս շարքում նոր անուններ ու նոր թվեր ի հայտ կգան՝ վստահ է զրուցակիցս: Այստեղ պետք չէ ու չի կարելի կապ փնտրել Ռուբեն Վարդանյանի հիմնադրած հայաստանյան բարեգործական հիմնադրամների ու «Ամերիաբանկի» գործարքների մեջ՝ ասում է Արեն Ապիկյանը:

Ի դեպ՝ աղմուկ բարձրացրած այս հետաքննության մեջ ուշագրավ մի դրվագ էլ կա՝ լիտվական բանկից արտահոսած ավելի քան 60 հազար ֆինանսական փաստաթղթերում միայն մեկ պայմանագիր կա, որը ստորագրել է Ռուբեն Վարդանյանը:

0:00
0:00