ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեր հասցեին հնչող մեղադրանքները կեղծ են. Լարիսա Մինասյան
2019-03-05 18:30:26

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Վերջին շրջանում Հայաստանում բուռն քննարկումների կենտրոնում է հայտնվել Սորոսի՝ «Բաց հասարակություն հիմնադրամ»-ի հայաստանյան գործունեությունը:  «Բաց հասարակություն հիմնադրամներ Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն է այսօրվա մամուլի ասուլիսում անդրադարձել այդ քննարկումներին՝ հերքելով իրենց ուղղված մեղադրանքները:

Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, ովքեր ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի եւ բռնության քաղաքականությամբ՝ շեշտել է Մինասյանը:  

Սորոսի հիմնադրամի հայաստանյան գործունեության վերաբերյալ բուռն քննարկումներն ակտիվացան այն բանից հետո, երբ ԵՊՀ ռեկտորի հրաժարականը պահանջող «Ռեստարտ» ուսանողական կազմակերպությունը մեղադրվեց այդ գործի համար Սորոսի հիմնադրամից գրանտ ստանալու մեջ: Իրենց հիմնադրամի գործունեությանն ուղղված մեղադրանքներին այսօր հակադարձեց «Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան»-ի տնօրեն Լարիսա Մինասյանը:

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի դեմ հնչած մեղադրանքները ամբողջովին կեղծ են: Բոլոր տեսակի պնդումները, որ հիմնադրամը նպատակ ունի վնասել ԵՊՀ-ի հեղինակությանը, կամ վարկաբեկել ռեկտոր Արամ Սիմոնյանին, անհեթեթ են, վիրավորական եւ սուտ»:   

Նման մեղադրանք էր «Ռեստարտ» ուսանողական միությանը եւ նրա ղեկավար Դավիթ Պետրոսյանին ներկայացրել ակտիվիստ Նարեկ Մալյանը: Դրանից հետո «Ռեստարտ»-ի ուսանողները փորձել էին իրականացնել, իրենց բնութագրմամբ, մեկ այլ ակցիա, ինչը վերածվել էր  Նարեկ Մալյանի նկատմամբ բռնության: Գործին միջամտել էին ոստիկանները: Աղմկոտ այս միջադեպին այսօրվա հայտարարությամբ անդրադարձավ նաեւ «Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստան»-ի տնօրենը:

«Մենք դատապարտում ենք անձի հանդեպ այս եւ բոլոր տեսակի հարձակումները, ինչպես նաեւ՝ բոլոր նրանց, ովքեր առաջ են տանում կեղծիքը՝ փորձելով պառակտում սերմանել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին դիմել ողջամիտ եւ իրազեկված երկխոսության»:

Լարիսա Մինասյանը հաստատեց, որ «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնությունը 20 հազար ԱՄՆ դոլար դրամաշնորհ է ստացել, որի նպատակներից մեկն էլ ուսանողների կողմից բուհի կառավարումը հաշվետու դարձնելն է։ Նաև ասաց, իրենց գործընկերների հետ նախապայմանների լեզվով չեն խոսում, ծրագրի գործունեությունը չեն վերահսկում։

Վերջերս հաճախ է բացասական իմաստով հոլովվում «սորոսականներ» տերմինը: Այվազյանն ասաց, որ հիմնադրամը կարեւորում է ծրագրերը եւ չի անձնավորում: Նշեց, որ տարիների ընթացքում հիմնադրամը ֆինանսավորել է տարբեր անհատների, օրինակ՝ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանին:

«Որոնք որ ձեր սահմանումով, որի հետ ես բացարձակապես համաձայն չեմ, կլինեին նաեւ «սորոսականներ»:

Հայկ Բաբուխանյանը, մինչդեռ, խորհրդարանի ամբիոնից Սորոսի հիմնադրամի գործունեությունը քննադատած գործիչներից է: Այսօր էլ իր բացասական վերաբերմունքը հիմնադրամի գործունեության վերաբերյալ չի փոխել.

«Սորոսի հիմնադրամը պետք է փակել Հայաստանում՝ որպես հակաազգային եւ օտար ազդեցություն տարածող, ազգային ինքնությունն ու ազգային ինքնիշխանությունը քայքայող, վնասակար կազմակերպություն: Դրա մասին ես ասել եմ բազմիցս, այդ թվում՝ ԱԺ ամբիոնից»:

Մեզ հետ զրույցում Հայկ Բաբուխանյանն այսօր կտրականապես հերքեց, թե երբեւեէ հիմնադրամից օգտվել է եւ ասաց, որ այդ հայտարարությունը անհետեւանք չի թողնելու.   

«Այդ տիկինը պարզապես ստախոս է: Տիպիկ է: Նա արդարացնում է սորոսական հիմնարկության ղեկավար լինելը: Ես երբեք այդ կեղտոտ փողերից ոչ օգտվել եմ, ոչ էլ օգտվելու եմ: Մենք, իհարկե, դատական կարգով կպատժենք ստախոսներին եւ զրպարտիչներին»:

Ի դեպ, Լարիսա Մինասյանն այսօր ասաց, որ հիմնադրամից ավելի մեծ թվով անձինք են ֆինանսավորվել: Նշեց, որ այդ փասաթղթերը հրապարակված են իրենց կայքում։ Շեշտեց, որ Ֆինանսավորել են ծրագրեր, որոնք կարևոր են համարել։ Հիմնադրամի հայաստանյան գործունեությունը մեկնարկել է 1997 թ.-ից:

Լարիսա Մինասյանը հավելեց, որ հիմնադրամը աջակցել եւ աջակցելու է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին եւ բոլոր քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն եւ համակարգային բարեփոխումները՝ ի նպաստ երկրի: Հիմնադրամի եւ նրա գործունեության մասին տեղեկատվությունն էլ բաց է եւ տեղադրված է կայքէջում:

0:00
0:00