ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Երևանի օպերային թատրոնի հարուստ և գայթակղիչ գարնանային խաղացանկը
2019-03-05 16:10:54

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Երևանի օպերային թատրոնում գարնանային խաղացանկը խոստանում է լինել հարուստ և գայթակղիչ: Մաեստրո Օրբելյանն այսօր վստահեցրել է՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկներն այցի անգամ կարճ ժամանակահատվածում մի քանի ներկայացում դիտելու հնարավորություն կունենան:

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կոնստանտին Օրբելյանն անդրադարձել է նաև այն խնդիրներին, որոնք խանգարում են  օպերային թատրոնի նոր ու համարձակ նախաձեռնությունների իրականացմանը:

Աշնանային պրեմիերայից հետո՝ մայիսի 7-ին, Օպերային թատրոնում «Կարմեն»-ը երկրորդ անգամ կներկայացվի։ Սակայն սա եւս կարելի է պրեմիերան անվանել, քանի որ ներկայացվելու է մենակատարների նոր կազմով:

Կանանց տոներին ու ընդհանրապես գարնանային խաղացանկում  կանայք կարծեք այստեղ  գերիշխում են . «Աիդա», «Տոսկա», «Մոխրոտը», նաև «Տրավիատա», «Տրուբադուր»: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այս օրերին Ջոակինո Ռոսսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» օպերայի վերջին շտկումներն են արվում:

Մաեստրո Օրբելյանը հատկապես Հայաստան այցելող արվեստասեր զբոսաշրջիկների համար լավ լուր ունի՝ օպերայի գարնանային խաղացանկը հարուստ է նաև հայկական ստեղծագործություններով.

«Կլինի հայկական օպերաների փառատոն,  բնականաբար՝ «Անուշ»-ը՝ Անահիտ Մխիթարյանի մասնակցությամբ,  դա նախատեսում ենք ապրիլին: Գարնանային խաղացանկում կներկայացնենեք նաև «Ալմաստ», «Արշակ 2-րդ», «Սայաթ Նովա», «Արծվաբերդ» օպերաները: Բալետային խաղացանկում՝ «Չիպոլինո»-ն է: Ներկայացնելու ենք Խաչատրյանի երեք բալետները՝ «Սպարտակ», «Գայանե» և «Դիմակահանդես»: Զբոսաշրջիկների համար սա չափազանց հաճելի է։ Հայաստանի օպերային թատրոնն աշխարհում միակ տեղն է, որտեղ ընդամենը տասը օրվա ընթացքում նրանք կարող են դիտել Խաչատրյանի երեք բալետները»:

Ծանր շունչ ու երկար դադար. մաեստրո Օրբելյանի արձագանքն էր Երևանի օպերային թատրոնի առաջիկա հյուրախաղերին առնչվող հարցին: Ասաց՝ այդ առումով խիստ հագեցած էր 2018-ը՝ հյուրախաղեր ռուսական Մեծ թատրոնում, Դուբայում և Քուվեյթում: Օպերային թատրոնի այս տարվա դեռևս չհաստատված բյուջեն հյուրախաղային ակտիվություն, կարծեք, չի խոստանում: Թատրոնի, այսպես ասած, արտաքին ստեղծագործական թռիչքների համար խոչընդոտ են ոչ միայն ֆինանսները

«Հյուրախաղեր կազմակերպելու համար ամուր հիմք է պետք: Շուրջ 200 մարդու դուրս տանելը չափազանց բարդ խնդիր է: Այդ ամենը կազմակերպելու համար առնվազն երկու տարի է պետք: Դրա համար պետք է աշխատես հանգիստ և վստահ լինես, որ ունես ամուր թիկունք, հիմք, որպեսզի վստահորեն պլանավորես առաջիկա անելիքդ: Ներկա պայմաններում դա փոքր-ինչ դժվար է, երբ չգիտես՝ կա՞ գումար, չկա՞ գումար, բացո՞ւմ են թատրոնները, փակո՞ւմ են թատրոնները»:

Մշակութային կառույցների շուրջ ստեղծված վերջին շրջանի անորոշությունը չի փարատել նաև մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի հետ մշակութային ՊՈԱԿ-ների ղեկավարների երեկվա հանդիպումը, որին ներկա էր նաև Կոնստանտին Օրբելյանը:

Նախարարության ենթակայությամբ գործող մշակութային որոշ կառույցների օպտիմալացման վերաբերյալ մամուլի ձեռքում հայտնված հայտնի տեղեկանքի վերաբերյալ Ղարիբյանի մեկնաբանությունը եղել է նույնը՝ դա ընդամենը աշխատանքային տեղեկանք էր:

0:00
0:00