ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-06 09:57:58
  • «Հայկական ժամանակ». Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին
  • «Ժամանակ». Կարևոր օրենսդրական նախաձեռնություն
  • «Փաստ». «Ուկրաինիզացիայի» վտանգը
  • «Ժողովուրդ». Իրանցիները պակասել են
  • «Առավոտ». «Անտրամաբանականն այն է, որ բարեփոխումների գաղափարը սահմանափակվում է կրճատումներով»

Ռոբերտ Քոչարյանը դատի է տվել Արամ Մանուկյանին

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ Ռոբերտ Քոչարյանը նոր դատական հայց է ներկայացրել դատարան. նա դատի է տվել ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին: Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկատվությունը եւ հրապարակային ներողություն խնդրել վիրավորանքի համար:

Տեղեկությունը թերթի հետ զրույցում հաստատել է Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Անի Ալավերդյանը: Նա, սակայն, չի մանրամասնել, թե Մանուկյանի հնչեցրած ո՞ր տեղեկություններ է Քոչարյանը համարել զրպարտություն եւ վիրավորանք: Թերթը նշում է, որ այս ընթացքում Քոչարյանը 5 դատական հայց է ներկայացրել, մեկը՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ, մյուսը՝ Սիլվա Համբարձումյանի, մյուս 3-ը՝ «Առաջին լրատվականի» դեմ:

Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանին դատի է տվել հենց Մարտի 1-ին: Թերթի հետ զրույցում Մանուկյանը սա խորհրդանշական է որակել. «Շատ խորհրդանշական է, որ Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը համարձակվում է հայց ներկայացնել»: Նա հավելել է, որ շատ ուրախ է այս հայցի համար: Իսկ թե իր կողմից հնչեցրած ո՞ր տեղեկություններն է Քոչարյանը զրպարտություն համարել, Մանուկյանը չի ասել՝ նշելով, որ մանրամասների մասին կխոսի հայցը վարույթ ընդունելուց հետո:

Ըստ թերթի, այս ընթացքում Արամ Մանուկյանն իսկապես մի շարք կոշտ գնահատականներ է հնչեցրել Ռոբերտ Քոչարյանի հասցեին, և իսկապես դժվար է կռահել, թե այս անգամ ինչ է վիրավորել Քոչարյանին:

Կարևոր օրենսդրական նախաձեռնություն

«Ժամանակ» թերթը գրում է, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին» օրենքում:

ԼՀԿ-ն առաջարկում է փոխհատուցում տրամադրել նաև այն զինծառայողներին, ում առողջական վիճակը վատթարացել է «զինվորական ծառայության ընթացքում և պատճառով»:

«Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն»,- գրում է թերթը:

«Սա շատ կարևոր փոփոխություն է, որովհետև շատ դեպքերում զինծառայողները զրկվում են փոխհատուցումից միայն այն պատճառաբանությամբ, որ առողջական վիճակի վատթարացումը կապ չունի մարտական գործողությունների հետ, մինչդեռ զինվորի ծառայությունը միայն մարտական գործողությունները չեն»,- գրում է թերթը:

«Ուկրաինիզացիայի» վտանգը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը «Փաստ»-ի հետ զրույցում ասել է, որ ներքաղաքական դաշտում վտանգավոր երևութներ է տեսնում: Մասնավորապես Նարեկ Մալյանին աղբամանը գցելու փորձը նորմալ չէ, ամեն ինչ կարելի է քաղաքակիրթ ձևով լուծել: Իսկ աղբամանը գցելու մեթոդը նորություն չէ: 2014թ. փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած հեղափոխությունից հետո ուկրաինացի իշխանավորները նույն կերպ էին վերաբերվում նախկին իշխանությունների հետ: Եվ բոլորը տեսել են, թե Ուկրաինայում ինչ տեղի ունեցավ՝ հասարակության բացահայտ պառակտում, ատելություն նախկին ու ներկա իշխանությունների միջև, ինչի հետևանքը մինչև հիմա ակնհայտ է:

«Կտրականապես դեմ եմ, որ Հայաստանում ներքաղաքական վիճակի «ուկրաինիզացիա» տեղի ունենա: Մենք արտաքին քաղաքական մարտահրավերներ ու խնդիրներ ունենք, և մեզ միայն պակասում էր, որ հասարակությունը սարսափելի պառակտվի, որ հասարակական շերտերը ոչ թե մեկը մյուսին քննադատեն, այլ ատեն իրար: Այդ ամենը շատ մեծ վտանգներ է պարունակում ոչ միայն մեր ներքաղաքական վիճակի, այլև ընդհանրապես մեր պետականության համար: Ամեն ինչ պետք է վերադարձվի կոռեկտության ու քաղաքակրթության հուն: Երկուստեք հարգանք պետք է լինի և վերջ դրվի այս ամենին»,- նշել է քաղաքագետը:

Իրանցիները պակասել են

Հայաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը զգալի նվազել է. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեից: Պարզվում է, որ անցած տարի, 2017 թվականի համեմատ, իրանցի զբոսաշրջիկների թիվը պակասել է 44.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացել է, որ իրանցի զբոսաշրջիկները վերջին երկու տարիներին նախընտրում են հանգիստն անցկացնել Վրաստանում, քան Հայաստանում, քանի որ այնտեղ ծառայությունները ավելի մատչելի են:

Փոխարենը 76.7 տոկոսով ավելացել է Թուրքիայից ՀՀ ժամանած զբոսաշրջիկների թիվը. սա տոկոսային առումով միգուցե մեծ թվա, բայց, ինչպես թերթն է նշում, բացարձակ թվով քիչ քանակի մասին է խոսքը: Նկատում է նաև, որ Ռուսաստանից ՀՀ եկող զբոսաշրջիկների քանակը եւս աճել է 20.5 տոկոսով: Ավելացել է նաեւ Գերմանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Նիդերլանդներից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը:

«Անտրամաբանականն այն է, որ բարեփոխումների գաղափարը սահմանափակվում է կրճատումներով»

«Առավոտ»-ի հետ զրույցում Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանը՝ անդրադառնալով վերջին օրերին աղմուկ հանած՝ մշակութային ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ թեմային, ասել է, որ խնդիրը նոր չէ, եւ հետեւանքն է այն բանի, որ երեսուն տարի մշակութային որեւէ բարեփոխում չի եղել:

«Ժամանակ առ ժամանակ ծագում է այս հարցը, թե եկեք փորձենք բյուջետային միջոցները խնայել, ինչը տրամաբանական է, անտրամաբանականն այն է, որ բարեփոխումների գաղափարը սահմանափակվում է կրճատումներով»,- ասել է պարոն Բաբայանը:

«Իրականում պետք չէ հնարել հայկական հեծանիվ; Քաղաքակիրթ աշխարհում կան ձեւեր, թե ինչպես է պետությունը իրականացնում իր բյուջետավորումը: Դրանք Մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքներն են, որոնք տալիս են հնարավորություն նախ զարգանալու՝ անկախ արվեստին, լինելու ավելի ազատ պետական միջոցներից, պետական ճնշումից ավելի անկախ, ինչին ներքին մղումով պետք է ձգտեն բոլոր արվեստագետները եւ մշակութային օջախները»:

Թերթի զրուցակցի ձեւակերպմամբ. «Իրականում պետք չէ հնարել հայկական հեծանիվ; Քաղաքակիրթ աշխարհում կան ձեւեր, թե ինչպես է պետությունը իրականացնում իր բյուջետավորումը: Դրանք Մեկենասության եւ հովանավորչության մասին օրենքներն են, որոնք տալիս են հնարավորություն նախ զարգանալու՝ անկախ արվեստին, լինելու ավելի ազատ պետական միջոցներից, պետական ճնշումից ավելի անկախ, ինչին ներքին մղումով պետք է ձգտեն բոլոր արվեստագետները եւ մշակութային օջախները»: