ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով կմեկնարկեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերը
2019-03-06 15:40:58

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

2018-ի հոկտեմբերին Երևանում կայացած  Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովից հետո ֆրանսերեն լեզուն ու ֆրանկոֆոն մշակույթը Հայաստանում կրկին ուշադրության կենտրոնում կլինեն մարտ և ապրիլ ամիսներին, Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա՝ մարտի 20-ի մոտակա օրերին ամբողջ աշխարհում կազմակերպվող  միջոցառումների շրջանակում:

«Բոլորս հիշում ենք այն մեծ տոնախմբությունը, որը կազմակերպել էր Հայաստանն ի պատիվ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի: Այդ գագաթնաժողովը մեծ հաջողություն էր թե՛ Հայաստանի, թե՛ ֆրանկաֆոնիայի միջազգային կազմակերպության համար»,-հրավիրած ասուլիսում այսօր նշել է Հայսատանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը՝ ներկայացնելով արդեն Ֆրանկոֆոնիայի մշակութային օրերի շրջանակում նախատեսվող միջոցառումների ծրագիրը:

Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում մարտի 11-ից  ապրիլի 12-ը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առաջարկում է լեզվամշակութային միջոցառումների հարուստ ծրագիր, որի բացումը տեղի կունենա  մարտի 11-ից 18-ը Մոսկվա կինոթատրոնում կազմակերպված Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնով:

Մարտի 15-ին Շառլ Ազնավուր կենտրոնում հայ ուսանողները կարող են հանդիպել «Արտիստների ժամանակը» վավերագրական ֆիլմի հեղինակ Անահիտ Դասո Տեր Մեսրոպյանի հետ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կկայանա մարտի 17-ին  Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնի ընթացքում: Մարտի 21-ին և 22-ին Գյումրիում, Երևանում և Դիլիջանում արժանին կմատուցեն ֆրանսիական գաստրոնոմիային. միջոցառումներին նախատեսվում է տեղական բազմաթիվ ռեստորանների ու մասնագիտական դպրոցների ներկայացուցիչների մասնակցությունը:

Տոնական միջոցառումների շրջանակում անցկացվող ֆրանսերենի գրավոր մրցույթը տեղի կունենա մարտի 23-ին՝ Երևանի «Ալիանս Ֆրանսեզ»-ում: Մարտի 28-ից 30-ը Գորիսը կհյուրաընկալի Հայաստանում երիտասարդ ֆրանկոֆոնների թատերական 3-րդ փառատոնը. «Ֆրանկոֆոնիայի օրերը կփակվեն «Տվյալների գիտություն, հասարակությունների գիտություն» թեմայով գիտաժողովով, որը կկայանա ապրիլի 10-ից 12-ը Հայաստանում Ֆրանսիայի համալսարանի, Թուլուզի համակարգչային հետազոտությունների ինստիտուտի և ՀՀ ԳԱԱ միջև համագործակցությամբ»:

Համաժողովի օրերին կքննարկվեն  այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝  հասարակությունների ազդեցությունն արհեստական բանականության վրա, մեգատվյալների նշանակությունը կայուն զարգացման  համար, կիբերանվտանգության մարտահրավերները և այլն:

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթն այսօր արձանագրեց, որ հոկտեմբերին կազմակերպված Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ավելի ամրապնդեց Հայաստանի տեղը ֆրանկոֆոն մեծ ընտանիքում՝ որպես ռազմավարական նշանակության կարևոր գործոն։ Նա համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված ծավալուն միջոցառումներն այս առումով կկրկնապատկեն Հայաստանի հաջողությունները:

0:00
0:00