ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կեղծ լուրեր. խնդիրը էթիկայի՞, թե՞ օրենսդրական դաշտում է
2019-03-06 17:00:10

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կեղծ կամ ֆեյք լուրերը մեդիա դաշտում հասել են մեծ ծավալների եւ անհանգստացնող են: Այս խնդիրը միայն հայաստանյան չէ եւ այն աշխարհի մակարդակով է մտահոգող երեւույթ դարձել: Խնդրի լուծման դեղատոմս աշխարհում դեռ չկա:

Պատրաստի լուծումներ չունեն նաեւ հայաստանյան մասնագետները: Նրանք, սակայն, որոշակի խորհուրդներ եւ քայլեր տեսնում են, որոնք, ըստ նրանց, կարող են որոշակի չափով մեղմել իրավիճակը:                        


Մեդիա տարածքում գնալով կեղծ լուրերի ծավալներն անհանգստացնող են դառնում: Հայաստանի հելսինկյան կոմիտեի իրավաբան Ռաֆայել Իշխանյանի գնահատմամբ՝ մոնիթորինգը ցույց է տվել, որ մեր մեդիայում առկա է նաեւ ատելության խոսքը, որի ազդեցությունը բավականին մեծ է:

Քաղաքական ատելությունը չի դիտարկվել: Թե ինչու՝ Հելսինկյան կոմիտեի իրավաբանն այսպես պատճառաբանեց. «Շատ դեպքերում դժվար է բերել այդ, այսպես ասած, եզրը, թե որտեղ է խոսքի ազատությունը, քաղաքական քննադատությունը ավարտվում եւ  սկսվում ատելությունը»:

Թե ինչու՞ իրավիճակն այսպես դարձավ հիմա, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն ունի իր պատասխանը.

«Խնդիրն այն է, որ նախկինում մեդիադաշտն ավելի մոնոպոլ էր, ավելի օկուպացված էր եւ անհրաժեշտությունը՝ փողեր ծախսել, կեղծ լուրեր տարածել, ՖԲ-ում ֆեյքեր պահել… այդպիսի անհրաժեշտությունը չկար»:


Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, սակայն, կեղծ լուրերի ներթափանցման պատճառն այլ տեղ է տեսնում:

Կեղծ լուրերի խնդրին վերջերս անդրադարձել էր նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իրավիճակը նա պայմանավորել էր նրանով, որ լրատվամիջոցների սեփականության վերաբաշխում տեղի չի ունեցել եւ դաշտը վերահսկվում է նախկին իշխանավորների կողմից: Այս կարծիքը, սակայն, չի կիսում ԵՄԱ նախագահ Բորիս Նավասարդյանը:

«Սեփականության վերաբաշխում տեղի է ունեցել եւ շարունակվում է այդ գործընթացը: Դա ունի մի շարք պատճառներ: Սա ինչ-որ տեղ բնական պրոցես է եւ ես ընդհանրապես կառաջարկեի այդ իրավիճակի վերաբերյալ գույները չխտացնել, ընկալել այն որպես բնական: Իշխանությունները եւ այն լրատվամիջոցները, որոնք ցանկանում են աշխատել անկախ եւ չեզոք դաշտում, պետք է  ուղղակի հասկանան իրենց անելիքները»:

Իրավիճակը, որ կա եւ որի վերաբերյալ շատ դեպքերում գույներ ենք խտացնում, ունի նաեւ գլոբալ միտումներ՝ օպերատիվությամբ պրոֆեսիոնալ մեդիայի համար դժվար է մրցակցել սոցցանցերի հետ, ինչի հետեւանք է այդ ամենը՝ ասաց Բորիս Նավասարդյանը: Ըստ նրա՝ դա օբյեկտիվ գործընթաց է, ինչը տեղի է ունենում ամբողջ աշխարհում:


Խնդիրները շաղախվել են հետհեղափոխական շրջանում եւ «Խոսքի ազատության կոմիտե»-ի նախագահ Աշոտ Մելիքյանը համամիտ է, որ գույները չպետք է խտացնել: Մյուս կողմից, սակայն, նրա գնահատմամբ՝ գույները խտացվում են երկու կողմից էլ՝ ե՛ւ հաղթածների, ե՛ւ պարտվածների, իսկ լրատվամիջոցների ճնշող մեծամասնությունը, ըստ նրա, կամաց-կամաց լրատվամիջոցից վերածվում է  քարոզչամիջոցի: Նման իրավիճակում դժվար է խոսել խնդիրը էթիկայի՞, թե՞ օրենսդրական դաշտում է:

Օրենսդրական փոփոխության անհրաժեշտության մասին,  ընդ որում, խոսում են բոլորը՝ նկատեց Աշոտ Մելիքյանը:

Սամվել Մարտիրոսյանը նույնպես նկատեց, որ խնդիրը լուրջ է նաեւ ամբողջ աշխարհում: Ըստ նրա՝ օրենսդրական կարգավորումը խնդիրը չի կարող լուծել: Արգելափակումն էլ որպես գործիք շատ արագ կարող է վերածվել ճնշման գործիքի:

Ոչ մի երկիր կեղծ լուրերի դեմ պայքարի դրական փորձ չունի, ասաց փորձագետը, սկայն, նրա խոսքով, կարող ենք օգտվել հենց դրանից՝ նայենք վատը եւ դա չանենք: Ամենագլխավորն էլ, փորձագետի ձեւակերպմամբ, հասարակության մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն է՝ կեղծ լուրերը չտարածելու համար:       

0:00
0:00