ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումների քաղաքական եւ տնտեսական բաղադրիչները
2019-03-06 18:25:23

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

 

Որքան Հայաստանը շատ բարեփոխվի, այնքան մենք ավելի շատ կաջակցենք Հայաստանին՝ Բրյուսելում Փաշինյան- Ժան Կլոդ Յունկեր համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Նա նաև նշել է, որ 2017-2020թթ Հայաստանին 176 մլն եվրո կտրամադրեն իրականացվող բարեփոխումների, Մարդու իրավունքների ու պաշտպանության և հիմնարար ազատությունների պաշտպանության համար:

Արդյունավետ քննարկում՝ Հայաստան-ԵՄ համագործակցությունում: Հայկական պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցն այսպես է բնութագրում։

Հանդիպումներից գոհ է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Նա Նիկոլ Փաշինյանի այցը ինքնաթիռում ամփոփեց: Վիզաների ազատականացում, ԵՄ աջակցություն՝ նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար:

Մհեր Գրիգորյանի խոսքով, այս այցի օրակարգը կոնկրետ էր, քննարկվող հարցերի շրջանակն ու դրանց հետ կապված տեղեկատվության հասանելիությունն ավելի բարձր էր, ուստի ավելի մեծ հարցերի շրջանակ քննարկվեց: Հիմնական շեշտադրումներից մեկն էլ, ինչպես նշվեց, վիզաների ազատականացումն է: Մհեր Գրիգորյանը կարծում է, որ այս հանդիպումը գործնական խոսակցության սկիզբ է լինելու:


Վիզաների ազատականացումը կհշետացնի Հայաստանի քաղաքացիների մուտքը ԵՄ երկրներ, ասաց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը
:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական Միության բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ քննարկել են Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը և գտնում ենք, որ դա կարևորագույն գործիք է մեր բարեփոխումների օրակարգն առաջ տանելու հարցում։

«Մենք հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ է կայացվելու, որովհետև դա շոշափելի արդյունք կլինի համար և կբարձրացնի համագործակցության ազդեցությունը:

Հանդիպումներ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինիի հետ, տնտեսական ու քաղաքական համագործակցությանը վերաբերող հարցերի  քննարկումներ: ԼՂՀ հիմնախնդրին  անդրադարձ նույնպես: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ադրբեջանցի իր պաշտոնակցի հետ մի քանի անգամ ոչ պաշտոնական հանդիպել են.

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ, և մենք, ըստ էության, Ղարաբաղի հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Հետևաբար, Ձեր հարցի մեջ, կարծում եմ, մի փոքր թյուրըմբռնում կա այն առումով, թե կա՞ ինչ-որ բան ավելացնելու: Մենք դեռ նոր պետք է սկսենք քննարկել, և ես արդեն Թեհրանում ասել եմ, որ առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու այդ թվում՝ բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին, որովհետև մենք կարծում ենք, և մեր դիրքորոշումը չի փոխվել, որ հարցի արդյունավետ կարգավորման համար նախևառաջ անհրաժեշտ է արդյունավետ ֆորմատ ստեղծել, որի նպատակը բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցությունն ապահովելն է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի խոսքով,  նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ նոր հանդիպումներ անցկացնելու հնարավորություն ստեղծվեց առաջնորդների, արտգործնախարարների միջև:

Նոր հանդիպումներն արդեն իսկ առաջընթաց են,- ասաց Յունկերը:

«Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, նոր բան չստեղծենք: Բայց շատ կարևոր են փոխվստահության զարգացման միջոցները: Եվ մենք դրսից՝ որպես Եվրամիություն, ի՞նչ կարող ենք անել: Կարող ենք ամբողջ տարածաշրջանին աջակցել, կարող ենք նպաստել երկրների միջև համագործակցությանը տարբեր ոլորտներում: Այսինքն՝ հնարավորությունները պետք է շատ լինեն, և որոշ բաներ ժամանակ են պահանջում: Բայց կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են հետագայում տարածաշրջանային իրավիճակը բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն»,- հավելեց Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատարը:

Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվելուց հետո առաջին անգամ  Բրյուսել էր այցելել 2018-ի հուլիսին:

0:00
0:00