ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Շաքար»-ի հարկ. պայքար տնտեսվարողների ու պաշտոնյաների միջեւ
2019-03-06 18:58:30

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների՝ անկախ այդ ըմպելիքներում շաքարի պարունակությունից:

Նախագիծը, սակայն, առաջ է բերել ոլորտում գործող տնտեսվարողների դժգոհությունն ու մտահոգությունները: Առողջապահության նախարարությունն էլ նախագծին կողմ է, բայց առաջարկում է այն ընդունել փոքր-ինչ այլ տեսքով:

Բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի եւ ալկոհոլային խմիչքների, հարկել ակցիզային հարկով՝ ըմպելիքի 1 լիտրի համար սահմանելով 30 դրամ ակցիզային հարկ. ֆինանսների նախարարության օրենսդրական առաջարկն է: Նոր նախաձեռնությունը, սակայն, մտահոգել է ոլորտում գործող տնտեսվարողներին, այդ թվում եւ՝ համաշխարհային բրենդերի ներկայացուցիչներին: Հարկային փոփոխությունը կավելացնի իրենց ֆինանսական բեռը, կհանգեցնի իրենց արտադրանքի թանկացմանը եւ ոչ միայն՝ ասում են:

«Փետրվարի 25-ին այս օրինագծի մասին տեղեկացվելուց հետո մեր գործարանի բոլոր աշխատակիցներին հավաքել եմ դահլիճում ու տեղեկացրել, որ եթե այս օրինագիծն ընդունվի, մենք կանգնում ենք փակման եզրին, ու որ նրանք այս պահից սկսած կարող են իրենց համար այլ աշխատատեղ փնտրել»:

Տեղական արտադրողներից Տիգրան Հովսեփյանը մտավախություն ունի, որ նոր հարկի կիրառմամբ ծախսերի ավելացումն իրենց անմրցունակ կդարձնի, ու ոլորտում գործող բազմաթիվ մանր տնտեսվարողներ պարզապես դուրս կմղվեն շուկայից՝ ոլորտը դարձնելով մենաշնորհային: Ըստ տնտեսվարողի հաշվարկի՝ նոր հարկատեսակով հարկման դեպքում գազավորված քաղցր ըմպելիքները կթանկանան մինչեւ 30 տոկոսով:

«30 տոկոսով է թանկանում, որովհետեւ 1.5 լիտրանոց կոլան, որը վաճառվում է մանրածախ շուկայում, 45 դրամ գալիս է ակցիզային հարկը, 20 տոկոս էլ ավելանում է ԱԱՀ-ն: Ստացվում է, որ 54 դրամով գինը ավելանում է: Եթե ավտոմատ 200 դրամանոց ապրանքը թանկանում է 54 դրամով, քանի՞ տոկոս է դառնում թանկացումը»:


Բայց գնագոյացման հաշվարկներում որոշ տարակարծություններ կան: Նախագծի լրամշակված տարբերակով ակցիզային հարկի դրույքաչափը մեկ լիտրի համար 30 դրամ է: Սա, ըստ որոշ գնահատումների, չի ենթադրում ուղղակիորեն 30 տոկոսի թանկացում: Ինչեւէ, այս ըմպելիքները ակցիզային հարկով հարկելու հարցը երկար քննարկումներ է անցել, բայց պետական կառույցներն ու տնտեսվարողներն ընդհանուր եզրակացության չեն եկել՝ նկատում է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության գործադիր տնօրեն Էդուարդ Կիրակոսյանը: Նա կիսում է տնտեսվարողների մտահոգությունն ու հայտարարում՝ օրենսդրական նախաձեռնության հեղինակների հիմնավորումները համոզիչ չեն:

«Այս որոշման համար, ըստ ֆիննախի, հիմք է հանդիսացել նաեւ այն, որ գազավորված ըմպելիքները, անկախ շաքարի պարունակությունից, ենթադրում են վնասակար սպառում: Ուշադրություն դարձրեք «ենթադրում են» բառի վրա: Այսինքն՝ ենթադրության հիման վրա հարկ են մտցնում»:

Ոչ թե ենթադրության, այլ ապացուցողական բժշկության հիմքով է նախագիծը դրվել շրջանառության մեջ: Ֆեյսբուքյան գրառմամբ թեմային անդրադարձավ առողջապահության նախարարն ու շեշտեց՝ այսպես կոչված «շաքարի հարկը» հարկման նորարարական մեխանիզմներից է, որը կիրառվում է աշխարհում շաքարի օգտագործման ահագնացող տեմպերի դեմ պայքարելու համար: Առողջապահության նախարարությունը կողմ է, որ այն ներդրվի նաև Հայաստանում, քանի որ մեր երկրում եւս ունենք դեռահասների և ոչ միայն դեռահասների շրջանում ավելորդ քաշի, ինչպես նաև երկրորդ տեսակի շաքարային դիաբետի խնդիր՝ շեշտեց նախարար Թորոսյանը։

«Մենք առաջարկել ենք և պնդում ենք, որպեսզի շաքարի հարկը տարածվի բոլոր բնական և գազավորված ըմպելիքների վրա, որոնք 100 գրամ հյութի մեջ պարունակում են 5 և ավելի գրամ շաքար»,- նշել է նախարար Թորոսյանը:

Ուշագրավ է, որ ըմպելիքների որոշ տեսակներ հարկման նոր տեսակով հարկելու հարցում տարակարծություններ կան ոչ միայն պետական ու մասնավոր, այլեւ հենց պետական կառույցների միջեւ: Նախագծին կողմ են թե' ֆինանսների, թե' առողջապահության նախարարությունները, սակայն մոտեցումներն են տարբեր:

Եթե ֆիննախը գտնում է, որ պետք է ակցիզային հարկի անցնեն բոլոր գազավորված ըմպելիքները՝ անկախ դրանցում շաքարի պարունակությունից, ապա առողջապահության նախարարությունն առաջարկում է ուշադրության առնել հենց շաքար պարունակող ըմպելիքները: Ստացվում է, որ թեման նոր քննարկումների կարիք ունի, ինչն էլ ակնկալում են նաեւ գազավորված ըմպելիք արտադրողները:

0:00
0:00