Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ի՞նչ են գրում թերթերը
2019-03-07 10:17:05
  • «Ժամանակ». Ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիևը, եթե ոչ այդ մասին
  • «Առավոտ». «Օրակարգեր կան, պարզապես դրանք դեռ ճանապարհին են»
  • «Փաստ». Ալավերդցիները գուցե փակեն Մ6-ը
  • «Ժողովուրդ». «Ryanair» ընկերությունը՝ հայկական շուկայում


Ինչ են խոսելու Փաշինյանն ու Ալիևը, եթե ոչ այդ մասին

Փաստացի, Հայաստանի խորհրդարանում Նիկոլ Փաշինյանն ազդարարել է, որ Արցախի հարցում խնդիրը բանակցային ձևաչափն է: Բաքուն հայտարարել է, թե չի լինի ձևաչափի փոփոխություն: «Ժամանակ»-ը ձևակերպելով հարցը՝ արդյո՞ք ձևաչափի շուրջ հրապարակային հայտարարությունները նշանակում են, որ Փաշինյան-Ալիև հանդիպումը կարող է և չլինել, կամ համանախագահները ունեն նախապատրաստական աշխատանքը երկարացնելու անհրաժեշտություն՝ առանձնացնում է ընդհանուր տրամաբանության երկու ասպեկտ:

«Մեկն այն, որ այս գործընթացը որոշակի փոխզիջում է Բաքվին՝ ընդ որում նաև միջնորդների մակարդակով, Ալիևի դեմքը ներքին կյանքում, հանրության առաջ փրկելու համար, և մյուսն այն, որ լայն իմաստով գործընթացը ներկայումս խաղ է ժամանակի վրա, և իրական հարցերը լուծվում են դրանից դուրս, այն տրամաբանության մեջ, թե կողմերից որն է առավել արդյունավետ օգտագործում այդ ժամանակը», -գրում է թերթը:

Իսկ այստեղ, ըստ թերթի արդեն չափման միավորներն ու գործոնները իսկապես բազմազան են՝ տնտեսությունից մինչև ներքին ու արտաքին քաղաքականություն.

«Այս տեսանկյունից, Հայաստանի անցնող ամիսների քաղաքական օրակարգը, այդ թվում՝ տնտեսական բաղադրիչով, նկատելիորեն հարուստ է: Ընդ որում, այստեղ նկատելի է նաև այն, որ այդ օրակարգն առաջ է տարվում ոչ միայն վարչապետի և ԱԳ նախարարի մակարդակում, այլ նաև հանրապետության նախագահի: Տվյալ պարագայում արդեն առանցքային հարցը դառնում է ոչ թե այն, թե ինչ են խոսում Փաշինյանն ու Ալիևը, այլ այն, թե Հայաստանի արտաքին քաղաքական վերջին երկու ամիսների առերևույթ բավականին տպավորիչ օրակարգը ինչպիսի ժամանակացույցով և արդյունքներով է դրսևորվելու, շոշափելի դառնալու Հայաստանի ներքին կյանքում»:

«Օրակարգեր կան, պարզապես դրանք դեռ ճանապարհին են»

«Առավոտ» թերթն արձանագրում է, որ նախօրեին մեկնարկած խորհրդարանական երկրորդ քառօրյա նիստերի օրակարգը երեկ առավոտյան արդեն սպառվել էր: Նիստի օրակարգում ընդամենը երեք հարց էր: «Նախկին գումարման խորհրդարանին շատ էին քննադատում այն ժամանակ ընդդիմադիր, այսօր արդեն իշխանական ուժի ներկայացուցիչներ, որ այդ խորհրդարանը սպառված է, անգամ օրակարգեր չունի, որ կառավարությունն է ձեւավորում խորհրդարանի օրակարգը եւ այլն»,-գրում է թերթը:

Իշխող ուժը ներկայացնող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանից «Առավոտ»-ը հետաքրքրվել է`ինչո՞ւ արդեն երկու ամիս ձեւավորված խորհրդարանը քննարկելու հարցեր չունի, մանավանդ այս հեղափոխական իրավիճակում, երբ կարծես ամենը խնդիր է: Նա վստահեցրել է, թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանն ունեն օրակարգեր. «Պարզապես դրանք դեռ ճանապարհին են եւ ժամանակի ընթացքում օրակարգը կլրացնի մեր կյանքն ամբողջությամբ»: Անդրանիկ Քոչարյանը համամիտ չէ, որ դանդաղում են: Ասել է`աշխատանքային գործընթացներ են, շատ բան դեռ ձեւավորման փուլում է. «Դուք կասկածո՞ւմ եք, որ կյանքը մեզ ստիպելու է լցնել մեր օրակարգերը»:

«Ryanair» ընկերությունը՝ հայկական շուկայում

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա:

Ըստ թերթի՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի եւ ավիաընկերության ղեկավար կազմերի միջեւ Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում եւ արդեն ավարտական փուլում են:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մոտավոր ժամկետները. այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից: «Ryanair» ընկերության մուտքը հնարավորություն Է ստեղծելու մեծացնելու ուղեւորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան` առաջարկելով նոր ուղղություններ եւ ցածր գներ: Թերթը նշում է, որ «Ryanair» ընկերությունը նախատեսել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ

Ալավերդցիները գուցե փակեն Մ6-ը

«Փաստ» թերթի տեղեկություններով, Ալավերդիում բավականին շիկացած մթնոլորտ է, որը պայմանավորված է Մ6 միջպետական մայրուղում ընթացող աշխատանքների ձգձգման ու շինաշխատանքներով զբաղվող պատասխանատուների անգործությամբ:

«Բանն այն է, որ դեռևս նոյեմբերից հիմնովին վերանորոգելու նպատակով քանդվել է «Սանահին կայարան» թաղամասից Ալավերդի տանող հատվածը, որը ներկայումս ուղղակի անանցանելի է, և բնակչության համար քաղաք հասնելը դարձել է պատուհաս: Շինաշխատանքների պատասխանատուներին քանիցս հրավիրել են քաղաքապետարան և պարզաբանումներ պահանջել, ինչի արդյունքում տրվել են ստանդարտ պատասխաններ, իսկ բնակչության համբերության բաժակն արդեն գագաթնակետին է:

Տեղեկությունների համաձայն, քաղաքում արդեն տարբեր ձևաչափով իրենց խնդրի վրա ուշադրություն դարձնելու քայլեր են մշակվում, չի բացառվում, որ անգամ փակեն միջպետական ճանապարհը: Այս բարձիթողի վիճակին տրանսպորտի նախարարությունից դեռևս ոչ մի լուրջ արձագանք չկա: Անգամ մարզպետարանից համապատասխան մասնագետներին չեն գործուղել՝ խնդրին տեղում ծանոթանալու համար»,-գրում է թերթը: