ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վերադարձ՝ 20 տարվա դեգերումներից հետո
2019-03-07 12:28:04

Աննա Մարտիկյան

«Ռադիոլուր»

Երկար տարիներ Կարիբյան ջրերում իր նավով բնակվող Արվին Հաղնազարյանն արդեն Հայաստանում է, ավստրալացի ընկերուհու հետ իր պապերի հայրենիքում տուն ու այգի գնելու հեռանկարով և արդեն հայկական անձնագրով։

Իրանից մինչև Կարիբյան ջրեր շուրջ 20 տարի դեգերումներով լի ճանապարհ է անցել, հիշում է երբ 18 տարեկանում անձնագիր ստացավ և մեկընդմիշտ հեռացավ` երազանքի հետևից: Առաջին կանգառը Բրազիլիան էր, առանց օգնության, լեզվի իմացության և անորոշության մեջ։ Սան Պաուլոյի մետրոյի կայարանում փորձում է գտնել կայարանի հետաքրքիր անուն ու գնալ այդ ուղղությամբ:

«Նայեմ անունները, որն ավելի սիրուն է էդ կողմ երթամ և մետրո ստատիօն Արմենիա, որ Սան Պաուլոյում կա, մտքիս կա որ օկ, մետրո սթեյշն Արմենիա, մեկը կա որ հայերեն կխոսե», - պատմում է նա։

Այնուհետև, 16 տարի շարունակ շրջել է հարավային ամերիկայով, ինչպես և երազել էր՝ անցել մայաների քաղաքակրթության օրրանով, հասել՝ Պանամա։

«Պարսկաստանից 1000 դոլլարով եմ դուրս եկել, հետո տարբեր բաներ է պատահել գործել եմ, չեմ ունեցել» ։

Իր գործած թևնոցների ու ականջողերի վաճառքը սնունդն է ապահովել, տևական ժամանակ բաց երկնքի տակ է քնել։ Կարիբյան կղզիներում Արվինն առագաստանավ է տեսնում ու նոր պլաններ կազմում.

«Առաջին անգամ էր, որ տեսա առագաստանավ ինձ ասացին որ քամիով է առաջ էրթում, կարող ես մեջը քնել ու ապրել և էդ իմ համար շատ հիանալի մի բան էր»։

Առագաստանավի գումար աշխատելու համար մի էկզոտիկ տուրիստական ընկերությունում կոկորդիլոսներ ցուցադրող է աշխատում. «Բայց շատ հետաքրքիր ու լավ գործ էր»

Վերջապես էժան գնով ջարդված առաջաստանավ է ձեռք բերում, նորոգում և դուրս գալիս բաց ծով. «Բրազիլի հյուսիսային մասում եմ առել եդ նավը, ու էդ իմ առաջին 14 օրը ծովի մեջ եմ եղել, շատ հետաքրքիր էր, որովհետև չգիտեի ինչ պետք է անեի, մենակ գիտեի որ քամի եղավ, առագաստը բացես՝ կտանի, դրանից ավել ոչինչ չգիտեի»։

Հետո՝ կարիբյան ջրերում ճոճվող և համընթաց քամիներ որսացող առագաստանավը տարիներ շարունակ դառնում է Արվինի տունը՝ հայկական դրոշով։

Նավի իր առաջին ընկերը սև կատուն էր տխրությամբ է հիշում, գիշեր էր և ալիքները տարան։ Հետո նորն է գալիս ու Արվինն իր երկրորդ կատվին պրոֆեսիոնալ լողորդ է դարձնում. «4-5 մետր ալիքի մեջ կարող էր լողանալ»։

2017-ին տունը կարճ ժամանակով խարսխում ու Հայաստան է գալիս, Հայկական անձնագիր ունենալու երազանքով։ 2019-ին անդեն եկել է տուն ու հողամաս գնելու ու ավստրիալացի ընկերուհու՝ Էրվինի հետ Հայաստանում հաստատվելու. «Կարող ա Ղարաբաղում էղնի, առայժմ չենք որոշել»:

Մինչև կորոշեն որտեղ տուն գնեն, Արվինն Էրվինին կսովորեցնի հայկական տոլմա ու ավանդական ուտեստներ պատրաստել։ Ամենն ինչ բերել է իր հետ՝ 20 տարի դեգերած ուսապարկն է, Պանամայի ռոմն ու փոքրիկ կիթառը, մնացածը որոշել են, հայկական հողում կստեղծեն։

0:00
0:00