Անի Մինասյան
«Ռադիոլուր»
Մնջախաղի պետական թատրոնի շենքային խնդիրը կարծես թե վերջնական լուծում էր ստացել, երբ պարզ դարձավ, որ Գրապալատի նախկին շենքը տրվում է թատրոնին։
Սակայն փեփականության իրավունքը ձեռքին, Մնջախաղի արտիստները Գրապալատի շենք տեղափոխվել չեն կարողանում:
Մնջախաղի պետական թատրոնի ու մշակույթի նախարարության միջև այս հարցով դեռ տարաձայնություններ կան:
2017 թվականի փետրվար ամիսն էր, երբ ՀՀ մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանը խորհրդանշական բանալի հանձնեց Երեւանի մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանին՝ Գրապալատի նախկին շենքն անհատույց տրամադրելով թատրոնին:
Խորհրդանշական բանալին հանձնելուց հետո լուծվեցին թղթաբանական բոլոր հարցերը, շենքը դարձավ Մնջախաղի պետական թատրոնի սեփականությունը:
Նախատեսված էր, որ 2018 թվականի մայիս ամսից պետք է Գրապալատիշենքում սկսվեին շինարարական աշխատանքներ, իսկ մեկ տարուց այն պետք է տեղափոխվեր սեփական տարածք։ Բայց թավշյա հեղափոխությունն ու փոխեց ամեն ինչ՝ ասում է Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանը:
«Թող ուրիշ լուծում առաջարկի, մենք ունենանք մեր աշխատելու տեղը, ոնց որ բոլոր մյուս թատրոնները: Խնդիրը հասկանալ չենք կարողանում, մեզ ասում են՝ ձեզ համար ուրիշ տարածքներ կփնտրենք, բայց չգիտես ինչու՝ առաջարկում են տարածքներ, որտեղ պետք է համատեղությամբ աշխատենք»:
Խնդրին լուծում տալու համար դեռ ամռանը Ժիրայր Դադասյանը հանդիպել է մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հետ, հանդիպմանը ներկա է եղել նաև փոխնախարար Տիգրան Գալստյանը:
Դադասյանն ասում է՝ հիմա չի ուզում նորից անդրադառնալ ու հիշել եղածը, տհաճ պատմություն է տեղի ունեցել: Չի մանրամասնում, բայց ներկայացնում է խոսակցությունը:
«Շատ տգեղ պահվածքներ եղան էնտեղ։ Ես չեմ ուզում նորից անդրադառնալ էդ թեմային: Ասվեց, որ 20 հոգանոց թատրոնին պետք չի ընդհանրապես նոր շենք տրամադրել: Ինձ մոտ տպավորություն է, որ նոր իշխանություններն ամեն ինչ ուզում են անեն, որ մենք չունենաք էն, ինչը վերջապես ձեռք էինք բերել»:
«Ռադիոլուրի» հետ զրույցում փոխնախարար Տիգրան Գալստյանն ինքն էլ փորձեց հիշել այդ օրը: Ասում է՝ Դադասյանին առաջին հերթին ասել է, թե ինքն անձամբ ինչքան է սիրում Մնջախաղի թատրոնը և ի՞նչ նշանակություն այն ունի:
Խոսակցության մնացած հատվածը՝ մանրամասնում է:
«Ես իրեն (Ժիրայր Դադասյանին) ուղղակի հարցրի՝ շաբաթական քանի՞ ներկայացում են ունենում, պատասխանեց, որ մեկ՝ (ես էլ ժամանակին այցելում էի, հիշում եմ ինքս, որ մեծաքանակ չէին լինում ներկայացումները) մոտավորապես 20-30 հոգի հանդիսատեսով։ Ես էլ պատասխանեցի, որ եթե շաբաթական 20-30 հոգի հանդիսատես է ունենում թատրոնը, նոր շենք ունենալն ինքանո՞վ է նպատակահարմար: Այդ հարցից բորբոքվեց պարոն Դադասյանը»:
Ի՞նչ ճակատագիր կունենա Մնջախաղի թատրոնը և ինչպե՞ս կլուծվի թատրոնի շենքային խնդիրը նախարարությունից կպատասխանեն առաջիկայում: