Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողները կկրճատվեն
2019-03-07 17:20:00

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Մի քանի օր է ուշադրության կենտրոնում են պետական համակարգի շուրջ 10 հազար աշխատողների կրճատելու մասին լուրերը: Պաշտոնական մակարդակով հստակ մեկնաբանություններ արդեն տրվել են:  Ի վերջո ինչ օպտիմալացման եւ ինչ կրճատումների մասին իրականում կարող ենք խոսել:

Այստեղ, ի դեպ, հարցը շաղկապված է կառավարության կառուցվածքի մասին նախագիծի հետ: Հարց, որը առկախված է մնացել արդեն մի քանի շաբաթ՝ ԱԺ-ի 7-րդ գումարման Աժ-ի առաջին իսկ նստաշրջանից՝ օրակարգում ներառված էր, բայց այդպես էլ դեռ չի քննարկվել:  

Փաստաթղթի «գաղտնազերծում», մեծ աղմուկ եւ արդեն կայացված որոշում: Պետական համակարգի օպտիմալացման մասին նախագիծն այսօր ընդունվեց կառավարության նիստում:

Կրճատվող 10 հազար պետական ծառայողների մասին թիվը շրջանառության մեջ դրվեց ֆեյսբուքում գրառումների միջոցով, պաշտոնական փաստաթղթում որեւէ հստակ թիվ նշված չէ: Կառավարությունն այսպիսով գնում է ոչ թե կրճատվող աշխատողների աշխատավարձերը պարզապես խնայելու, ինչպես դա փորձ է արվում ներկայացնել, այլ՝  ընտրում է արդյունավետ կառավարման ճանապարհը՝ բացատրեց վարչապետը:
Փոխվարչապետերի թիվը 3-ից դառնում է 2, իսկ նախարարությունների թիվը 17-ից կրճատվում է 12-ի: Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը գործադիր մարմինը հաստատեց, առաջիկայում այն կուղարկվի օրենսդիր մարմին՝ վերջնական հաստատման: Խորհրդարանում տիրող տրամադրություններից, սակայն, արդեն կանխատեսելի է՝ ծավալուն քննարկում է սպասվում, քանի որ «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը» անհանգիստ են ապագա կրճատումներից:

Անհանգստությունների սկիզբը դրվեց մի քանի օր առաջ ԱԺ նախկին փոխնախագահ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքում արած գրառումից: Նա «գաղտնազերծեց» կառավարության նպատակները՝ որպես ապացույց ներկայացնելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի եւ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ վարչապետին ուղղված գրությունը, որով պաշտոնյաները ներկայացնում էին պետական ծառայողների օպիտիմալացման ընթացիկ վիճակը։

Հենց այս գրառումից շրջանառության մեջ դրվեց կրճատվողների 10 հազար թիվը: Իրականում խնդիրը մի քիչ այդպես չէ՝ պարզաբանում է ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

«Մենք որեւէ բան չենք պատրաստվել երբեք թաքցնել, հետեւաբար այստեղ որեւէ գաղտնիքի կամ ինչ որ բացահայտման մասին խոսելը եր կարծիքով ամենեւին տեղին չէ: Միանգամի չի տեղեի ունեցել կառավարման ապարատի աճը՝ տարբեր տարիներին տարբեր գործոններով պայմանավորված, այսօր ունենք այն, ինչ ունենք: Մշտապես բոլորը դժգհում են չէ՞ եւ չափից, եւ արագագործության աստիճանից կառավարման ապարատի, եւ հանրային ծառայությունների որակից: Բայց հենց հերթը հասնում է, որ պետք է գործողություն անել սկսում ենք դժգոհել այդ դժգոհությունից: Մենք հավանաբար պետք է ընտրություն կատարենք եւ մեր կարծիքով մենք այդ ընտրությունը կատարել ենք»,- ասաց Ատոմ Ջանջուղազյանը:

Վարչապետը երեկ երեկոյան Աժ-ում փորձեց փարատել մտահոգությունները եւ պատկերավոր նկարագրեց «գերանդիով չեն հնձի պետական համակարգը»: Այսօր վերահաստատեց՝ կադրային ջարդ չի լինի, կրճատումները կլինեն նվազագույն: Կրկնվող նախարարությունների կրկնվող օղակների աշխատողների շրջանից են լինելու կրճատվողները:

Օրինակ՝ միավորված նախարարությունների դեպքում չեն կարող լինել մի քանի իրավաբանական վարչության պետեր կամ գլխավոր հաշվապահներ: Այս մասնագիտությունները աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեն, այնպես որ լավ մասնագետն առանց աշխատանքի չի մնա՝ կարծում է վարչապետը:

Կառավարության օպտիմալացումը արդյունավետ կառավարման հասնելու ընդամենը միջանկյալ լուծում է: Դրանից հետո սկսելու է յուրաքանչյուր աշխատողին տրված հնարավորության ժամկետը՝ աշխատանքային ունակությունները ցուցադրելու համար: Մարտի 13-ին հրավիրվել է ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում, սակայն, այս հարցը ներառված չէ: Կառավարության կառուցվածքի մասին նախագիծը խորհրդարանին կներկայացվի հերթական՝ մարտի 26-29 հրավիրվելիք նստաշրջանի ընթացքում: 

0:00
0:00