ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Վարորդների գործադուլ՝ տեսախցիկների տեղադրման դեմ
2019-03-07 19:07:32

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանը սպասարկող 20-ից ավելի երթուղու վարորդներ դժգոհում էին տրանսպորտային ոլորտում քաղաքապետարանի նախաձեռնած  փոփոխություններից: Մինչ հասանք գործադուլի վայր, նրանք արդեն հրաժարվում էին  պատասխանել հարցերին՝ պատճառաբանելով, որ տնօրենը կլուծի իրենց խնդիրները:

Փորձեցինք իրավիճակի վերաբերյալ պարզաբանում ստանալ «Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանից: Վերջինս տեղում չէր, իսկ կառույցի մյուս աշխատակիցները  նույնպես շարունակում էին կոպիտ պատասխաններ տալ:  

«Ես տենց քարտուղարուհու տեսք ունեմ, որ ինձնից  տնօրեն ես հարցնում»:  

Վերջում արդեն սկսեցին դռները բանալիով կողպել: Վերջիվերջո վարորդներից մեկը կարճ ներկայացրեց բողոքը՝ տեսանկարահանող սարքեր չպետք է  լինեն ավտոբուսներում: Դրանք տեղադրվում են  գումարները վերահսկելու համար՝ ասում են: Իսկ եթե ստվերային շրջանառությո՞ւն կա. հարցին վարորդը պատասխանում է:  

«Ստվեր էլիա լինելու»:

«Ավտոբուս» ՓԲԸ  տնօրենի հետ հանդիպեցինք արդեն քաղաքապետարանում: Վերջինս վստահեցրեց, որ քաղաքացիներն այսուհետ փոխադրումների հետ կապված անհարմարություններ չեն կրի: 


«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ առաջիկայում նման խնդիր չենք ունենա: Թյուրըմբռնման տեղիք է տվել, բայց խնդիրը հարթվել  է: Իսկ երթուղիները հաջորդիվ կաշխատեն, ես ձեզ վստահեցնում եմ»:

Առաջին փոխքաղաքապետը Հրաչյա Սարգսյանը նշեց, որ տրանսպորտային ոլորտում նախատեսում են փոփոխություններ և դրանք սկսել են իրենց ենթակայության տակ գտնվող ընկերությունից: Պիլոտային ծրագրով երկու ավտոբուսներում տեղադրել են տեսախցիկներ։

Դրանք հնարավորություն կտան հետևել վարորդի վարքագծին և ապահովել ուղևորների անվտանգությունը: Այնուհետև կտեղադրեն մյուսներում:

«Մենք պետք է փոփոխություններ անենք, որպեսզի մեր «Երևան» ՓԲԸ աշխատի շահույթով: Եվ պետք է ունենանք ու ունենք այդ տեսլականը, թե ինչպես ենք զարգացնելու ընկերությունը, որպեսզի աշխատի շահույթով։ Եթե ինչ որ մարդկանց դուր չի գալիս  կարգ ու կանոնով աշխատելը, կարող են դիմում գրել և ազատվել աշխատանքից»:

Սկսել են փոփոխությունները, որ մինչև նոր երթուղային ցանցի ներդրումը կարողանան պատշաճ սպասարկում ապահովել։

«Լինելու է այնպես, որ նրանց ստացված ֆինանսական միջոցները չեն նվազելու»:

Վարորդները, սակայն, պնդում են, իրենց պահանջները չբավարարելու դեպքում նորից են գործադուլ անելու:

0:00
0:00