ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես պայքարել ցելոֆանե չարիքի դեմ
2019-03-08 13:36:20

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Կառավարությունը մտադիր է հարկային գործիքների միջոցով նվազեցնել պոլիէթիլենային տոպրակների կիրառումը՝ այդպես նվազեցնելով նաեւ բնության վրա դրանց բացասական ազդեցությունը։ Համապատասխան օրինագիծը տեղադրված է e-draft.am հարթակում։ Ըստ բնապահպանության նախարարության առաջարկության՝ 2019 թվականի հուլիսի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների անվճար տրամադրումը, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների իրացման դեպքում կսահմանվի հատուկ հարկ:

Այս միջոցառումները կհանգեցնեն տոպրակների օգտագործման նվազեցմանը, և 2023 թվականին նախատեսվում է արգելել Հայաստանում նրանց վաճառքը։


Գործադիրի  մշակած  ու շրջանառության մեջ  դրած օրենքի  նախագծով, ըստ էության,  առաջարկվում է քայլ առ քայլ հրաժարվել պոլիէթիլենային տոպրակներից: Նախագծի փաթեթն  առաջին հերթին ոգևորել է բնապահապաններին, որոնք օր ու գիշեր ահազանգում են՝ Հայաստանում հսկայական տարածքներ ծածկված են ցելոֆանե թաղանթներով, որոնց դեմ բնությունն անզոր է:

«Թույլ քամին անգամ բավական է, որպեսզի հասկանանք, թե ինչպիսի  չարիքի  հետ գործ ունենք»,-ասում է «Տոպրակ պետք չէ»,  ժամանակին այս անվամբ ցելոֆանե տոպրակների դեմ պայքարող նախաձեռնության անդամ, բնապահպան Սոֆյա Մանուկյանը։

Հայաստանում  բազմաթիվ սուպերմարկետներ արդեն մի քանի տարի ոչ թե անվճար տրամադրում, այլ տասը  դրամով վաճառում են պոլիէթիլենային տոպրակները: Ըստ բնապահպանի, նախանշված խնդիրը սրանով չի լուծվել, ընդամենը ոմանց բիզնեսն է շահել։

Ի տարբերություն բնապահպանի, նախագծի հեղինակները կարծում են, որ թանկացումը կսահմանափակի ցելոֆանե տոպրակների կիրառումը: Օրենքն ընդունվելուց հետո հնարավոր է, որ  1 տոպրակի գինը դառնա 50- 100 դրամ:  Սպառողի տեսանկյունից, կարծեք, խնդիր կա։ «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանն արդեն բազմաթիվ դժգոհություններ է լսել, բայց սպառողների իրավունքների պաշտպանն այս հարցում դրանք չի կիսում: Ավելին, դրանց վերաբերյալ նրա գնահատականը չափազանց խիստ է։


«Ոչ պոլիէթիլենային տոպրակների թանկացումը, ոչ էլ հատուկ հարկ սահմանելը խնդիրը չեն լուծի, քանի դեռ Հայաստանում չեն լուծել աղբի վերամշակման հարցը»,-ավելի քան համոզված է «Էկոմեդիա» լրագրողական ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը։

«Պոլիէթիլենային աղբն ու թափոնը չեզոքացնելու և վերամշակելու բազմաթիվ  միջոցներ է հայտնաբերել մարդկությունը և դրանցից պետք է օգտվել»,-ասում է Կիրակոսյանը: Նրա համոզմամբ, օրենքում  պետք է սահմանվեն աղբի տեսակավորման, վերամշակման ու  չեզոքացման խնդիրները: Մեկ անգամ ևս կրկնում է՝ թանկացումներով ու հարկերով պոլիէթիլենային աղբից ազատվելու խնդիրը չի լուծվելու, միակ ճանապարհը աղբի վերամշակման գործարանն է, կամ՝ տեղական փոքրիկ արտադրամասերը:

0:00
0:00