ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Գույները չտեսնելով, բայց ոչ անգույն աշխարհում.
2018-11-13 18:28:39

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Ինչպես է հաջողվում ապրել աշխարհում, որտեղ բացակայում են լույսն ու գույները: Կույր մարդկանց համար պետության հոգածությունը բավարար չէ, աշխատելու ու ինքնաիրացվելու պայմանները խիստ սուղ են: Բայց պակաս մտահգիչ չէ նաեւ հասարակության մոտեցումը հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբՆոյեմբերի 13-ը կույրերի միջազգային օրն է:

Վերելակ ենք մտնում՝ տեղեկացնում եմ կողքովս քայլող տղամարդուն: Հանգամանքի բերումով ես եմ ուղեկցում նրան, ոչ թե նա՝ ինձ: Արիստակես Մարգարյանը 11 տարեկանից դադարել է տեսնել աշխարհը: Պայթյունից կորցրել է տեսողությունը: Նոյեմբերի 13-ը Կույրերի միջազգային օրն է, ու այս առիթով խնդրում եմ զրուցակցիս՝ միասին քայլել, զրուցել, պատմել՝ ինչպես է առհասարակ տրվում ապրել աշխարհում, որտեղ լույսն ու գույները բացակայում են:

«Ծանոթ վայրերում ազատ կողմնորոշվում ենք՝ տանը, դպրոցում: Դե գիտեմ՝ որտեղ ինչ կա: Անծանոթ վայրերում՝ չէ: Հիմա փորձում ենք փայտիկների միջոցով մի քիչ ավելի լավ կողմնորոշվել: Կենցաղային տարբեր հարցերում, օրինակ՝ սնվելու առումով ոչ մի խնդիր չկա: Խանութ կարող ենք գնալ, բայց ոչ բոլոր, միայն այն խանութներ, որոնք ծանոթ վայրերում են»:

Այդուհանդերձ, Արիստակես Մարգարյանը պատմում է, աշխարհն իր համար գրեթե ամբողջությամբ ճանաչելի է մյուս զգայարանների միջոցով:

«Գույներից բացի՝ գրեթե ամեն ինչ եւ շոշափելով, եւ հոտով զգում ենք: Նույնիսկ շատ դեպքերում առողջներից ավելի լավ ենք կողմնորոշվում այդ հարցերում: Մեկ-մեկ լինում է՝ կատակում են, թե խաբում ես, դու լավ էլ տեսնում ես»:


Հայաստանը վերջերս շատ է խոսում ներառականության մասին, բայց մարդկանց թերի պատկերացումներն ու քարացած կարծրատիպերը թույլ չեն տալիս հաշմանդամ մարդուն դիտարկել որպես լիարժեք, ու դրանից զրուցակիցս վրդովվում է:

« Մտնում ենք որեւէ տեղ, անգամ մեզ չեն էլ դիտում, մեզ ուղեկցողին են հարցնում՝ իսկ ի՞նքն ինչու է եկել, ու դա մեզ համար վիրավորական է: Բայց դա մեր հասարակության զարգացման խնդիրն է, երեւի պետք է դրա ուղղությամբ շատ աշխատենք»:

Հակառակ շրջապատող աշխարհի ամենատարբեր խնդիրներին՝ Արիստակես Մարգարյանը չի դժգոհում՝ ունի 3 որդի, արդեն մեկ թոռնիկ. կարճ ասած՝ առողջ աչքերով ընտանիք, նաեւ՝ աշխատանք, ինչը լիարժեք մարդ զգալու հնարավորություն է տալիս:

Վերելակից դուրս ենք գալիս: Շենքից էլ: Իջնում ենք աստիճաններով, քայլում բակով: Հասարակ այս ճանապարհը թերեւս երբեք ավելի պատասխանատվորեն չես անցնում, որքան այն ժամանակ, երբ քեզ է վստահված ուղեկցել կույր մարդուն: Իսկ այս ընթացքում զրուցակիցս օդից անմիջապես գուշակում է մոտալուտ անձրեւը ու շարունակում պատմել:

Կուրությունը պարտադրում է երբեք միայնակ չլինել, առնվազն՝ ձեռնափայտի հետ: Արիստակես Մարգարյանն ազատ ժամանակը տրամադրում է կարդալուն, դասապրոցեսին է պատրաստվում. դասավանդում է տեսողության խնդիրներ ունեցողներին ու վստահ է՝ տեսողության խնդիր ունեցողի փոխանցածն առնվազն ամենապիտանիներից է լինելու: Զրուցակիցս այլ ասելիք էլ ունի՝ ուղղված մեր հասարակությանը՝ ամեն անդամի առանձին ու բոլորին մեկտեղ:

«Երբեք հաշմանդամին չընկալել որպես թերի մարդու»:

Հայաստանի կույրերի միավորման անդամ Սիփան Ասատրյանին եւս տարօրինակ է թվում, որ Հայաստանում կույր մարդկանց դեռ ընկալում են պիտանի միայն վարդակների որոշ մասերի արտադրության համար: 

Սիփանն անձամբ թարգմանիչ է, զբաղված՝ սեփական աշխատանքով, քաջատեղյակ իրադարձություններին, հաջողում է ինքնուրույն տեղաշարժվել տրանսպորտով ու շարունակում է զարմանալ՝ ինչու մտածողության փոփոխությունը Հայաստան չի հասնում, քանի դեռ հապաղում են համակարգային փոփոխությունները: