ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայկական ջազում վաղուց արդեն աղջիկներ են
2019-03-08 14:35:49

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Տարիներ առաջ Կապանում ծնվեց ու երեք տարի՝ 1959-1961 թվականներին ապրեց քաղաքի էստրադային կանանց նվագախումբը: Նվագախմբի 7 աղջիկները գրավեցին Երևանի բեմերը, երեք տարի ապրեցին բուռն երաժշտական կյանքով: «Ռադիոլուր»-ը գտավ նվագախմբի կլարնետիստ-սաքսոֆոնիստին` Բելլա Գևորգյանին ու այս պատմությունը պատմեց երիտասարդ սաքսոֆոնիստ Իրինա Գասպարյանին։

0:00
0:00

«Ջազում միայն աղջիկներ են». ամերիկյան կինոկատակերգությունից հայտնի հատվածն էր՝ շիկահեր Մերլին Մոնրոյի կատարմամբ:

1959-ին հենց այս մյուզիքլը բարձրացավ համաշխարհային կինոյի էկրան ու գրավեց խստապահանջ հանդիսատեսին: Պահանջվեց 7 տարի, մինչև «ջազի հայտնի աղջիկները» մուտք գործեն Սովետական Միության սահմաններից ներս:

Բայց, վերադառնալով 1959-ին. երբ Հոլիվուդը ստեղծում էր իր «ջազային աղջիկներին», Հայաստանի հարավում գտնվող Կապանում արդեն ստեղծվել էր ջազային նվագախումբ՝ միայն կանանցով:

Նվագախմբի 7 աղջիկները գրավեցին Երևանի բեմերը, երեք տարի՝ 1959-ից մինչև 61 թվականն ապրեցին բուռն երաժշտական կյանքով:

Նոտաներ չիմացող, երաժշտական կրթություն չունեցող Բելլա Գևորգյանը երեք տարի պիտի փայլեր ու լիներ Կապանի կանանց առաջին էստրադային նվագախմբի մի մասը: Ի ծնե կարող էր սաքսոֆոն նվագել, բայց միայն հիմա է դա հասկանում։ Տիկին Բելլան անկեղծանում է՝ իրեն ընտրեցին սաքսոֆոն նվագող, որովհետև.

«Ձեռքերս մեծ էին: Եկա տուն ասեցի՝ պապաս ասաց՝ դա աղջկա գործիք չէ»:

Բոլոր արգելքներին ի պատասխան տիկին Բելլան բոլորից թաքուն սկսեց նվագել ու տարվել ոչ կանացի այդ գործիքով:

Կապանի կանանց էստրադային նվագախմբի մասին պատմում եմ այս գործիքին սիրահարված Իրինա Գասպարյանին: Սաքսոֆոնը արգելված պտուղ է եղել նաև Իրինայի համար:

Բայց Իրինայի պարագայում արգելողը ոչ թե հայրն էր, այլ մայրը:

«Ու ես սկսեցի հացադուլի նման մի բան անել. Հրաժարվում էի հաց ուտել, առաջադիմությունս ընկավ ու վերջապես մամաս համակերպվեց սաքսոֆոն նվագելու մտքիս հետ»:

Իրինային շարունակում եմ պատմել, թե 1959-ին Երևանից Կապան գնացած Սպարտակ Ավոյանը ճակատագրական ինչ դեր խաղաց 7 երիտասարդ աղջիկների կյանքում:

Սկզբում նվագախմբի համերգները միայն Կապանում էին, հետո Կապան-Երևան ու արդեն նաև Մոսկվա ճանապարհին:

Երևան գալիս էին փառատոների, համերգների մասնակցելու, բայց մեկ անգամ նվագախումբը եկավ մայրաքաղաք՝ հատուկ հրավերով. պիտի ֆիլմ նկարահանվեր Կապանի էստրադային նվագախմբի մասին:

Ֆիլմում նկարահանվեց նաև տիկին Բելլան, նորից թաքուն ու առանց հոր իմացության: 25 րոպեանոց ֆիլմի՝ «Ռոդնայա պեսնյա»-ի, առաջին դիտմանը հայրը նույնպես եղել է, ֆիլմում աղջկան չի ճանաչել.

«Օթյակում նստեցինք, ֆիլմը սկսվեց, խոշոր պլանով ինձ ցույց տվեցին: Պապաս մամայիս ասաց՝ տես է, մեր Բելլային ինչքան է նման: Չպատկերացրեց, որ ես կարող եմ լինել: Մինչև կյանքի վերջ էլ չասեցինք»:

Ակորդեոնահար, դաշնակահար, երեք փողահար, ֆլեյտահար, կլառնետահար, ինքը՝ սաքսոֆոնահար, Նեկտարը՝ հարվածային գործիքներով՝ յոթերերորդը. տիկին Բելլան ինքն իրեն հաշվում ու փորձում է վերհիշել բոլորին, նրանց, ում հետ կիսել է իր կյանքի երաժշտական երեք տարիները: Հիմա ոչ ոքից լուր չունի, բոլորն ամուսնացան, կապը կտրվեց:

Ֆիզիկապես հեռացավ գործիքից, բայց հոգոպես ամբողջ կյանքում կապված մնաց:

Նույն ամուր կապով Իրինան էլ է իր գործիքին կապված՝ լավագույն ընկերոջ մասին է խոսում:

«Կյանքիս մեծ մասը միասին ենք անցկացրել: Եղել են պահել՝ հոգուս եղածը միայն ինքն է զգացել»:

Բելլան սաքսոֆոն ձեռքը վաղուց չի վերցրել, շունչը հազիվ թե հերիքի: Իսկ Իրինան շարունակում է նվագել, դասավանդում է:

«Կարծրատիպը կոտրվել է, աղջիկները վաղուց են սաքսոֆոն նվագում, եզակի բան չէ»:

Տիկին Բելլայի ու Կապանի ջազային նվագախմբի պատմությունից հուզված ու զարմացած ձեռքը վերցնումէ սաքսոֆոնն ու նվագում նաև տիկին Բելլայի փոխարեն: