ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կանայք եւ քաղաքականությունը
2019-03-08 16:40:50

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Հայ հասարակությունը երկու մասի է բաժանվել մարտի 8-ի տոնը նշելու հարցում: Ոմանց համար սա պարզապես հաճելի նվերների եւ նյութական անակնկալների օր է, մյուս մասի համար՝ դեռեւս իրավունքների պայքարի: Մեզանում առկա այս օրինաչափությունը՝ աշխարհում նշվող մարտի 8-ի զուգահեռի միջոցով է առանձնացնում քաղաքական մեկնաբան Անուշ Սեդրակյանը:

« Բոլորը նշում են գործողությունների ձեւով՝ խոսում են կանանց թրաֆիքինգի մասին, խոսում են ակտիվիստներ, որոնք միջոցառումներ էին ձեռնարկել, որոնք երեխաներ էին փրկել, այդ երեխաներին ցույց տվեցին: Դա ակտիվ իրավունքների պայքար է: մեզ մոտ ինչ որ մտավ ծաղիկ-օծանելիք-նվեր մակարդակի վրա եւ իրավունքը մնում է օծանելիքի տուփի տակ»: Հայաստանում որ խումբն է ավելի մեծ՝ նյութապաշտների՞, թե՞ իրավունքների համար պայքարողների՝ հստակ հաշվարկ չկա: Փոխարենը՝ կանանց իրավունքների մասին կարող ենք խոսել երկրի կառավարման տեսանկյունից: Հայաստանի 500 համայնքից միայն 8 ում է կին ղեկավար, կառավարությունում՝ 12-ից միայն 1 կին նախարար:

3.5 տոկոսից մինչեւ 25 տոկոս. Վերջին թվերն արդեն արտացոլում են կանանց ներկայությունը Աժ-ում: Անկախացման նախաշեմին՝ 1990 թվականին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհրդում 260 պատգամավորից ընդամենը 9 էր կին: Վերջին խորհրդարանական ընտրություններով ԱԺ մուտք գործեց 32 կին: 7-րդ գումարման ԱԺ-ի 132 պատգամավորների մոտ 25 տոկոսն է: Թեեւ այս խորհրդարանում նախորդի համեմատ 14-ով ավելի կին պատգամավոր է աշխատում, բայց ցուցանիշը դեռ չի գոհացնում նույն կանանց: Իվետա Տոնոյանը աշխատել է նախորդ խորհրդարանում, մանդատ է ստացել նաեւ այժմ.

«Խնդիրներ կան, բայց որ դեպի լավը գնացող տենդենց կա, դա միանշանակ է: Ինչպես մի առիթով ասել է ԵԽԽՎ նախագահը՝ կանայք թթվածնի նման են, որքան վերեւ ես բարձրանում, այնքան նրանց քանակը քչանում է: Բայց եթե ֆիքսում ենք, որ եթե կանայք իրոք թթվածնի նման են եւ կենսական անհրաժեշտություն ունեն, ապա նրանց ներկայությունը ամենատարբեր ոլորտներում եւ հարթակներում շատ-շատ կարեւոր է»,- ասում է Տոնոյանը:

Ոչ թե ԱԺ-ի, այլ ընդհանրապես քաղաքական դաշտի նոր գործիչներից է Լիլիթ Մակունցը: Նախկին մշակույթի նախարարը առաջին կինն է, որ հայտնվելով խորհրդարանում միանգամից ստանձնեց խորհրդարանական ամենամեծ խմբակցության ղեկավարի պաշտոնը:


«Երբ նոր էի նշանակվել ինձ համար շատ բարդ էր: Կարծում եմ, որովհետեւ ես կին եմ եւ երիտասարդ կին եմ՝ հարվածները էլ ավելի շատ են եղել եւ հենց այդ ժամանակ է, որ մտածել եմ հանձնվելու իրավունք չունեմ, որովհետեւ դա շատ վատ ուղերձ կլինի հասարակության եւ կանանց համար»,- նշում է Մակունցը:  

Առաջին քայլերը քաղաքական դաշտում Լենա Նազարյանին խորհրդարանական ընտրություններից հետո բերեցին միանգամից ԱԺ փոխնախագահի պաշտոնին: Խորհրդարանի փոխխոսնակը այսօր խոստովանում է՝ առանձին ծրագրեր ունեն կանանց մասնակցությունը հանրային կյանքի տարբեր ոլորտներում խրախուսելու համար:

« Այսօր մեր երկրում կանայք ունեն ակնառու, ինչպես նաեւ չերեւացող խնդիրներ: Թեեւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով կանայք ունեն ամրագրված իրավահավասարություն, սակայն, գործնականում կանանց իրավունքների իրացման հնարավորությունները մնում են սահմանափակ»:

ԱԺ մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի համար մարտի 8-ի օրը այլ նշանակություն ունի:

« Ինձ համար մարտի 8-ը կանանց հանդեպ դիսկրիմինացիայի օր է, որովհետեւ մեր երկրում, մեր որոշակի ավանդույթներ ուղղակիորեն խոչընդոտում են, որ կայանք այդ խնդիրների մասին խոսեն բաց եւ հրապարակային: Նախորդ օրը ինձ մոտ եկել էր մի կին, որի վրա ամուսինը տարիներ շարունակ հանգցնում էր ծխախոտ: Այդ կինը պատրաստ էր հանձնաժողովում բաց քննարկման ժամանակ այդ ամեն ինչի մասին խոսել: Ինձ զանգահարեց այդ կնոջ ոչ թե սկեսուրը, այլ մայրը եւ ասաց՝ չհամարձակվեք այդպիսի բան անել, որովհետեւ դա իրենց ընտանիքն է, դա իրենց ընտանիքի ներքին գործն է»,- ասում է Զոհրաբյանը:

Քաղաքական դաշտի արդեն հնաբնակներից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը որպես ուղեցույց խորհուրդ է տալիս կանանց հաղթահարել 3 «չ»- ի օրենքը՝  չվախենալ, չնախանձել եւ  չափսոսել:

0:00
0:00