ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր Հայաստանի ապագայի տեսլականը. կա՞ արդյոք քաղաքան օրակարգ
2019-03-08 18:49:17

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Կարեւորագույն խնդիրներից մեկն այսօր ժողովրդագրության մարտահրավերն է: Այստեղ պետք է ոչ թե սպասենք մարտի 8-ին, կամ ապրիլի 7-ին, այլ 365 օր մեր կանանց հետ այնպես վերաբերվենք, որ նրանք իսկապես գիտակցեն, որ բնությունից իրենց տրված շնորհի ճիշտ օգտագործումը նպաստելու է հայ ազգի հզորացմանը:

Այս ձեւակերպմամբ այսօր ներքաղաքական օրակարգի վերաբերյալ իր դիտարկումներն է ներկայացրել Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թեւան Պողոսյանը: Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը, սակայն, կարծում է, որ ներքաղաքական օրակարգ Հայաստանում չկա ու դա վատ է:

Ներքաղաքական օրակարգին անդրադառնալով՝ Թեւան Պողոսյանը կարծիք հայտնեց, որ ամենակարեւոր հարցերը վերաբերելու են բարեփոխումներին՝ կառավարության կառուցվածքից սկսած՝ մինչեւ ԵՄ-ի հետ համաձայնագրով նախատեսված քայլերի իրականացում:

«Այդ բոլոր բարեփոխումները պետք է կարողանանք կյանքի կոչել, որովհետեւ դրանք ոչ թե ուրիշների համար ենք անում, այլ հենց մեզ համար ենք պատրաստ անել եւ մեր երկրի հզորացման համար»:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադայլանը, սակայն, կարծում է, որ հեղափոխությունից հետո պետք է վերացվեր քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող իրավական բազան եւ բերվեին նոր հայեցակարգեր, ինչը չի արվել ու հիմա էլ չի արվում:

«Տեսնում ենք, որ դեկտեմբերի 9-ից հետո լուրջ հայեցակարգային որեւիցե հարց չի ներկայացվում հասարակությանը: Ներկայացվող բոլոր հարցերը հիմնականում օպերատիվ ինչ-որ հարցեր են»:

Զարգացման հիմնական օրակարգային հարցերը չկան՝ նկատում է քաղտեխնոլոգը: Ըստ Արմեն Բադալյանի՝ ներքաղաքական օրակարգից Սահմանադրության փոփոխության հարցը դուրս մնաց, բացակայում է ապագայի տեսլականը, թե ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ 5, 10 տարի անց:

«Եթե չկա տեսլական, չի բերվում զարգացման օրակարգ»:

Որքան կշարունակվի օրակարգի վակուումը՝ քաղտեխնոլոգը չի կարող ասել, սակայն, կարծում է, որ դա կբերի առժամանակյա քաղաքական լճացման: Նա նաեւ կարծում է, որ հենց այդ օրակարգի բացակայության պատճառով է, որ լրատվամիջոցներում ավելի շատ տեղ են զբաղեցնում այլ քննարկումները՝ ոչ էական, անլուրջ թեմաները, ՓԻ-ԱՐ ինտրիգները:     

Թեւան Պողոսյանը կոչ է անում կառավարությանը՝ մեծ ուշադրություն դարձնել բարեփոխումների մանրուքներին եւ ապահովել հնարավորինս լայն մասնակցություն քննարկումներին, որպեսզի այդ բարեփոխումները դառնան բոլորինը:

Պետք է հասկանալ, որ բոլորս մի նավում ենք եւ իրար հետ պիտի լինենք: Դրանից էլ կախված է թե ներքին բարեփոխումների, թե Արցախի խնդրի լուծման հաջողությունը: Պառակտումը լավ տեղ չի տանում՝ հավելեց Թեւան Պողոսյանը:

Ներքաղաքական քննարկումներում էլ պետք է բացառել թշնամանքը, քանի որ դա տանում է պառակտման, իսկ մեր հակառակորդը ցանկանում է ջարդել հենց մեր հասարակության միասնականությունը:

Մեր հաղթանակները միշտ կապված են լինում մեր միասնականության հետ՝ եզրափակեց Թեւան Պողոսյանը:              

0:00
0:00