ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Քաղաքին այլընտրանքային աշխատատեղեր են պետք. ալավերդցիներ
2019-03-08 17:48:39

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Ալավերդու պղնձաձուլարանի ճակատագիրը դեռ անորոշ է: Կառավարությունից խոստանում են՝ ներդրողներ կգան ու գործարանը կսկսի աշխատել, ավելին, մինչև ապրիլի 30-ը աշխատողների աշխատանքային պայմանագրերը  երկարաձգվել են:

Աշխատողների մեծ մասը, սակայն, չի կարողանում վարկային պարտավորությունները կատարել: Նրանք հաջորդ շաբաթ պատրաստվում են կառավարությանը դիմել:  

134  վարկատու՝ մոտ 250 մլն դրամ վարկային պարտավորություններ. հավաքագրված տվյալների ոչ ամբողջական պատկերն է:

Վարկատուների թիվն ու գումարն ավելանում են ամեն օր: Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները  հաջորդ շաբաթ պատրաստվում են դիմել կառավարությանը՝ խնդրելով  միջամտել՝ որոշակի ժամանակահատվածով սառեցնել  վարկերը՝ մինչեւ վերջնականապես պարզ կդառնա ՝գործարանը կաշխատի՞, թե՞ ոչ:

«Կարելի է ասել, որ  քաղաքի միակ գործող աշխատատեղն էր, որն այս պահին չի աշխատում, 600 հոգին այս քաղաքի  համար մեծ խնդիր էր լուծում: Ամեն մեկն իր հետ երեք կամ չորս հոգի պահում էր: Այս պահին ինքներդ էլ նկատում եք, թե քաղաքում ինչ իրավիճակ է: Այսօր քաղաքում սոցիալական մեծ աղետ է»,- «Ռադիոլուրին» փոխանցեց գործարանի աշխատակից Արմեն Կիրակոսյանը:

Ալավերդիում սոցիալական վիճակից դժգոհ են գրեթե բոլորը՝ հատկապես խանութպանները:

«Նոր տարուց հետո միշտ վատանում է, բայց գործարանի փակվելուց հետո ավելի է վատացել: Մենակ առևտուրը չի, նաև՝ տրանսպորտ, էլեկտրաէներգիայի սպառում: Վնասով ենք աշխատում մինչ լավ լինելը։ Մենք սովոր ենք, բայց այս տարի ավելի վատ է: Էն եկամուտը, որ ամառը պիտի գա, վնասը չի փակելու»: 

Սոցիալական խնդիրներին նաև չվճարված վարկային պարտավորություններն են ավելացել, դատական գործընթացներ սկսվել, գործարանի աշխատակից Արկադի Մղդսյանը մեկն է գործարանի վարկ ունեցող աշխատակիցներից, նա նաև գործարանի արհմիության անդամ է.

«Մեծ հույսեր ունեինք, որ ամեն ինչ լավ է  լինելու, գիտեինք՝ նոր տեխնոլոգիաներով   աշխատելու, վարկեր վերցրեցինք, որ գործ անեինք: Պարզվեց, որ մեր հույսերը զուր էին, գործարանը փակվեց , այս մասին մենք ընդհանրապես չէին էլ մտածում: Գնալով վիճակը վատացավ, ես մոտ 5 մլն դրամ վարկ ունեմ»:

Մղդսյանի նոր գնած մեքենան փետրվարի 7-ին ուժեղ քամու պատճառով ջարդուխուրդ է  եղել: Զրուցակիցս ասում է, որ դա քաղաքապետարանի մեղքն է, ծառը փտած էր, քաղաքապետարանը պետք է կտրեր, սակայն չի արել:

Վնասի փոխհատուցում են արել, սակայն, համայնքապետարանը հրաժարվում է վճարել: Ալավերդու քաղաքապետ Սասուն Խեչումյանը «Ռադիոլուրին» փոխանցեց, որ այժմ փոխհատուցման հետ կապված  մանրամասներ չի կարող ասել, քանի որ բանակցություններ են ընթանում:

Կյանքի որակը վատացել է, արդեն մեկ տարուց ավելի է՝ ասում է: «Համանքային համախմբման ու աջակցության» ՀԿ ղեկավար  Օլեգ Դուլգարյանն ու հիշեցնում՝ մեկ տարի առաջ էլ Թեղուտը փակվեց:  

«Ռադիոլուրի» զրուցակիցը կարծում է, որ անգամ պղնձաձուլարանի աշխատելը սոցիալական վիճակը չի մեղմացնի: Այս քաղաքին, ինչպես բոլորին, այլընտրանքային աշխատատեղեր են անհրաժեշտ: