ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ռոդնինայի անվան մարզադպրոցը հնարավոր է անվանափոխվի
2019-03-09 14:39:38

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ավագանու «Լույս» խմբակցությունը մշակել է Երևանում Իրինա Ռոդնինայի անունը կրող գեղասահքի մարզադպրոցն անվանափոխելու նախագիծ: Նախագիծը պատրաստ է, քննարկել են գործընկեր խմբակցությունների հետ, սակայն դեռևս շրջանառության մեջ չի դրվել:

Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունը դեմ է, որ Երևանում գործող գեղասահքի միակ դպրոցը կրի ռուս գեղասահորդուհի Իրինա Ռոդնինայի անունը: Պատճառը հայ-ռուսական խորհրդարանական բարեկամական խմբի փոխնախագահ Ռոդնինայի՝ Բաքվում Խոջալուի դեպքերի առթիվ կազմակերպված երթին մասնակցելն է:

Ըստ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ իր մասնակցությամբ նա հակադրության մեջ է մտել հայկական շահերի հետ:

« Երբ նախագիծը դրվի շրջանառության մեջ, սա հնարավորություն կտա լայն համախոհություն ձեռք բերել այս հարցում, որովհետև նպատակը ոչ թե անունը փոխելն է, այլ արձագանքելը այդ դեպքին, որ մենք հետևողական ենք մեր շահերի նկատմամբ։ Իրինա Ռոդնինայի հայտարարությունը դիտարկում ենք որպես հակահայ հայտարարություն՝ Արցախի և Հայաստանի շահերին վնասող»,- ասում է Խաժակյանը:

«Լույս» խմբակցությունն անվանափոխության գաղափարը դպրոցը կառուցած ռուսաստանաբնակ հայ բարերարին ներկայացնել չի կարողացել, սակայն կապվել է ներկայացուցչի հետ: Վերջիններս, սակայն, չեն համաձայնվել փոփոխության հետ:

«Սակայն քանի որ դա քաղաքային լիազորություն է անվանակոչել կամ անվանափոխել համայնքապատկան կառույցը, մենք մեր լիազորությունները կիրականացնենք»,- պատմում է Խաժակյանը:

Հարցը քննարկել են նաև գործընկեր խմբակցությունների հետ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշեց, որ կողմ են փոփոխությանը:

«Եթե հարցը բերվի օրակարգ, ԲՀԿ միանշանակ կողմ է քվեարկելու որոշմանը»,- ասում Առաքելյանը:

Իսկ «Իմ քայլը» խմբակցությունում հարցը դեռևս չեն քննարկել, սակայն նախագծի գաղափարին ծանոթ են: Ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանը նման փոփոխության անհրաժեշտությունը տեսնում է, այս մեսիջները Երևանից անհրաժեշտ էին՝ ասում է:

«Ես կցանկանայի, որ հասարակությունն ավելի ակտիվ մասնակցեր և հանրային պահանջ լիներ: Նման արարքի համար Ռոդնինային պետք է իր վերաբերմունքը ցույց տա հանրությունը»,- նշում է Աբգարյանը:

Անհրաժեշտ է կազմակերպել նաև հանրային քննարկում՝ ասում է «Իմ քայլի» ավագանու անդամը:

0:00
0:00