ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Հայելու միջով». Ֆիլմ՝ չդիտող, բայց տեսնող մարդկանց մասին
2019-03-09 16:30:14

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Հայելու միջով». վավերագրական ֆիլմ, որի հերոսներն այն չեն տեսնում, չեն տեսնում՝ տեսնողներիս ընկալմամբ:  Իրական տեսողությունը սեփական երևակայության անծայրածիր հորիզոններում է, որով էլ տեսողության խնդիրներ ունեցող մարդիկ տեսնում և ընկալում են , ինչպես այս ֆիլմը, այնպես էլ արվեստը, իրենց շրջապատող իրականությունը, աշխարհը:

Ռեժիսոր Արսեն Առաքելյանի «Հայելու միջով » ֆիլմը «Ոսկե ծրան »-ից  զատ ներկայացվել է միջազգային այլ կինոփառատոններում: Հոգևոր արժեքների պահպանման, հոգևոր մշակույթում ավանդի համար ֆիլմն օրերս մրցանակի է արժանացել  ռուսական «Հանդիպում» կինոփառատոնում, վերջերս այն  առաջին մրցանակն էր Հայաստան բերել  Դնեպրոպետրովսկի միջազգային կինոփառատոնից:

 
Ամեն ինչ սկսվեց կոլաժի վարպետ, գեղանկարիչ Մարտիրոս Բադալյանի՝ Նկարիչների միությունում կազմակերպած  անհատական ցուցահանդեսից, որին ներկա էր նաև ռեժիսոր Արսեն Առաքելյանը.

«Մենք նկարում էինք այդ միջոցառումը, երբ նկատեցի, որ բուն նպատակը, որի համար  հավաքվել էին մարդիկ, անցել է երկրորդ պլան: Մարդիկ շփվում էին, զրուցում ամեն ինչի մասին, շնորհավորում նկարչին, բայց քչերն էին, որ դիտում էին կոլաժները»: 

Հենց այդ պահին էլ ծնվել էր միտքը՝ գնալ կույրերի միավորում, զրուցել նրանց հետ,  հրավիրել «դիտելու» Մարտիրոս Բադալյանի ցուցահանդեսն ու  ամեն ինչ պարզապես նկարել: Հավաքած նյութից հետո էր ծնվելու ֆիլմի գաղափարը:

Ռեժիսորն ասում է՝ նրանք տեսնում են, պարզապես նրանց տեսնելը դուրս է մեր ընկալումներից: Ինչ որ 6-րդ զգայարանով կամ ձեռքի ափով կույրերը տեսնում են ավելին, քան մենք՝ մարդիկ, որոնք, թվում է՝  չունեն տեսողության խնդիր:

«Նրանք տարբերվում են իրենց խորությամբ և եթե փորձենք մեկնաբանել այդ խորությունը, ընդամենը պարզունակության կվերածենք այդ աշխարհը», -ասում է Արսեն Առաքելյանը:

Նրա ստեղծած «Հայելու միջով»  վավերագրական ֆիլմն,  այդուհանդերձ, կույրերի մասին չէ.

«Այս ֆիլմն ավելի շատ նրա մասին է, որ նայելն ու տեսնելը տարբեր բաներ են: Մենք հաճախ նայում ենք, բայց չենք տեսնում»:

«Աչքն ընդամենը գործիք է, մեր ժամանակներին պակասում է սիրտն ու հոգին: Ռոբոտն էլ է հիմա տեսնում,  բայց դա տեսնել չէ: Ում է պետք աչքը, եթե այն չի տանում ինֆորմացիան դեպի սիրտն ու հոգին». Ռեժիսորի տեսակետն է: Արսեն Առաքելյանը խոստովանում է ՝  իր ստեղծած ֆիլմն իրեն փոխել է, փոխել է հայացքը մարդու, նրա հզոր ուժի, հաճախ չիրացված կարողությունների հանդեպ:

Ռեժիսորն ասում է. «Ֆիլմիս հերոսներն ինձ ստիպեցին մտածել, որ ես ոչ մի պատճառ չունեմ տրտմելու, ինչն , ըստ Աստվածաշնչի, պարզապես մեղք է, ըստ իս՝ աններելի մեղք է»: Ֆիլմը սովորեցնում է, որ իրական տեսողությունը սեփական երևակայության անծայրածիր հորիզոններում է: Ի վերջո, շատերիս սիրելի ստեղծագործության հերոսն էլ նույնն է ասում. «Միայն սիրտն է սրատես: Ամենակարևորը աչքով չես տեսնի»:
 

0:00
0:00