ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Կեսարյան հատումները ցանկությո՞ւն,  թե՞ անհրաժեշտություն:
2018-11-12 18:50:55

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Կեսարյան հատումների թիվը Հայաստանում և զարգացած երկրներում աճել է: Եթե աշխարհում ընդունված է այն կատարել նաև մոր պահանջով, այսինքն չկա բժշկական ցուցում, ապա Հայաստանում, ինչպես պնդում է  ոլորտը վերահսկող կառույցը, կատարվում է միմիայն բժշկական ցուցումով: Կեսարյան հատումները ցանկությո՞ւն,  թե՞ անհրաժեշտություն:

Աշխարհի զարգացած երկրներում, որտեղ  նկատվում է ցածր ծնելիություն, կեսարյան հատմամբ ծննդաբերության աճի միտում է նկատվում: Եթե զարգացած երկրներում  կեսարյան հատումները կարող են կատարվել մոր ցանկությամբ, ապա Հայաստանում, ըստ ԱՆ մայրական և վերարտադրողական առողջության  պահպանման բաժնի պետ Կարինե Ավագյանի, վիրահատական միջամտությունն իրականացվում է  միմիայն  բժշկական ցուցումներով:

«Հայաստանում կինը պետք է լինի համաձայն: Սակայն եթե չկա ցուցում, միայն կնոջ ցանկությամբ չի կատարվում»:

Եթե կեսարյան հատման գնալու պատճառը հոգեբանական է, ապա, ըստ մասնագետի,  պետք է կազմակերպել հոգեբանական աջակցություն: Այսօր արդեն կան դեղորայքային և ալտերնատիվ այլ միջոցներ: ժամանակակից միջոցները տալիս են անցավ ծննդաբերելու հնարավորություն:  

Զրուցակիցս՝ Շուշաննա Գրիգորյանը, երկրորդ բալիկի ծնվելուն է սպասում: Առաջինին ունեցել է մոտ  երկու տարի առաջ կեսարյան հատմամբ: Երկրորդը հավանաբար  նույնպես նույն ճանապարհով կունենա: Նրա մոտ ցուցումը բժշկական է եղել:

Շենգավիթ բժշկական կենտրոնի  մանկաբարձական բաժնի վարիչ Աշոտ Սիրունյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ցուցումով կեսարյան հատման դեպքերը գերազանցում են  ծննդաբերության ճանապարհով անցնել չցանկացող հղիներին: Թեև նրանք քիչ թիվ են կազմում, սակայն հղիների այդպիսի խումբ կա:

«Ամբողջ աշխարհում է ընդունված, երբ կինն ու բարեկամները պահանջում են կեսարյան հատում և դու չես կարող նրանց ստիպել»:

Ինչպես զարգացած երկրների, այնպես էլ Հայաստանի համար կեսարյան հատումների հիմնախնդիրը լուրջ հարց է: Նկատվում է աճի միտում: Կանայք մանկածնությունը սկսում են ավելի մեծ տարիքում: Մեծահասակ առաջնածին լինելը նոր տենդենց է: Վերարտադրողական օժանդակ  տեխնոլոգիաների  կիրառումից հետո, որոնց արդյունքում լինում են բազմապտուղ հղիություններ, նույնպես գնում են կեսարյան հատման: Սրանց գումարած մոր կողմից ցուցումների ավելացումը, որոնք հղիության հետ կապ չունեցող հիվանդություններ են, օրինակ շաքարային  դիաբետից մինչև սրտային ու երիկամային հիվանդություններ: Նախկինում առավել շատ կեսարյան հատման գնում էին բացարձակ ցուցումներով: Այսինքն՝ երբ բնական  ճանապարհով  ծննդաբերությունը սպառնում է կամ կնոջ կյանքին, կամ կնոջը կբերեր բացարձակ հաշմանդամության: Կեսարյան հատումը վիրահատական միջամտություն և մասնագետների կարծիքով յուրաքանչյուր վիրահատություն ունի իր բարդությունները: Եվ այս պարագայում բնական ճանապարհով  ծննդաբերությունը ամենաճիշտ տարբերակն են համարում: Այն առողջարար է և՛ կնոջ, և՛ պտղի համար:

0:00
0:00