ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ԱԺ քննիչ հանձնաժողովի նախնական զեկույցը՝ շուտով
2018-11-13 16:50:55

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը աշխատում է գրեթե մեկ ամիս, բայց  առաջիկայում արդեն պատրաստ կլինի նախնական զեկույցի տարբերակը:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի փոխանցմամբ՝ նա արդեն պայմանավորվել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման համար:

Ներկայացնելու է, թե ինչ է պարզել խորհրդարանական հանձնաժողովը գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների իջեցման հնարավորությունների մասին:

Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովը կաշխատի մինչեւ նոյեմբերի 26-ը՝  ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի սկիզբը: Ժամանակավոր հանձնաժողովի ձեւավորումը նախաձեռնած «Ծառուկյան» խմբակցությունը չի ցանկանում, որ այս աշխատանքներն ընկալվեն քարոզարշավի շրջանակներում: Որոշ եզրահանգումներ արդեն արվել են, բայց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը դեռ չի շտապում թվերով խոսել՝ ինչքանով է հնարավոր իջեցնել սակագները:   

Մելքումյանը համոզված է՝ առաջիկայում արդեն պատրաստ կլինի հանձնաժողովի նախնական զեկույցը: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանից այսօր հանձնաժողովի անդամները տեղեկացան, որ  2018-ի պետական միջպետական պայմանագրով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի միջամտությունը սակագներին սահմանափակ էր:

Տարիներ շարունակ ոլորտի թե պետական, թե մասնավոր ընկերություններն աշխատել են մոտ 10 տոկոս շահույթով:

էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանի փոխանցմամբ՝ ոլորտի պետական կառույցներում առաջիկայում նախատեսվում է լուրջ օպտիմալացում եւ ծախսերի կրճատում:


Քննարկումների ընթացքում կողմերը չեն բացառում, որ հնարավոր է վերանայել ոլորտում գործող ընկերությունների շահույթների, կորուստների եւ այլ մասնագիտական հաշվարկները այնպես, որ նախ ընկերություններին չվնասեն, երկրորդը՝ կարողանան արդյունքի հասնել ի շահ սպառողի:

Հայաստանը Ռուսաստանի հետ նոր բանակցություններ պետք է սկսի 2019-ի գազի պայմանագիրը թարմացնելու համար: Ինչ պայմաններ կլինի այս անգամ՝ դժվար է կանխատեսել: Բայց ,ամեն դեպքում, Գազի եւ էլեկտրաէներգիայի հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամներն առաջիկա օրերին մեծ հանդիպում են պլանավորում լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Մելքումյանը մեծ հույսեր ունի, որ այդ ժամանակ կկարողանա ժողովրդին տեղեկացնել սակագների փոփոխության հնարավորության մասին:

0:00
0:00