ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանը կարող է դառնալ սահմանափակ ազատությամբ համացանցով երկիր
2019-03-11 17:41:59

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ առաջարկող նախագիծը ենթադրում է ինտերնետի հասանելիության սահմանափակումներ: Առաջարկվող փոփոխություններն ընդունելուց հետո ազատ ինտերնետ ունեցող երկրների ցանկից Հայաստանը կարող է հայտնվել ինտերնետի ազատությունը սահմանափակող երկրների ցանկում, ինչը, բնականաբար, հետընթաց է»,- այսօր նման տեսակետ է հայտնել «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը:

Շրջանառության մեջ է դրվել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ, ըստ որի, մեջբերենք, արգելվում է օտարերկրյա  պետություններում կազմակերպված վիճակախաղերին մասնակցության հնարավության ստեղծումը, ինչպես նաև այդ խաղերի գովազդումը ՀՀ տարածքում և «ԱՄ» և «ՀԱՅ» դոմենային տիրույթներում:  «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն այստեղ ինտերնետի հասանելիության հնարավոր սահմանափակումների վտանգ է տեսնում: Ըստ նրա, նախագծում առկա են պարզաբանման կարոտ բազմաթիվ հարցեր:

Ներկայացված նախագծից Սաղյանը ենթադրում է, որ կարող է ստեղծվել որևէ մարմին, որը զբաղվելու է արգելված կայքերի ցանկով: Ըստ բանախոսի՝ նման գործառույթներ ունի օրինակ Ռուսաստանում գործող «Ռոսկոմնադզոր» կազմակերպությունը, որը Սաղյանի բնորոշմամբ, վերածվել է համացանցում խոսքի ազատությունը սահմանափակող մահակի:

Գրիգոր Սաղյանի խոսքով՝  անհասկանալի է նաև, թե ինչպես են նախատեսում կանխել շահումով խաղերը սոցիալական ցանցերում: Առաջարկվող օրենքն առաջին անգամ  ամրագրում է  Հայկական սուվերեն ինտերնետի և  կիբերտարածքի սահմանները:

Հայկական կիբերտարածքի մեկուսացմանն ուղղված քայլը «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահն անընդունելի է համարում: Ասում է՝ սա այն է, ինչի դեմ այս օրերին բողոքի մեծ ալիք է սկսվել Ռուսաստանում, նաև այն է, ինչը հակասում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:

Թեմայի շուրջ մենք զրուցեցինք նաև Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի հետ:

«Ես այնուամենայնիվ կտարանջատեի վիճակախաղերի և ինտերնետի սահմանափակման խնդիրները: Մեկի լուծումը չպետք է լինի մյուսի հաշվին»,- ասաց Աշոտ Մելիքյանը:

«Վիճակախաղերով տարվելն այսօր Հայաստանում, իսկապես,  լուրջ խնդիր է, որը պետք է օր առաջ լուծել, բայց ոչ ի հաշիվ ինտերներտի և խոսքի ազատության». խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի տեսակետն է:

Ի դեպ, Համացանցում խոսքի ազատության միջազգային օրը նշելու ենք վաղը՝ մարտի 12-ին:

0:00
0:00