Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպես բացահայտել իրական սեփականատերերին
2019-03-11 18:01:38

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Նախորդ իշխանության խոստացած ու սկսած օրենսդրական նախաձեռնությունը՝ բացահայտել այս կամ այն խոշոր գույքի իրական սեփականատերերին, փորձ է արվում կյանքի կոչել ներկայիս իշխանության ժամանակ՝ առավել թիրախավորված:

Ովքե՞ր են այս կամ այն բիզնեսի, հանքի ու ՀԷԿ-ի, հողատարածքի ու առանձնատան տերերը. հանրությանը միշտ հետաքրքրում են նման հարցերը, ու միշտ շրջանառվում են անուններ, ում եւ վերագրվում է այս կամ այն ունեցվածքի պատկանելությունը: Որպես կանոն՝ պատահական մարդկանց անուններ չեն շրջանառվում ու երբեմն այդ տեղեկությունների հավաստիությունը հիմնավորվում է փաստերով: Բայց երբեմն էլ չհիմնավորված տեղեկություններն են աղմուկի պատճառ դառնում: Որպեսզի հանրության համար պարզ ու հիմնավոր լինի՝ ինչը ում է պատկանում, եւ որ պաշտոնյան ինչ ունեցվածքի տեր է՝ օրենսդրական նոր նախաձեռնություն է կյանքի կոչվում՝ ստեղծել իրական սեփականատերերի հանրային ռեեստր:

«Առնվազն նախնական վերահսկողության մեխանիզմներն ամրագրված են օրենքի նախագծով»,- ասում է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը:

Քրմոյանի մատնանշած օրենքի նախագիծը մշակվել է դեռ նախորդ իշխանության  ժամանակ, արդեն մի անգամ հասել ԱԺ: Բայց հիմա վերադարձել է նոր կառավարության քննարկմանը ու պետք է ուղարկվի նոր օրենսդիրի հաստատմանը:

Հայաստանը դեռ նախորդ իշխանությունների ժամանակ էր խոստացել գնալ այս քայլին՝ «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության հետ համատեղ: Որոշ ծրագրեր էին իրականացվել: Թե որքանով էր նախաձեռնությունը վստահություն ներշնչել՝ դժվար է ասել, բայց մինչ նախորդ իշխանությունը կհասցներ կոնկրետ քայլեր ձեռնարկել, նոր վարչապետի կողմից հնչեցին նոր խոստումներ, հին պաշտոնյաների մասին տրվեցին նոր տեղեկություններ:

Բացահայտումներն ավելի առարկայական պետք է դառնան մինչեւ 2020 թվականը կյանքի կոչվելիք օրենքով ու դրա իրականացման մեխանիզմներով: Թիրախում նախ Հայաստանի տնտեսության համար ամենանշանակալի ոլորտն է՝ հանքարդյունաբերությունը, ու թիվ մեկ անելիքը՝ ճշգրտել ու հայտարարել՝ որ հանքն ում է պատկանում, ովքեր են դաշտի «խաղացողները»:

«Օրենսդրական երկրորդ փուլը կընդգրկի այլ ոլորտներ: Դրա համար ավարտը նախանշել ենք 2020 թվականը: Բայց հուսով ենք, որ այս ռեգիստրի նախնական տարբերակը հիմա արդեն կընդունվի ու կաշխատի, քանի որ իրական սեփականատերերի վերաբերյալ բավականին մանրամասն տեղեկատվություն ենք հավաքագրելու»,- ասում է Սուրեն Քրմոյանը:

Փողերի լվացման ու կոռուպցիայի դեմ պայքարը ենթադրում է նաեւ բացահայտել այս կամ այն սեփականության իրական սեփականատերերին ու ավելին՝ դրա մասին ճշգրիտ տեղեկատվությունը բաց ու հասանելի դարձնել հանրությանը: Արդյո՞ք «Որոտան» կասկադը կապ ունի Սուրիկ Խաչատրյանի հետ ու գրանցված է նրա հորեղբորորդու անունով, արդյո՞ք ճիշտ են լուրերը, որ Ամենայն հայոց կաթողիկոսին են պատկանում Եղեգնաձորի բարդիապատ ճանապարհահատվածի հարակից լեռնային հողերը, որքանո՞վ են իրական կամ ուռճացված Սերժ Սարգսյանի եղբոր՝ Սաշիկ Սարգսյանի ունեցվածքի մասին լուրերը:

Արդյո՞ք իրականում ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին են պատկանում վայոցձորյան որոշ խոշոր ՀԷԿ-եր: Իրական սեփականատերերի հանրային ռեեստրի ստեղծումը խոստանում է հստակ պատասխան այս ու այսօրինակ հարցերին: «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանին, սակայն, մի հարց է մտահոգում:

«Որպես կանոն՝ «խոշոր թաքցնողները» թաքցնում են ունեցվածքը օֆշորներում: Եւ կա ավելի համակարգային խնդիր՝ ինչպես բացել օֆշորները, ինչպես կկարողանանք մենք այդ օֆշորների տվյալներն ունենալ, որքանով հնարավոր կլինի դրանք բացահայտել: Որպես կանոն՝ մի մեծ շղթա է գնում, մինչեւ գտնվում է իրական սեփականատերը»:

Քանի դեռ Հայաստանի օրենսդրությունը չի թույլատրում պետական պաշտոնյային՝ զբաղվել ձեռնարկատիրությամբ, միշտ կլինի ռիսկը, որ նրանք իրենց բիզնեսը կամ ունեցվածքն այլ մարդկանց անունով գրանցեն, ու իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրումը հենց պետական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից կսահմանափակվի: Սա նույնպես Վարուժան Հոկտանյանի մտահոգությունն է:

Քաղաքական կամքի խնդիրն այստեղ դառնում է առաջնային, ու շատ կարեւոր է դառնում գտնել լուծումը՝ ինչպես դա արվի, քանի որ սեփականատիրոջը գտնելը երբեմն ենթադրում է հանցագործության բացահայտում:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանի համար կարեւոր է, որ հստակ ու պարզ լինեն նաեւ հայաստանյան լրատվամիջոցների իրական սեփականատերերը, որ առաջիկա բացահայտումներն էլ ըստ այդմ ճիշտ փոխանցվեն ու վստահելի լինեն: Դոյդոյանին այլ հարց էլ է մտահոգում:

«Կա որոշակի հակասություն՝ ՀԿ-ները եւ կառավարությունն ինչպես են պատկերացնում այս հանձնառության կատարումը: Եւ մտավախություն ունեմ, որ երբ 2020-ին մենք ամփոփենք կոնկրետ չափելի արդյունքները, մեր պատկերացումներն այդ ժամանակ էլ չհամընկնեն»:

Իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ փորձ է արվելու պարզել նաեւ ջրային, հողային ռեսուրսների պատկանելությունը, ընկերությունների հիմնադիրներին եւ այսպես շարունակ՝ բացահայտելով նաեւ՝ արդյո՞ք ապօրինի հարստացման եղանակով են դրանք հայտնվել այս կամ այն անձի ձեռքում: Բայց ուշագրավ է, որ նախագիծն իրականացնող պետական ու մասնավոր կառույցներն արդեն այս փուլում էլ խոստովանում են՝ դժվար է լինելու, ու դժվար թե շուտ ստացվի անթերի անել դա:  

0:00
0:00