ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
ՄԽ հայտարարության ուղերձները՝ ըստ խորհրդականների
2019-03-11 18:19:51

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մեկնել է Արցախ, որտեղ վաղը կմասնակցի Հայաստանի Անվտանգության խորհրդի նիստին: Նիստին ներկա է լինելու նաև Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը: Կառավարությունից օրակարգի վերաբերյալ մանրամասներ խոստանում են տարածել առաջիկայում:

Անվտանգության խորհրդի նիստում, ըստ ամենայնի, կքննարկվեն նաև բանակցային գործընթացի վերջին զարգացումները և մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որն արդեն հասցերել է ոչ միանշանակ գնահատկանների արժանանալ:

Հայտարարության ուղերձներն այսօր քննարկվել են նաև Ազգային Ժողովում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հգայտրարությունը դարձել է խորհրդարանական ճեպազրույցների գլխավոր թեման: Թե ընդդիմությունը, թե իշխանությունը փաստաթղթում մտահոգվելու առիթներ տեսնում է:

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խորհրդարանական մեծամասնության ՝ « Իմ քայլը» դաշինքիներկայացուցիչ Վլադիմիր Վարդանյանը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությամբ համանախագահներն ամփոփում են մինչև հեղափոխությունը ձևավորված օրակարգը: Պատգամավորի դիտարկմամբ՝ նման հայտարարություններ արվել են նաև նախկինում:

«Պետք չէ կոնտեքստից ինչ-որ ձևակերպումներ առանձնացնել և փորձել ներկայացնել ինչ-որ հեղափոխական բնույթի հայտարարություն: Իմ կարծիքով՝ ՄԽ համանախագահները փորձել են ամփոփել մինչև հեղափոխությունը ձևավորված օրակարգը: Եվ պարզ է, որ թավշյա հեղափոխությունից հետո մենք պետք է փոփոխենք որոշակի ակցենտներ բանակցային գործընթացի մեջ, ինչի մասին խոսվել է»:

Համանախագահները, մասնավորապես, կողմերին հորդորում են զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես որոշում են ապագա բանակցությունների արդյունքը կամ առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն: Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրելու մասին վերջին շրջանում տարբեր առիթներով ու տարբեր հարթակներում խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Արդյոք համանախագաների հայտարարությունը չի՞ մերժում այդ առաջարկն իրագործելու հնարավորթյունը: Վլադիմիր Վարդանյանը հարցին արձագանքում է հարցով:

«Ես, անկեղծ ասած, այն կարծիքին եմ, որ ձևաչափը պետք է չփոխվի: ԵԱՀԿ ՄԽ եռանախագահությունը պետք է մնա այն միակ ձևաչափը, որով պետք է շարունակվեն բանակցությունները: Ինչ վերաբերում է կողմերի մասնակցությանը, պետք է մի հարց տամ: Հնարավոր է արդյո՞ք որոշել որևէ սուբյեկտի կարգավիճակը, եթե վերջինը չի մասնակցում: Թե ինչ ձևաչափով ու եղանակով պետք է մասնակիցի, այլ հարց է: Բայց որ Արցախի բնակչության ձայնը պետք է հնչելի լինի բանակցություններում, միանշանակ է»:

Բավական մտահոգիչ, բայց ոչ առաջինը, ոչ էլ վերջինը՝ սա արդեն խորհրդարանի ընդդիմադիր խմբակցություններից մեկի՝ «Լուսավոր Հայաստանի» դիրքորոշումն է: Չնայած ներքին հարցերում անհամաձայնություններին՝ խմբակցությունն ամբողջությամբ պաշտպանում է Արցախը բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու նոր իշխանությունների նախաձեռնությունը: Էդմոն Մարուքյանը կարծում է, որ մոտեցումները պետք է պահել ՝ անկախ համանախագահների վերաբերմունքից:

« Մենք շարունակում ենք աջակցել այն ջանքերին, որոնք միտված են ապահովել Արցախի Հնարապետության ներկայացուցիչների վերադարձը բանակացային պրոցեսին և կարծում ենք, որ այս ուղղությամբ քայլերը պետք է շարունակել: Այսինքն, այս հայտարարությունը չի նշանակում, որ պետք է ասենք՝ դե լավ, դե չեղավ, էլ չասենք»:

Ըստ Մարուքայնի՝ ՄԽ հովանու ներքո երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումից առաջ պետք է լիներ հայտարարություն, որով համանախագահները պիտի փորձեին տարբեր ուղերձներ հղել կողմերին և հղել են: Ձևակերպումներից շատերն, ըստ նրա, մտահոգիչ են՝ Արցախի շրջակա շրջանների վերադարձի մասին պնդումներից մինչև միջանկյալ կարգավիճակի հիշատակում: Փոխարենը համանախագահները հպանցիկ են նշել լարվածության նվազեցման և ագրեսիվ հռետորաբանության նվազեցման կարևորությունը:

Այս իրավիճակում Փաշինյան-Ալիև հանդիպումից մեծ ակնկալիքներն իրատեսական չեն. առավելագույնը, որ կարելի է ակնկալել այն է, որ իրավիճակն առավել չսրվի, իսկ բանակցությունները գոնե շարունակվեն:

«Եթե Մինսկի խումբը ցանկանում է բանակցություններ, որոնք պտուղ չեն տալու, միգուցե դա էլ է տարբերակ: Բոլորին պարզ է, որ Հայաստանում հող հանձնող չկա, Ադրբեջանում էլ Արցախը դեռ ճանաչող չկա: Հետևաբար, այս առումով դեռ պետք է շարունակենք խոսել, բանակցել »:
Հիմնախնդրի վերջնական կարգավորումն Արցախի միջազգային ճանաչումն է՝ այս դիրքորոշումն էլ պնդում են ԲՀԿ խմբակցությունում: Հնչած մտահոգություններին ավելացնում են ևս մեկը՝ հայտարարության մեջ շրջանցվել են Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները:

0:00
0:00