ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ամուլսարի մասին որոշում կկայացվի առաջիկա ամիսներին
2019-03-12 12:39:37

Հասմիկ Դիլանյան

«Ռադիոլուր»

«Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հետագա ճակատագրի մասին օբյեկտիվ որոշում կկայացնի առաջիկա ամիսներին», - այսօր «Ռադիոլուրին» փոխանցել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Երեկ «Լիդիան» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի` պատրաստվում է դիմել միջազգային արբիտրաժային դատարան: Ընկերությունը դժգոհ է, որ ամառվանից փակ են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Սիսեռյանը դժվարացել է ասել հայտարարությունը՝ սպառնալի՞ք է, թե՞ ոչ :

Հայաստանի կառավարությունը իրավական խորհրդատուների հետ քննարկում է, թե ինչ կլինի, եթե «Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ» ընկերությունը դիմի միջազգային արբրիտրաժային դատարան: «Ռադիլուր»-ին փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը:

«Խորհրդատվություն ստանալու համար արդեն զրուցել ենք արդարադատության փոխնախարարի հետ: Շուտով կզրուցեմ նաև բնապահապնության նախարարի հետ: Տեղյակ է նաև փոխվարչապետը: Մենք պետք է ընդհանուր իրավիճակի մասին խորհրդատվություն ստանանք, որպեսզի մեր հետագա քայլերը հասկանանք»:

Երեկ «Լիդիան» ընկերություն հաղորդագրություն տարածեց, որով չի բացառում արբիտրաժային գործընթացի մեկնարկը: Ընկերությունը դժգոհ է, որ ամառվանից փակ են Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները: Սիսեռյանը դժվարանում է ասել՝ հայտարարությունը զգուշացո՞ւմ է, սպառնալի՞ք է, թե ոչ:

«Ես չեմ կարող ասել, որ դա ուղղակի սպառնալիքի նման բան է, թե իրականում կդիմեն»:

Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյանը Լիդիանի հայտարարությունը կանխատասելի է համարում: Հիշեցնում է՝ նախկինում խոսել են նման իրավիճակի հավանականության և իրավական հարցադրումները ճշգրտելու անհրաժեշտության մասին:

«Հայաստանի կառավարությունն ու քաղաքացիները ունեն հստակ փաստարկներ , թե ինչ խախտումներով է իրականացվել գործունեությունն ու ստացվել թույլտվությունը: Ինչ-որ պատճառներով կամ գուցե կարևոր չհամարելով՝ ժամանակին այդ հարցերի վրա ուշադրություն չի դարձվել: Գործըթնացը տարավ նրան, որ տեղի բնակիչները ճանապարհը փակեցին՝ շինարարությունը դադարեցնելու համար այլ լուծում չգտնելով»:

Զրուցակցիս բնորոշումը հայտարարությանը կտրուկ է:

«Շանտաժային տոնով դիմեցին ՀՀ կառավարությանը՝ մենք կդիմենք միջազգային արբիտրաժ, եթե ճանապարհների բացման խնդիրները չլուծեք: Հետաքրքիր է, որ միջազգային արբիտրաժ դիմող ընկերությունները ստեղծվել են 2018 թվականին՝ հենց խնդիրները առաջանալուց հետո և այդ ընկերությունների անուններով է սպառնում, որ կդիմի արբիտրաժային դատարան: Եթե Լիդիան ընկերությունը դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա սա Հայաստանի ներդրումային վարկանիշի վրա բացասական կազդի»,- ասում է «Ռադիոլուր»-ի մյուս զրուցակիցը՝ տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Ներդրումային գործունեությունը որպես այդպիսին կապված է բազմաթիվ խնդիրների հետ՝ նաև ֆինանսական ու նյութական ռեսուրսների: Փաստորեն, ներդրող կազմակերպությունը՝ այս դեպքում Լիդիանը, սկսել է գործունեություն ծավալել: Իրենց գործունեության դադարեցումը բերում է նրան, որ հայտնվում են սարսափելի ռիսկերի առաջ»:

Բոստանջյանը կարծում է, որ կառավարությունը պետք է հնարավորինս արագ որոշում կայացնի: Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհագրագետ Լևոն Գալստյան.

«Ես չեմ կարծում, որ կառավարությունը հետքայլ կանի: Համոզված եմ, որ նոր կառավարությունը հստակ հասկանում է , որ առաջնայինը տեղի բնակիչների և քաղաքացիների կարծիքն է: Կառավարությունը շատ լավ գիտի , որ վնասները հստակ գնահատված չեն եղել: Ուղղակի ձևակերպման հարցեր կան: Սա է խնդիրը»:

«Հայաստանի կառավարությունը Ամուլսարի հետագա ճակատագրի մասին օբյեկտիվ որոշում կկայացնի առաջիկա ամիսներին»,- «Ռադիոլուր»-ին փոխանցեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը: Նրա տեղեկացմամբ՝ սպասում են փորձաքննություն-հետազոտությունների ավարտին: Դրանից հետո կունենան հստակ ու օբյեկտիվ պատասխան:

0:00
0:00