ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Դաշինքի հետ համագործակցությունը բարձրացնում է տարածաշրջանի անվտանգությունը. Ջեյմս Ապատուրայ
2019-03-12 13:07:07

Կարեն Ղազարյան

«Ռադիոլուր»

ՆԱՏՕ-ն հարգում է անվտանգության դաշինքի Հայաստանի ընտրությունը։ Այս մասին այսօր շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը Երեւանում՝ «ՆԱՏՕ-ի շաբաթվա» շրջանակներում անցկացված քննարկման ժամանակ: Այն տեղի է ունեցել Հայաստանի Ֆրանսիական համալսարանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ։

Հայաստանի աշխարհաքաղաքական իրավիճակը շատ բարդ է, իսկ տարածաշրջանը կարեւոր է ՆԱՏՕ-ի համար՝ շեշտել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասի եւ Ասիայի հարցերով հատուկ Ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը: Նրա փոխանցմամբ՝ ՆԱՏՕ-ն հարգում է Հայաստանի ընտրությունը դաշնակիցներ ընտրելու հարցում՝ լինեն դրանք քաղաքական, թե տնտեսական.

«Մենք որեւէ խնդիր չենք տեսնում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության եւ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեջ։ Այս հարցը երեկ քննարկվել է նախագահի եւ վարչապետի հետ։ ՆԱՏՕ-ում կարծում են, որ դաշինքի հետ համագործակցությունը բարձրացնում է տարածաշրջանի անվտանգությունը»:

Մեր համագործակցությունն էլ ընդհանուր մարտահրավերների հաղթահարմանն է ուղղված՝ հավելել է Ջեյմս Ապաթուրայը։ Նա նկատել է, որ լրանում է ՆԱՏՕ-Հայաստան համագործակցության 25-ամյակը: Ասել է, որ այն ինչ միասին արվում է հաճախ հայտնի չէ, ուստի նման միջոցառումներն էլ առիթ պիտի լինեն եւ օգնեն՝ լույս սփռելու այդ համագործակցության բովանդակության վրա: