ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նոր զարգացումներ՝ ԵՊՀ ռեկտորի ու Դավիթ Սանասարյանի կոնֆլիկտում
2019-03-12 17:59:43

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջեւ կոնֆլիկտը տեղափոխվել է նոր հարթություն: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմամբ՝ Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա հարուցվել է վարույթ՝ Դավիթ Սանասարյանի կողմից էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով:

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի եւ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի միջև լարվածությունը սկիզբ էր առել մայր բուհում վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների ընթացքում, երբ Դավիթ Սանասարյանը հայտարարեց մոտ 800 մլն դրամի չարաշահումներ բացահայտելու մասին:

Ռեկտորը դրան քաղաքական աստառ տվեց, դեռեւս չփաստարկված խախտումների մասին խոսելը վերագրեց իր կուսակցական պատկանելությանը ու պնդեց՝ հրաժարական չի տալու, դեռ թող ապացուցեն իր խախտումները: Արամ Սիմոնյանի հայտարարություններին արձագանքեց Պետական վերահսկողական ծառայության պետը:  «Ես պատրաստ եմ, եթե Սիմոնյանը ցանկություն ունի, թող դատի տա ինձ»,-ասել էր Դավիթ Սանասարյանը՝ շեշտելով՝ ինքն այլեւս չի ցանկանում շարունակել բանավեճը Սիմոնյանի հետ:   

«Ես խրախուսում եմ իրեն, որ գնա ինձ դատի տա: Այլեւս չեմ ուզում մտնել բանավեճի մեջ: Խնդիրն իրավապահ մարմինների դաշտում է, առաջիկայում նրանք նոր մանրամասները կտեղեկացնեն»:

Սակայն ԵՊՀ ռեկտորը, ինչպես պարզվեց, գերադասեց դիմել ոչ թե  դատարան, այլ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով, ինչը «Ռադիոլուրի» հետ զրույցում բացատրեց այսպես:

« Դե որովհետեւ էթիկայի խախտումներ կային, դրա համար էլ դիմել ենք այդ հանձնաժողովին»:

Սիմոնյանը եւս չի ցանկանում այլեւս լրատվամիջոցների հետ խոսել այս խնդրից, առաջարկում է դիմել իր փաստաբաններին, որոնք զբաղվում են Սանասարյանի ու նրա ղեկավարած կառույցի հետ կապված հարցերով: Ի՞նչ փուլում է վարույթը, եւ ի՞նչ ժամկետերում է նախանշվում դրա ամփոփումը՝ ԵՊՀ ռեկտորն էլ տեղյակ չէ: Սպասում է արդյունքներին, իսկ իր ակնկալիքների մասին արտահայտվում է խիստ հակիրճ:

« Ոչ մի ակնկալիք:  Խախտումը տեղի է ունեցել: Ակնկալիքը՝ օրենքով սահմանված կարգով»:

Այնինչ Դավիթ Սանասարյանն ավելի վաղ պնդել էր՝ իրենք խախտումներ թույլ չեն տվել:

«Մենք մեր ընթացակարգերը չենք խախտել: Մենք մեր գործունեությունը լիարժեք իրականացրել ենք»:
Սիմոնյանի պնդած խախտումը կա՞, թե՞ ոչ՝ հանձնաժողովը դեռ քննարկում է օրենքով սահմանված կարգով ու ժամկետերում: Փետրվարի 26-ին հարուցվել է վարույթ՝ վարքագծի կանոնների առերեւույթ խախտման հատկանիշերով. «Ռադիոլուրին» փոխանցում է հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանը: Ապա գործն ուղարկվել է պատասխանող կողմին՝ Դավիթ Սանասարյանին:

Վերջինս, ըստ օրենքի, իրավասու է տասնօրյա ժամկետում ծանոթանալ գործին ու ներկայացնել իր առարկությունները կամ բացատրությունները: Կա՞ն արդյոք արդեն առարկություններ ու բացատրություններ՝ Շաթիրյանը ձեռնպահ է մնում մեկնաբանել, բացատրում է՝ վարույթի ընթացքն է, պետք չէ շտապել: Դավիթ Սանասարյանի, որպես բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից էթիկայի նորմերի խախտում կա՞, թե՞ ոչ՝ հանձնաժողովի եզրակացությունը, ըստ օրենքի, ենթակա է ներկայացման 30-օրյա ժամկետում:

«Հանձնաժողովի գնահատմամբ՝ առերեւույթ առկա են եղել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի առերեւույթ խախտման հատկանիշեր, ուստի վարույթը հարուցվել է հենց այդ հատկանիշներով՝  իր գործունեությամբ նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը»:

Առերեւույթ խախտումը հաստատվելու դեպքում կոնկրետ այս պարագայում ի՞նչ միջոցներ կձեռնարկվեն՝ Էդգար Շաթիրյանը մեկնաբանել չի շտապում, սակայն մեջբերում է օրենքի սահմանած դրույթները՝ եթե հանձնաժողովը բացահայտում է էթիկայի կանոնի խախտում, ապա դրա կանխարգելման կամ վերացմանն ուղղված առաջարկություն է ներկայացնում իրավասու սուբյեկտներին: Էթիկայի խախտման առնչությամբ հանձնաժողովի եզրակացությունը պետք է ուղարկվի նաեւ խախտում թույլ տված բարձրաստիճան պաշտոնատար անձի վերադասին՝ այսինքն՝ վարչապետին:  

0:00
0:00