ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Նիկոլ Փաշինյանը արդյո՞ք Ստեփանակերտում կստանա մանդատ
2019-03-12 18:29:09

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Արցախյան հարցի կարգավորման շրջանառվող սկզբունքների նաեւ վերջին օրերին հնչող հայտարարությունների մասին «Ռադիոլուրը» լսել է տարբեր փորձագիտական գնահատականներ:

Միջնորդների հայտարարությունը հուշում է, որ բանակցային սեղանին մնում են Մադրիդյան սկզբունքները՝ ասում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նա հստակեցնում է, որ եթե բանակցություններն ընթանան, ապա դրանք կլինեն Մադրիդյան սկզբունքների շուրջ.

«Փաստացի ՄԽ-ի շրջանակներում գործընթացը երկար ժամանակ  չի աշխատում ՝ հատկապես 2016 թվականի ապրիլից հետո: Պայմանավորվածությունները չիրագործվեցին և 2016 թվականի ապրիլից հետո եթե չասենք գործընթացը մեռած է, ապա կասենք, որ լրջորեն սառեցված է:  Հետո Հայաստանում իշխանությունը փոխվեց, և փորձ է արվում մեկնարկ տալ բանակցային գործընթացին»,- նշում է Իսկանդարյանը:

Քաղաքագետը  գործընթացում բեկում չի ակնկալում: Նա լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում, բայց բանակցային գործընթացի ռեսթարթի անհրաժեշտություն է տեսնում:

Ըստ քաղաքագետի՝ ՄԽ-ի ձևաչափը լավ, թե վատ աշխատող է, կարևորը քաղաքական անվտանգություն է ապահովում:

Քաղտեխնոլոգ
Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ միջնորդների հայտարարությունում տեղեկատվական առումով նորություն չկար: Բացվել է «Մադրիդյան սկզբունքների» ալգորիթմը, ինչը տհաճ է հանրության համար, սակայն աղետ չէ, ինչպես շատերը փորձում են ներկայացնել:

«Ըստ էության՝ առաջարկում են  Երևանին ու Բաքվին սկսել այն տեղից, որտեղից ընդհատվել էին բանակցությունները»:

ՀՀ վարչապետը պնդում է Արցախի մասնակցությանը բանակցություններին, և այդ հարցը բարձրացվելու է սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում, համոզված է քաղտեխնոլոգը:

Նա ՀՀ վարչապետի այցը Արցախ  ու այնտեղ Անվտանգության խորհրդի նիստ գումարելը նպատակադրված քայլ է համարում: Այդպիսով նա կարող է ասել, որ Արցախից  մանդատ է ստացել Ստեփանակերտի տեսակետը Ալիևին ներկայացնելու և ոչ բանակցելու համար:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը կարմիր գծերը չանցնելու մասին է հուշում։ Եթե Հայաստանը պնդի իր դիրքորոշումը, ապա, ըստ նրա, կարող է թակարդում հայտնվել.

«Եթե շատ պնդենք, կարող է բանակցային գործընթացը կանգ առնի: Պատմության մեջ շատ են օրինակները, որ շատ են ուզում, բայց մինիմում են ստանում»:

«Բանակցություններ՝ բանակցությունների համար» վիճակը Երվանդ Բոզոյանի համար ավելի ընդունելի է, քան՝ կարմիր գծերն անցնելով խնդրի կարգավորման ձգտելը:

0:00
0:00