ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հռոմի Պապը ողջունել է երկկողմ հարաբերություններն առավել զարգացնելու ՀՀ իշխանությունների մտադրությունը
2019-03-12 18:47:18

Հռոմի Սրբազան Քահանայապետ Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին մարտի 9-ին իր հավատարմագրերն է հանձնել Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, արարողությանը հետևած զրույցի ընթացքում դեսպան Նազարյանը ՀՀ քաղաքացիների, նրանց ընտրյալ իշխանությունների անունից Հռոմի Քահանայապետին փոխանցել է ջերմ ողջույններ, նշելով, որ Հայաստանում մշտապես վառ են նրա՝ առաջին քրիստոնյա երկիր պատմական այցելության հուշերը։

Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Նորին Սրբության սկզբունքային դիրքորոշման համար, որը ճշմարտության ու արդարության միջոցով ժողովուրդների ու պետությունների միջև համերաշխությանը միտված կարևորագույն քայլ է։

Պատեհ առիթն օգտագործելով, ՀՀ դեսպանը նշել է, որ Ս Գրիգոր Նարեկացուն Կաթոլիկ եկեղեցու Տիեզերական վարդապետ հռչակելու որոշումն առավել ամրացրեց միասնության ու հավատքի կամուրջը՝ գոտեպնդելով և ոգևորելով Հայաստանում ու սփյուռքում բնակվող հայրենակիցներին։ Դեսպանն իր պատրաստակամությունն է հայտնեց ջանքեր չխնայել ապահովելու համար ամենատարբեր ոլորտներում միջպետական կապերի շարունակական ընդլայնումը։

Ֆրանցիսկոս Պապը ողջունել է ՀՀ իշխանությունների մտադրությունն առավել զարգացնելու երկկողմ հարաբերությունները Սուրբ Աթոռի հետ, որոնք խարսխվում են հայ-վատիկանյան վաղեմի բարեկամական առնչությունների վրա՝ կարևորելով նաև սփյուռքի դերակատարումը։

<iframe width="800" height="400" src="https://www.youtube.com/embed/EKvCBk71mGE" frameborder="0" allow="accelerometer; autoplay; encrypted-media; gyroscope; picture-in-picture" allowfullscreen></iframe

Հռոմի Քահանայապետը նորանշանակ դեսպանին մաղթել է օրհնաբեր դիվանագիտական առաքելություն` ի փառս երկու պետությունների միջև հարաբերությունների հետագա ամրապնդման և իր բարեմաղթանքներն է հղել ՀՀ քաղաքացիներին, Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը։

Նույն օրը, Պապի հետ հանդիպումից հետո, դեսպան Կարեն Նազարյանն առանձնազրույց է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգին ու փոխգործակցությանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացին ու տարածաշրջանային զարգացումներին։

Հանդիպմանը զրույց է ծավալվել նաև Մերձավոր Արևելքում քրիստոնյաների, նրանց պատմամշակութային արժեքների ու հոգևոր ժառանգության պաշտպանության հարցերի շուրջ։ ՀՀ դեսպանը պետքարտուղարին տեղեկացրել է Հայաստանում ընթացող լայնածավալ բարեփոխումների օրակարգի մասին։

Պետաքարտուղար Պարոլինին իր ջերմ ողջույններն է փոխանցել վարչապետ Փաշինյանին՝ կառավարությանը մաղթելով արգասաբեր աշխատանք տևական խաղաղությանը և կայուն զարգացման նպատակներին հասնելու համար։