ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպերայի տարածքում սրճարաններն ապամոնտաժվում են
2019-03-13 14:31:25

լրացված՝ 18.15-ին

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Երևանի քաղաքապետարանը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքում սկսել է ապամոնտաժել սրճարանները: Որոշ սրճարաններից գույքն արդեն հանվել է դուրս։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը դեռևս հունվարին տեղեկացրել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ նրա թիմի հանրային հանձնառության համաձայն, քաղաքապետարանը սկսել է Երեւանում կանաչ տարածքների վերականգնման եւ զարգացման գործընթացը:

Մասնավորապես, Օպերայի մերձակայքում՝ անմիջապես Ազատության հրապարակին հարող հատվածում, քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսվարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, ըստ որի, առաջարկվել է նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Օպերայի տարածքը սրճարանների գերբեռնվածությունից ազատելու քայլը մասնագետները դրական են գնահատել: Օպերայի տարածքը պետք է արեւելյան շուկայից բերել քաղաքակիրթ տեսքի՝ «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասել էր Ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը:

0:00
0:00