ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ֆրանսիայի համը Հայաստանում
2019-03-13 17:12:21

Անի Մինասյան
«Ռադիոլուր»

Ֆրանսիական համը՝ Հայաստանում. մեկնարկում են ֆրանսիական գաստրոնոմիայի օրերը: Ի՞նչ գիտենք մենք համերի մասին եւ արդյո՞ք ֆրանսիական նրբահամությունը բավարարում է հայերի քիմքին:

Մի քանի օր էլ ու 150 երկրների ավելի քան 5000 շեֆ խոհարարներ կմիավորվեն ֆրանսիական տոնի շուրջ՝ իրենց հաճախորդներին առաջարկելով ընթրիք՝ միայն ֆրանսիական ձևով:

Գյումրին, Երևանն ու Դիլիջանը ևս մի քանի շաբաթ կփոխեն իրենց «համը»: Goût de France-ը՝ Ֆրանսիայի համն արդեն 5-րդ տարին է Հայաստանում է:

24 ռեստորան ու 3 մասնագիտական դպրոց՝ ֆրանսիական խոհանոցից ոգեշնչված իրենց ճաշացանկում ֆրանսիական մասնիկ կավելացնեն:

18 տարի Շվեյցարիայում ապրած գյումրեցի Արտուշ Եղիազարյանն արդեն մեկ տարի է հայրենիքում է՝ «Հերբս ընդ հանի»՝ «Բույսեր ու մեղր» մասնագիտացված ռեստորանի հիմնադիրը: Միջոցառման մասնակցող ռեստորանների ցանկում իրենց անունն էլ կա՝ երկու ժողովուրդներին կապող օղակն էլ, կարծում է, գինին է:

Հայկական խոհանոցին հատուկ մեծ չափաբաժինները ֆրանսիական համերին չեն խանգարի:

«Կարիք չկա այդքան շատ ուտել, պետք է ավելի շատ վայելել, քան մեծ քանակներով ներս տալ դեպի մեր օրգանիզմը»,- ասում է Արտուշ Եղիազարյանը։

Աշխարհի բոլոր հեղափոխությունների կողքին խոհանոցն իր սեփական հեղափոխությունն է ապրում. Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտն է նկատում:

Մեկուկես տարի է Հայաստանում է, բայց ռեստորանային ոլորտում արձանագրած առաջընթացը նկատում է: Սա երկիր է, որ Ֆրանսիայի հետ կիսում է գաստրոնոմիայի հանդեպ սերը:

Բնական ու հյուրընկալ միջավայր՝ հայկական խոհանոցի բոլոր ուտեստների գլխավոր բաղադրամասը՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի համար:

Հայաստանն այսօր, Լաքոտի կարծիքով, մեծ հնարավորություններ ունի խոհանոցը դարձնել իր գլխավոր այցեքարտերից մեկը, եթե մի փոքր աշխատանք տանի երեք հիմնական հարցերով:

«Առաջինը՝ ուշադրություն դարձնել հնչյունային միջավայրին, որովհետև հաճախ երաժշտությունը չափազանց բարձր է: Երկրորդ՝ պարտադիր ունենալ սրահներ չծխող այցելուների համար և երրորդ՝ հրաժարվել պատերից կախված, միանգամայն անտեղի հեռուստաէկրաններից»:

Այս տարվա Goût de France-ի միջոցառման ավանդական գալա ընթրիքը Գյումրիի Տիրամայր Հայաստանի կուսաստան և կրթական կենտրոնում կլինի: Ուսումնական կենտրոնի աշակերտները կօգնեն դեսպանատան ավագ խոհարարին պատրաստել ընթրիք՝ ստեղծելով հայկական մոտեցմամբ ֆրանսիական համեր:

Իսկ վերջում՝ խորհուրդ նրբաճաշակ ու ազնվական ֆրանսիացիներից՝ ուտել զրուցելով, ուտել վայելելով եւ ուտել հաճույքով:

0:00
0:00