ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ո՞վ եւ ի՞նչ «բարձունք» է հանձնում
2019-03-13 17:28:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել է տեղեկությունն այն մասին, որ նախատեսվում է կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն էլ ասել է, շենքը պետքէ օգտագործել առավել արդյունավետ: Նշենք, որ նման զարգացումների մասին  բարձրաձայնել էր ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ասելով որ Կառավարությունը բարձունք է հանձնում:

«Գույքը օտարելու մասին որևէ ցուցում Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ղեկավարությունը չի ստացել»,-այսօր նման հայտարարություն տարածեց  վարժարանի ղեկավարությունը։

Հայտարարությունը հետեւել էր պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառմանը, որում Սարգսյանը ասել էր, որ փորձում են կոմերցիոն նպատակներով օտարել Դիլիջանում տեղակայված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքը:

Նա հասարակությանը, յուրաքանչյուր հայրենասեր մարդու կոչ էր արել կանգնել պաշտպանության նախարարության կողքին և թույլ չտալ զրկել մեր ապագա սպաներին լավագույն կրթական հնարավորություններից:

«Ռադիոլուրի» հետ զրույցում Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանն ասաց,  որ օտարելու մասին առայժմ խոսակցություններ չկան, բայց  արդյունավետ օգտագործման համար տարբերակներ քննարկվում են:

2017 թ. ին Պետական եկամուտների կոմիտեի համար Դիլիջանում թանկարժեք ուսումնական կենտրոն կառուցելու համար  ընդհանուր առմամբ բյուջեից  հատկացվել էր 13,5 միլիարդ դրամ: Հանրությանը այս կենտրոնը առավել հայտնի է որպես էլիտար զվարճանքի կենտրոն։ Օրինակ, շենքի դռների բռնակները գնվել էին 200 դոլարով, սանհանգույցներում տեղադրված հայելիները՝ 500, մոխրամաններից յուրաքանչյուրը՝ 100-դոլարով:

Բարձրացված աղմուկը հանդարտեցնելու նպատակով այն ժամանակ որոշվեց ՊԵԿ-ի համար կառուցված շենքը տալ պաշտպանության նախարարությանն ու այնտեղ  տեղափոխվեց Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը։

Վարժարանը մինչ այդ գործում էր Դավիթաշենում գտնվող անբարեկարգ շենքում։ Նարեկ Բաբայանը ասում  է՝ վարժարանը շենքը  ոչ ամբողջությամբ է օգտագործում, իսկ շենքը հստակ հյուրանոցային ու առողջարանային համալիր է:

«Այս  պահին օգտագործվում է այդ շենքի մի մասը  ու պահպանության համար   ծախսվում է տարեկան ավելի քան 12 մլն  դրամ:  Ու եթե որոշվի օտարման տարբերակը, բնականաբար վարժարանը կտեղափոխվի»,-ասաց Բաբայանը:

Նշենք, որ վարժարանի ղեկավարության տարածած հայտարարության մեջ ասվում է, որ վարժարանը տեղափոխման օրվանից լիովին օժտված է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթական և մարզական պայմաններով, շարահրապարակներով, վարժասարքերով և արգելագոտիներով: Նարեկ Բաբայանին  հարցնում եմ՝ որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ այս քայլը արվել է նրա համար, քանի որ արդեն ներդրող է հայտնվել շենքը մասնավորեցնելու համար:

«Այդ ամբողջ  հորինված սուտ տեղեկություններ են, ես ներդրողի մասին գաղափար չունեմ, չեմ լսել: Եթե անգամ հետաքրքրված լինի մեկը, ապա ինչ որ մեկը ցանկությունը ու քմահաճույքը չի կարող հիմք դառնալ ինչ որ գործարքի մասին մտածենք»:

Եթե որոշվի շենքը օտարել, ապա ինչ ճակատագիր է սպասվում ռազմամարզական վարժարանին։ Բաբայանը վստահեցնում է, որ դպրոցը չի փակվելու, կտեղափոխվի այլ վայր:

ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին փոխանցում ենք Նարեկ Բաբայանի դիրքորոշումը, որ շենքը արդյունավետ չի օգտագործվում, հետևաբար ինչ է լինելու դպրոցի ճակատագիրը:

«Մոնթե Մելքոնյանի վարժարանը գործում է, գործելու է` անկախ ամեն ինչից»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Վարժարանի կազմակերպաիրավական ձևը հիմնադրամ է, որի կանոնադրությունը հաստատվել է կառավարության կողմից: Բարձրագույն ղեկավարման մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որն ի պաշտոնե գլխավորում է ՀՀ պաշտպանության նախարարը:

0:00
0:00