ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Բանակցությունների ձեւաչափի փոփոխությունները պետք է ընդունելի լինեն կողմերի համար. Լայչակ
2019-03-13 17:25:44

Աննա Նազարյան
«Ռադիոլուր»

Հայաստանում է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը: Նա ասյօր հանդիպում է ունեցել  Հայաստանի արտգործնախարարի հետ, հանդիպումից հետո Միրոսլավ Լայչակն ու Զոհրաբ Մնացականյանը պատասխանել են լրագրողների հարցերին:

ԵԱՀԿ գոծող նախագահը վստահեցրել է՝ պատրաստակամ է աջակցել ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ հակամարտության խաղաղ կարգավորման լուծումներ գտնելու համար:

Նաև տեսակետ է հայտնել, որ բանակցային ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

ԵԱՀԿ-ն մարդակենտրոն է, միտված՝ հակամարտությունների կանխարգելմանը, անվտանգ ապագայի ապահովմանը, վստահեցնում է ԵԱՀԿ գոծող նախագահը: Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակն ասում է, որ պատրաստ է  աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ խնդրի խաղաղ լուծում գտնելու գործում:

«Ողջունել եմ այն փաստը, որ բռնությունը նվազել է սահմանին: Բազմաթիվ մարտահրավերներ կան, բայց կան նաև բոլոր հիմքերը՝ դրական լիցք հաղորդելու  գործընթացին: Կարևոր է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ բնակչությանը պետք է նախապատրաստել խաղաղության, ներգրավվել վստահություն ամրապնդող գործընթացների: Մենք մեծապես գնահատել ենք հանդիպումները, որոնք տեղի են ունեցել նախարարների, նախագահի ու վարչապետի, փոխնախարարների միջև: Փուլային, քայլային մոտեցումը, զարգացող երկխոսությունը կբերի փոփոխություններ մարդկանց կյանքում», -ասաց Լայչակը:

Արցախին բանակցություններում ներգրավելու ՀՀ վարչապետի թեզին առնչվող հարցի շրջանակներում լրագրողները ԵԱՀԿ գոծող նախագահից փորձեցին ճշտել, թե ով և ինչպես պետք է ներկայացնի Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։

«Մենք ունենք գործընթաց՝ ավանդույթների հիման վրա: Իհարկե Հայաստանի կառավարությունն է որոշում ձևաչափը, սակայն ձևաչափի որևէ փոփոխություն պետք է ընդունելի լինի կողմերի համար»,- նշեց պաշտոնյան:

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց, որ ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստող հարցեր: Նա սլովակ իր գործընկերոջը հասկացրել է, որ տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը չի նպաստում կայունության պահպանմանը տարածաշրջանում:

Նախարար Մնացականյանը ուշադրություն է հրավիրել Ադրբեջանում ընթացող լայնամասշտաբ զորավարժություններին. «Եվ հենց այս օրերին Ադրբեջանի կողմից հարձակվողական բնույթի լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը չի բխում տարածաշրջանում կայունության պահպանման տեսանկյունից»:

Փաշինյան-Ալիև սպասվող հանդիպման ժամկետների ու վայրի մասին սլովակ լրագրողների հարցին ի պատասխան՝ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում. ժամկետների ու վայրի մասին կտեղեկացվի ավելի ուշ:

0:00
0:00