ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ջրի մաֆիա չի լինի. Ջրային կոմիտեն է վստահեցնում
2019-03-13 17:53:58

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Ոռոգման ջրի համակարգում այս տարի արտոնյալներ չեն լինի, ջրի մաֆիա՝ նույնպես»,- վստահեցրել է Ջրային պետական կոմիտեի նախագահի  պաշտոնակատար Կամո Սարգսյանը: Կառուցում, սակայն, դեռ չգիտեն՝ այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառի կարիք կլինի, թե ոչ: 

Ջրաչափեր նաև ոռոգման համակարգում՝ կորուստները հաշվառելու նպատակով: Ջրային պետական կոմիտեի նախագահի  պաշտոնակատար Կամո Սարգսյանի փոխանցմամբ`ջրային կոմիտեն այդ ուղղությամբ այժմ աշխատում է:            

«Նախ մենք գլխավոր, մեծ ջրանցքներում կդնենք ջրաչափական սարքավորումները, ապա կանցնենք ներքին ցանցին: Այս պահին ներքին ցանցը բարվոք վիճակում չէ»:

Եթե խողովակաշարը փակ լինի, առաջիկա տարիներին էլ անցնեն կաթիլային ոռոգման համակարգի, ապա  օգտագործվող ջրի ծավալները  չափելի կլինեն: Ջրային կոմիտեում դեռ չգիտեն՝  այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառի կարիք կլինի՞, թե՞ ոչ: Այս պահին ջրամբարների լցվածությունը այնպիսին է, ինչպիսին եղել է  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

«Ձյան ծածկույթը բավարար է, մնում է  ակտիվ հալոցք ու անձրև լինի», -ասում է Ջրային պետական կոմիտեի նախագահի  նախագահի տեղակալ  Միհրան Հովհաննիսյանը:  

Փորձագետներն այս տարի Սևանա լճից լրացուցիչ ջրառը մահացու են համարում լճի համար: Անցյալ տարի մոտ 6 մլրդ դրամի ջուր են մատակարարել,  հավաքագրել են գումարի մոտ 40 տոկոսը: Հույս ունեն, որ այս տարի ավելին կհավաքագրեն: Գյուղացիներին հորդորում են՝ ոռոգման ջրի դիմաց գանձվող գումարը ՀայՓոստի բաժանմունքներում վճարել:  

Տարիներ շարունակ Հայաստանում հեկտարներով այգիներ են ջրվել, բայց  ոռոգման ջրի գումար չի վճարվել: Դրանց մի մասն, օրինակ, ըստ հրապարակումների,  պատկանում է  նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018-ի նոյեմբերի 22-ին առաջինը բարձրաձայնեց ստվերային գյուղատնտեսության գոյության մասին:

«Ոռոգման ջրի համակարգում այս տարի արտոնյալներ չեն լինի, ջրի մաֆիա՝ նույնպես»,- վստահեցրեց  Ջրային  պետական կոմիտեի նախագահի  պաշտոնակատար Կամո Սարգսյանը: Համակարգը պատրաստ է անհրաժեշտության դեպքում ոռոգման ջրով ապահովել գյուղացուն: Միայն թե պետք է համապատասխան հայտ ներկայացնեն, երեք օր սպասեն ու ոռոգման ջուր գոնե  գարնանը կունենան:

0:00
0:00