ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փոխե՞լ սահմանադրությունը, թե՞ ոչ. թեման նորովի է ակտիվացել
2019-03-13 18:03:55

Լիանա Եղիազարյան
«Ռադիոլուր»

Մի շարք կուսակցությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ անհատների նախաձեռնությամբ, ստեղծված Քաղաքական լիգան այսօր իր առաջին քաղաքական քննարկումն է անցկացրել:

Լիգան ստեղծողները հույս ունեն սա դարձնել քաղաքական նոր օրակարգ մշակելու եւ ներկայացնելու հարթակ: Իսկ քննարկման առաջին հիմնական թեման սահմանադրությա՞նն է առնչվել՝ հիմնովին փոխե՞լ սահմանադրությունը, թե՞ դրա որոշ դրույթներ կամ առհասարակ, կա՞ փոփոխության կարիք:

Ֆեյսբուքյան փոքր հարցումը, որն իր էջում անցկացրել է Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը, վերջինիս հիմք է տվել կարծելու, որ հասարակական-քաղաքական պահանջ կա նոր սահմանադրության ունենալու կամ փոխելու գործող մայր օրենքը:

« Այո՞, թե՞ ոչ նոր սահմանադրությանը: Հարցին 83 տոկոսը քվեարկել է կողմ, 17 տոկոսը՝ դեմ: Նույնիսկ այս փոքր հարցումը ցույց է տալիս, որ դրա հասարակական-քաղաքական պահանջը ձեւավորվել է»:

«Եվրոպական ծրագրեր» հիմնադրամի ղեկավար, Քաղաքական լիգայի նախաձեռնողներից Ատոմ Մխիթարյանն ակնկալում է, որ քննարկումների նոր ձեւաչափում իրենք կհանգեն վերջնական որոշման՝ մեզ պետք է լիովին նո՞ր սահմանադրություն, թե՞ պետք է փոփոխել գործողը: Մի բան, սակայն, ըստ Մխիթարյանի, արդեն հստակ է,

«2015-ին ընդունված Սահմանադրության վերջին տարբերակի արդյունավետությունը շատ քաղաքական գործիչներ, քաղաքագետներ ու հասարակության մի զանգված դնում են հարցականի տակ՝ հաշվի առնելով դրա ընդունման մեթոդները, որոնք օգտագործվեցին սահմանադրական փոփոխությունների «հանրաքվեն» անցկացնելու համար եւ այն մթնոլորտը, որ տիրում էր մինչ Սահմանադրության հանրաքվեն»: 

Քաղաքական լիգայի նախաձեռնող  Արամ Մայիլյանը՝ ժամանակին Գերագույն խորհրդի պատգամավոր, հակված է կարծել, որ մեզ նոր Սահմանադրություն է պետք: Հեղափոխությունը, ըստ նրա, տվեց «ինչ» հարցի պատասխան՝ այն է՝ պետք է փոխել իշխանությունը: Այժմ պետք է տալ «ինչպես» հարցի պատասխանը, այն է՝ պետք է փոխել մայր օրենքը:

«Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հեղափոխությունն իշխանության անցնելուց հետո չունի այս հարցերի պատասխանը, խարխափում է: Քաղաքական օրակարգ, ըստ էության, չկա: Մի բան էր ենթադրվում՝ անել խորքային, հիմնարար փոփոխություններ հասարակության մեջ՝ սկսելով հիմնարար փաստաթղթից՝ Սահմանադրությունից»:

Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի խոսքով՝ Հայաստանը չունի կիսանախագահական կառավարման լավ փորձ, ուստի հնին վերադառնալ չենք կարող: Իսկ այժմ էլ «սուպերվարչապետության» առկայությունը թույլ չի տալիս վայելել խորհրդարանական կառավարման մոդելն իր ողջ հմայքով: Բայց եթե «սուպերվարչապետությունն» էլ սահմանափակենք, կմնանք անփորձ խորհրդարանի հույսին՝ տարակուսում է Էդվարդ Անտինյանը:

Ժամանակին «սուպերվարչապետության» մոդելը վերացնելուց խոսող Նիկոլ Փաշինյանն ու նրա կառավարությունն այժմ ոչ միայն չեն շտապում դա անել, այլեւ կարծես առհասարակ այս հարցը հանել են օրակարգից՝ նկատում է իրավաբան Գոհար Ասելեսյանը: Գործող Սահմանադրությունը չի կարող ապահովել ժողովրդավարության սկզբունքները՝ ասում է ու բացատրում՝ վարչապետի լիազորությունները չափազանց ուռճացված են, նախագահինը՝ խիստ սահմանափակված: Բացի այդ՝ օրենսդիր մարմինը խորհրդարանն է, բայց օրենքների փոփոխությունների առաջարկներ ավելի շատ կառավարությունն է ներկայացնում: Սա ռիսկային է այն առումով, որ կարող են ավելի շատ նեղ գերատեսչական, քան հանրային շահերից բխող օրենքներ ընդունվել: Իրավաբան Գոհար Ասելեսյանի կարծիքն է:

«Գործող Սահմանադրության փոփոխությունը կամ նոր Սահմանադրությանը ընդունումը դարձել է ոչ միայն քաղաքական պահանջ, այլեւ հրամայական: Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք իրավական եւ քաղաքական գործոններով»:

Մինչդեռ սահմանադրագետ Վարդան Այվազյանը համոզված է՝ Սահմանադրությունն ու դրա փոփոխությունները երբեք պետք չէ պայմանավորել քաղաքական իրողություններով: Այդպես լինում է ոչ նորմալ երկրներում՝ ասում է:

« Եթե Սահմանադրությունը բխեցնենք քաղաքական իրողությունից, ուրեմն մենք ընդհանրապես պետության եւ պետականության մասին չպետք է խոսենք: Իրողությունները պետք է բխեն Սահմանադրությունից»:  

Այնուամենայնիվ, Հայաստանի Մայր օրենքում թերություններ, այո, կան, ու դրանք շտկելու որոշ կարիք՝ նույնպես՝ ասում է սահմանադրագետ Վարդան Այվազյանը: Իսկ այն մասով, որ իշխող քաղաքական ուժը կարծես ցանկություն չունի Սահմանադրությունը փոփոխել, ապա խնդիրն այստեղ, ըստ «Ռադիոլուրի» զրուցակցի հետեւյալն է՝ նախկին իշխանությունը Սահմանադրությունը մշակել է իր համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով: Կարելի է ենթադրել, որ նոր իշխանությունը նույնպես գայթակղվել են այդ համարավետությամբ՝ ասում է:
 

0:00
0:00