Top.Mail.Ru
ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հայաստանն ու Վրաստանն ունեն մեծ ապագա. Զուրաբիշվիլի
2019-03-13 18:14:34

Կարեն Ղազարյան 
«Ռադիոլուր»

Հայ-վրացական հարաբերություններին բնորոշ է փոխըմբռնման և վստահության մթնոլորտը` իր խոսքում շեշտեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը: «Դրանց հիման վրա այսօր զարգանում և ամրապնդվում է մեր երկու երկրների բազմաոլորտ համագործակցությունը: Այսօր կրկին Վրաստանի հետ առանձնահատուկ հարաբերությունների զարգացումն իր ուրույն տեղն է գրավում Հայաստանի օրակարգում»,- նշեց նախագահը:

Դրա մասին են վկայում ամենաբարձր մակարդակի պարբերական հանդիպումներն ու ձեռք բերված պայմանավորվածությունները: Նախագահ Արմեն Սարգսյանը հերթական հանդիպումն էլ արդյունավետ որակեց: Ասաց, որ վրացի գործընկերոջ հետ քննարկել են նաեւ տարածաշրջանային հակամարտություններին վերաբերող հարցեր: 

«Իմ վրաց գործընկերոջ հետ համակարծիք էինք, որ հիմնահարցերն ու հակամարտությունները նույնական չեն: Հետևաբար նույնական չեն դրանց կարգավորման հիմքերը: Այնուհանդերձ, իմ անձնական համոզմամբ, լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով, միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա»:

Կայունությունն ու խաղաղությունը պարտադիր նախապայման են, որ զարգանա երկու երկրի միջև տնտեսությունը, որ մենք խորացնենք տնտեսական համագործակցությունը՝ իր հերթին հայտարարեց Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին:

«Մեր տարածաշրջանում շատ մարտահրավերներ կան, և կարևոր է, որ իմանանք, որ այժմ խնդիրները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ դրանց լուծումը պետք է հիմնված լինի միջազգային օրենքների վրա»:

Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ Վրաստանի համար կարևոր է, որ տարածաշրջանում եղած հակամարտությունները չտեղափոխվեն Վրաստանի տարածք: Ասվածը նաեւ այսպես պարզաբանեց.

«Մեզ համար շատ կարևոր է, որ հայկական ծագմամբ կամ ադրբեջանական ծագմամբ Վրաստանի քաղաքացիները խաղաղ ապրեն մեր երկրում և լինեն ինտեգրված մեր երկրում»:

Զուրաբիշվիլին ասաց՝ որպես նախագահ ինքը պարտավորություն ունի, որ ավելին անի Վրաստանում ապրող հայերի համար, որպեսզի կարողանան ինտեգրվել Վրաստանի մշակութային, կրթական կյանքում:

Զուրաբիշվիլին մեկ այլ կարեւոր հայտարարություն էլ արեց՝ կապված հայ-վրացական սահմանի հետ: Կարծիք հայտնեց՝ եկել է ժամանակը, որ Հայաստանն ու Վրաստանը լուծեն սահմանային հարցերը: Պետք է աշխատենք այդ ուղղությամբ՝ ասաց նա: Նշեց նաեւ, որ երկու երկրներն ունեն մեծ ապագա եւ երկուստեք լավատեսություն կա: Մտադիր ենք մեր զրույցը շարունակել և չբավարարվել միայն հայտարարությամբ՝ այսպես իր խոսքը եզրափակեց Վրաստանի նախագահը:

Վրաստանի նախագահը պաշտոնական երկօրյա այցով Հայաստանում է նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով: Արմեն Սարգսյանն ասաց, որ ընդունում է Վրաստանի նախագահի՝ Վրաստան այցելելու հրավերը:

0:00
0:00