ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Մեսրոպ արք. Մութաֆյանի հուղարկավորությունը՝ այս կիրակի
2019-03-14 18:10:41

Արմինե Գեւորգյան
«Ռադիոլուր»

Այսօրվանից Կ. Պոլսում հավատացյալները կարող են վերջին հրաժեշտը տալ Կ. Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին։ Հուղարկավորությունը տեղի է ունենալու կիրակի օրը։

Սրբազան հայրն իր մահկանացուն կնքել է մարտի 8-ին՝ մոտ 10 տարի կոմայի մեջ գտնվելուց հետո։ «Ռադիոլուրն» այսօր զրուցել է Մեսրոպ արքեպիսկոպոսի ուսանողներից Հռիփսիմե Արզուման-Մեյդանի հետ, որը մանրամասներ է հայտնել:

Հռիփսիմե Արզումանեյդանը  Կ. Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի առաջին ուսանողներից էր, երկար տարիներ աշխատել է  պատրիարքարանում։ Ասում է, որ վախճանված պատրիարքի  ներդրումն ու  դաստիարակչական դերակատարությունը մեծ է եղել Ստամբուլի հայկական  համայնքում:

2008 թվականից պատրիարք Մութաֆյանը տառապում էր անբուժելի հիվանդությամբ և բժիշկների մշտական հսկողության տակ էր Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում։  52 տարեկան էր պատրիարքը, երբ հայտնվեց կոմայի մեջ: Բժիշկների խոսքով՝ նման վիճակում մարդը կարող է  ապրել ամենաշատը 4 տարի: Հռիփսիմե Արզուման-Մեյդանն  ասում է, որ պատրիարքն անգամ իր մահով տարբերվեց, քանի որ այդ հիվանդությունով ապրեց 11 տարի:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ երեկ  Կ.Պոլսում հավաքի ընթացքում մոտ 200 դպիր ինքնակամ  ցանկություն է հայտնել մասնակցելու պատրիարքի թաղման կարգին:

«Ռադիոլուրը» փորձեց տեղեկություն ստանալ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից, թե արդյոք պատվիրակություն մեկնելու է  Ստամբուլ՝ մասնակցելու պատրիարքի հուղարկավորությանը եւ այդ օրը՝ կիրակի, արդյոք Մայր աթոռում նախատեսված է արարողություն՝ նվիրված Մեսրոպ սրբազանին։ Տեղեկություններ մեզ այդպես էլ չհաջողվեց ստանալ: