ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Սրճարաններն ապամոնտաժվում են
2019-03-14 18:43:18

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Օպերայի տարածքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանությունը բերման է ենթարկել 17 քաղաքացի: Այս պահին ապամոնտաժման աշխատանքները դադարեցված են, սակայն Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը պնդել է, որ դրանք  միևնույն է հասցվելու են ավարտին:

Օպերայի տարածքում ապամոնտաժվող սրճարանատերերն ու աշխատակիցներն ի նշան բողոքի փակել էին Մաշտոցի պողոտան: Ոստիկանները, սակայն, ուժով փորձեցին հեռացնել վերջիններիս: Չստացվեց: Նրանք նստեցին փողոցում և կանգնեցրին երթևեկությունը:

Մինչ նրանք փակել էին փողոցը, կենտրոն վարչական շրջանի շինտեխնիկան քանդում էր սրճարանները: Այնուհետև բոլորի ուշադրությունը դարձավ այդ կողմ:  Սրճարանատերերից Էլիզաբեթ Ղազարյանը պահանջում էր կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի ներկայությունը: Վերջինս եկավ և տեղում էր հետևում գործողություններին: Սրճարանատերերից Էլիզաբեթ Ղազարյանը հայտարարեց վարչական շրջանի ղեկավարի ռեստորան ունենալու փաստը և առաջարկեց  ապամոնտաժումը սկսել դրանից:

Լարված իրավիճակը շարունակվում էր, ոստիկանությունը բերման ենթարկվեց 17 քաղաքացու: Իրավիճակն այնքան էր սրվել, որ ակցիայի մասնակիցները բենզին լցրեցին սրճարանների մեկի վրա; Տեղում աշխատող  արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցները, սակայն, արեցին հնարավորը՝ կրակի բռնկումը կանխելու համար:

Օպերայի տարածքի սրճարաններն ապամոնտաժող տեխնիկան կրկին դուրս բերվեց  տարածքից: Ցուցարարները թույլ չտվեցին, որ ապամոնտաժումը շարունակվի, սակայն վարչական շրջանի ղեկավարը պնդեց, որ աշխատանքները միևնույն է՝ հասցվելու են ավարտին:

Այնուհետև իրավիճակին տեղում ծանոթանալու եկան ԲՀԿ խմբակցության պատգամավորները: Նաիրա Զոհրաբյանն ու Արման Աբովյանը առաջարկեցին Վիկտոր Մնացականյանին սրճարանատերերի հետ գնալ երկխոսության ճանապարհով, փորձել գտնել լուծման ճանապարհներ:

Նշենք նաև, որ հրմշտոցի արդյունքում վնասվել էր Նաիրա Զոհրաբյանը: Իսկ քաղաքապետ Հայկ Մարությանն իր դիրքորոշումը հայտնել է ֆեյսբուքում։ «Մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը, ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական»,- ասում է նա:

0:00
0:00