ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Շուտով կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը
2019-03-15 16:30:03

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Մի քիչ էլ համբերեք և մենք կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը` կրկեսի ճակատագրով հետաքրքրվող «Ռադիոլուրին» այսօր այսպես է արձագանքել գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը:

Կրկեսի նոր շենքը շահագործման հանձնելու կոնկրետ ժամկետ նշելուց խուսափել են և գեղարվեստական ղեկավարը, և շինարարական կազմակերպության ներկայացուցիչը, սակայն Սոս Պետրոսյանը հույս ունի, որ Լեոնիդ Ենգիբարյանի 85-ամյակը, որը տեղի կունենա ուղիղ մեկ տարի հետո, նշելու են Երևանի նորաբաց կրկեսում:


​​​​Հին կրկեսից մնացել է միայն անունը, նկարներն ու բարի հիշողությունները, չնայած ի սկզբանե «Տաշիր» ընկերությունների խմբի ծրագիրը նախատեսում էր վերականգնել ու բարեկարգել եղածը:

Ամեն ինչ փոխվեց ընթացքում և կայացվեց որոշում՝ թույլ սեյսմակայունությամբ հին շենքի փոխարեն կառուցել նորը՝ տեխնիկական նորագույն ու լավագույն լուծումներով, չնայած ծախսը բազմապատկվելու էր մի քանի անգամ: Նախկին 18-ի փոխարեն 28 մետր բարձրությամբ գմբեթ, 1500-ի փոխարեն շուրջ 2500 նստատեղ, անվտանգության հզոր համակարգ, վերգետնյա վեց, ստորգետնյա երկու հարկ և այլն:

«Տեխնիկական զինվածության առումով այսպիսի կառույց Հայաստանում չկա»,- վստահեցնում է ինժեներ Ավագ Հովհաննիսյանը:


Ավագ Հովհաննիսյանն այսօր հերքեց շրջանառվող լուրերը, թե թավշյա հեղափոխությունից հետո
«Տաշիր» ընկերությունը դադարեցրել էր ծրագրի ֆինանսավորումը:

Իր բնորոշմամբ՝ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Ոչ մի րոպե որևէ նման խնդիր չի եղել»:

«Ներդրողն անում է առավելագույնը, որպեսզի Երևանին մատուցի լավագույն նվերը, իսկ նվերի գինը, ինչպես հայտնի է կարևոր չէ»,-ներդրումների մոտավոր ծավալին առնչվող հարցիս այսպես է արձագանքում գլխավոր ինժեները:

«Եթե կրկեսի շենքը պատրաստ չէ, դա դեռ չի նշանակում, որ կոլեկտիվը նստած սպասում է, մեր բոլոր արտիստները ակտիվ հյուրախաղերի մեջ են»,-կրկեսի ճակատագրով հետաքրքրվող «Ռադիոլուրին» այսպես պատասխանեց Կրկեսի գեղարվեստական ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Սոս Պետրոսյանը:

Ասում է՝ գրեթե չկա մի օր, որ շինհրապարակում չլինեմ, կրկեսի բացմանը բոլորից շատ եմ սպասում: Այսօր Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 84-րդ տարեդարձն է: Պետրոսյանը լիահույս է, որ 85-ամյակը մեծ շուքով նորաբաց կրկեսում են նշելու. «Մի քիչ էլ համբերեք և մենք կունենանք տարածաշրջանի լավագույն կրկեսը»:

Ի դեպ, կրկեսի տնօրենն ասաց, որ բացման հանդիսավոր արարողության ծրագրին մասնակցելու համար կրկեսային համարների շուրջ 3000 առաջարկ է ստացել։ Դրանցից ընտրվելու են լավագույնները:

0:00
0:00