ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Օպերայի համեմատ, Հրազդանի կիրճում նորմերը խախտված չեն
2019-03-15 18:39:05

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Ազատության հրապարակում  սրճարանների ապամոնտաժումն այսօր էլ շարունակվել է, բայց ի տարբերոթյուն երեկվա՝ ավելի հանգիստ մթնոլորտում: Ցավում եմ, որ վերականգնման ակցիան ինչ-ինչ պատճառներով  բացասական երանգներ ստացավ՝ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:

Նա նշել է, որ գործընթացը կշարունակվի, սրճարաններից կազատվեն բոլոր զբոսայգիները, միաժամանակ՝ սրճարանատերերին հնարավորություն կտրվի դիվերսիֆիկացնել իրենց բիզնեսները, բայց՝ ոչ զբոսայգիների հաշվին: Քաղաքային իշխանությունները պլանավորում են սրճարանների համար նոր գոտիներ ստեղծել:

Հնարավոր տարբերակներից մեկն, օրինակ, Դավիթաշենի ձորն է: Իսկ մինչ այդ Ռադիոլուրն այսօր եղել է Հրազդանի կիրճում, որտեղ եւս բազմաթիվ ռեստորաններ կան եւ իր այցն սկսել է հենց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ընտանիքին պատկանող ռեստորանից։

Երևանի կանաչապատ տարածքները հանրությանը հանձնելու քաղաքապետի խոստումն սկսվեց Օպերայի հարակից տարածքում գործող սրճարաններից: Սակայն ռեստորաններով ոչ պակաս խեղդված է նաև Հրազդանի կիրճը:

Այստեղ է գտնվում նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանի հորը պատկանող «Երևանյան գիշերներ» ռեստորանը: Այն այժմ անվանափոխվել է «Պանդոկ Երևան Գետափին»: Ռադիոլուրը եղավ Հրազդանի կիրճում, իսկ առաջին կանգառը հենց վերոնշյալ ռեստորանն էր:

Ի դեպ, սա այդ հատվածի միակ ռեստորանն էր: Արդյո՞ք այստեղ, ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանն էր ասում, նորմեր չեն խախտվել: Ըստ թաղապետի, այս տարածքը ռեստորանների համար հարմար  տարածք է: Այստեղ կարևորը Հրազդան գետը մաքուր պահելն է:

«Երևանյան գիշերներ: Երեք կարևոր բան: Անօրինական չէ, զբոսայգի չի և այդտեղ ավելի շատ ծառ է տնկվել, քան եղել է: Եթե որևէ մեկը փաստ բերի, թե ինչ ծառ է եղել, որ մեր ժամանակ կտրվել է, դա արտադրական տարածք է եղել: Եղել է  ինչ- որ նախարարության  լաբորատորիա:  Ընդամենը լաբորատորիան և հարակից տարածքով  դարձել է ռեստորան, որը մենք տվել ենք վարձակալության: Եթե կան խնդիրներ, ապա ես էլ , հայրս էլ պատրաստ ենք  պատասխան տալ»,- ասում է Վիկտոր Մնացականյանը:
 

Իսկ Հայկ Մարությանը նշել է, որ Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժումը գործընթացի սկիզբն է: Սա անելու են ամեն տեղ, որտեղ կան նորմերի խախտումներ: Օղակաձև այգին, Հրազդանի կիրճը նույնպես ռեստորանապատված են: Քաղաքապետը նշել էր, որ այնտեղ, որտեղ  խախտված են նորմերը, պետք է վերականգնվեն:

«Սա փուլային աշխատանք է: Այսինքն՝ այնպես պետք է արվի, որ վերականգնվեն այգիները, բայց միևնույն ժամանակ չտուժեն տնտեսվարողները: Եվ այդ ճանապարհը կա»:

Քաղաքին սրճարաններ պետք են, սակայն պետք է հասկանալ, թե դրանք որտեղ են անհրաժեշտ կառուցել, որպեսզի հետագայում էլ տնտեսվարողները խուսափեն խոչընդոտներից: Սա Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի կարծիքն է: Վերջինիս խոսքով՝ եթե կանաչապատ հատվածների սրճարանները փակում են, ապա պետք է փակվեն բոլորը՝ առանց բացառության: Նույն իրավիճակն է նաև «Առագաստ» սրճարանի տարածքում, որտեղ մանուկների համար նախատեսված զվարճանքներն այնքան խիտ են տեղադրված, որ խանգարում են մյուս քաղաքացիների հանգիստը:

«Այնտեղ տեղադրված են ատրակցիոններ, երբ դրանց համար կա մանկական երկաթուղի կամ Հաղթանակի այգին»:

Թե Օպերային տարածքից հետո որ հանգստի գոտին կվերադարձվի հանրությանը քաղաքապետարանից հայտնում են, որ դեռ իրենք պետք է պարզեն նման քայլի իրավականը հիմքերը։

0:00
0:00