ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ղարաբաղյան խնդիրը՝ ԱԺ դռնփակ քննարկման թեմա
2019-03-15 18:57:57

Լենա Բադեյան
«Ռադիոլուր»

Այսօր խորհրդարանում հերթական դռնփակ հանդիպումն էր: Սկսվեց կեսօրին, տեւեց գրեթե երկու ժամ:  Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման նախաձեռնողը ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն էր, բայց հանդիպմանը մասնակցել են նաեւ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների նախագահները եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը:  Այսօրվա հանդիպումը թեեւ բաց օրակարգով էր, բայց ենթադրելի էր, որ հիմնական հարցերն առնչվում էին ղարաբաղյան կարգավորման գործընթացին:

Արտառոց եւ գաղտնի որեւէ հարց Աժ-ում դռնփակ հանդիպմանը չի քննարկվել: Որոշակի փակագծեր բացվեցին հանդիպումից հետո, իսկ մինչ այդ պատգամավորների համար ընդունելի էր հատկապես արցախյան խնդրին առնչվող հարցում խորհրդարանի՝ դռնփակ քննարկումների ձեւաչափը: Ավելի արդյունավետ է՝ կարծում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների առաջիկա հանդիպման կազմակերպման վրա կողմերը դեռ աշխատում են: Միմյանց հարգելու դիվանագիտական սկզբունքից ելնելով են սպասում այն պահին, երբ հանդիպման վայրի եւ ժամկետների մասին կկարողանան հայտարարել միաժամանակ: Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր դիվանագիտական այդ սկզբունքը չխախտեց:

«Համաձայնեցնում ենք ամենը, հետո միաժամանակ հայտարարում ենք: Այդ պահը դեռ չի եկել, որպեսզի մենք հայտարարենք: Այստեղ կողմերի միջև միմյանց հարգելու խնդիրն է, որ մենք միաժամանակ, համաձայնեցված ենք հայտարարում հանդիպման ժամկետների և վայրի մասին: Այժմ այդ ուղղությամբ աշխատվում է»,-ասաց Մնացականյանը:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում փակ հանդիպումից հետո արտգործնախարարը հստակեցրեց. նոր մոտեցումներով, նոր տրամաբանությամբ, վստահությամբ փորձում են զարկ տալ բանակցային գործընթացին: Սեղանին Մադրիդյան 3 սկզբունքներից եւ 6 տարրերից բացի այլ հարցեր էլ կան:

« Կարեւոր սկզբունքներից մեկը, թե ինչպես են մեկնաբանվում եւ ընկալվում այդ սկբունքները: Այդ առումով հստակ արտահայտել ենք, թե ինչ գերակայություն ունի Հայաստանի համար ստասուսի եւ անվտանգության խնդիրները: Մենք ունենք մեր մոտեցումները, թե ինչ նշանակություն ունի  ԼՂՀ  ներգրավվածության եւ որոշիչ ձայնի հարցը: Սա ոչ թե պետք է դիտվի նախապայման, այլ պետք է դիտվի որպես արդյունավետությանն ուղղված մոտեցում: Ինչպես նաեւ մենք անդրադարձել ենք խաղաղությանը նպաստող միջավայրի հարցերին»,- ընգծեց արտաքին գործերի նախարարը:

Վերջին անգամ հայերը Ադրբեջանում եղել են 2017-ի սեպտեմբերին: ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանն ու Մանե Թանդիլյանը աշխատանքային այցով մեկնել էին Բաքու: Աշոտյանի ներկայացմամբ՝ խաղաղության մթնոլորտի նախադրյալներ Բաքվում դեռ չկան: Նախկին իշխանության ներկայացուցիչը Արցախյան հարցում հակասություններ է տեսնում  քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտեցումների մեջ:

Արցախում հայկական երկու պետությունների անվտանգության խորհրդի նիստը գործած սխալների սրբագրում էր. նախկին իշխանությունների տեսանկյունից՝ Փաշինյանն այժմ Ալիեւի հետ հանդիպումից առաջ հետքայլեր է անում: Նման մոտեցումը չի կիսում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

« Իրենք ի՞նչ են ուզում, որ Փաշինյանն ասի՝ դե լավ, չեմ գնո՞ւմ, հետո ասեն՝ չգնաց, ուրեմն պատերազմ կսկսի: Մի հատ հասկանանք նպատակը ինչն է : Նախկին իշխանություններն են, որ հասցրել են նման վիճակի, հետեւաբար, պետք է ինչով կարող են օգնեն, ինչով կարող են՝ չխանգարեն»,- ասաց Մարուքյանը:

Այս փուլում իրավիճակը հետեւյալն է. Հայաստանն այսօր բանակցում է եւ Արցախի հետ,  ապա Մինսկի խմբի շրջանակներում՝ Ադրբեջանի հետ: Զոհրաբ Մնացականյանի ներկայացմամբ՝ ինքը պարբերաբար հանդիպում է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ: Վերջինս, ի դեպ, վերջերս հայտարարել էր, որ Մադրիդյան սկզբունքները հնացած են: «Ռադիոլուրին» տված հարցազրույցում շեշտել՝ Արցախն սպասում է միջնորդների նոր առաջարկների։ Այս հարցում Հայաստանի արտգործնախարարը կրկին կարեւորում է սկզբունքների մեկնաբանությունը:

« Գիտե՞ք ինչպես է: Սկզբունքները, եթե մենք դիտարկում ենք որպես սկզբունքորեն շրջանակ, որի մեջ մենք աշխատում ենք փոխզիջումային լուծումներ գտնելու ուղղությամբ, երբեւէ որեւէ մեկը չի մերժել, որ դա շրջանակ է, որը գոյություն ունի, բայց այդ շրջանակի մեջ շատ էական հարց է՝ մեկնաբանումը եւ համադրումը մոտեցումների, դիրքորոշումների եւ պարտավորությունների: Եթե սպասվում է, որ մեկ կողմը կարող է ավելի շատ զիջող լինել, քան մյուսը, դա չի աշխատելու: Չի կարող լինել նման երեւույթ»,- նշեց ԱԳ նախարարը:

Հայաստանի արտգործնախարարը հավաստիացնում է՝ չեն անելու որեւէ բան, որը բանակցությունները փակուղի կտանի:

0:00
0:00