ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ընտրություն և խաղաղություն բառերն այլեւս «հականիշներ» չեն համարվի
2018-11-14 16:20:57

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, խոսելով երկրի առջև ծառացած բազում մարտահրավերների մասին, կարևորել է առաջիկայում կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները՝ նշելով, որ իր ցանկությունն է, որ դրանք խաղաղ ընթացք ունենան, առանց անցանկալի միջադեպերի:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում ընտրություններ և խաղաղություն հասկացությունները սկսել են որպես հականիշ ընկալվել եւ հավաստիացրել, որ ընտրությունները միանշանակ կանցնեն խաղաղ:

«Այլ կերպ լինել ուղղակի չի կարող, և Հայաստանում, ընդհանրապես ժամանակն է, որ մենք ընտրություններ և խաղաղություն հասկացությունների խորքում հակադրություններ չնկատենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իր համար միշտ հաճելի է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և վստահաբար դեռ շատ անգամ կլինի: Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն առանձնակի նշանակություն ունի մեր ժողովրդի, Հայ առաքելական եկեղեցու յուրաքանչյուր հետևորդի, այդ թվում՝ իր և իր ընտանիքի կյանքում:

«Եվ ընդհանրապես ժամանակ առ ժամանակ պետք է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սա նաև անցյալի և ապագայի մասին խորհելու, մտածելու ամենահարմար վայրն է»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ասել է, որ առկա է որոշակի վստահություն և լավատեսություն,  որ ընտրությունները կանցնեն խաղաղ, հանգիստ, համերաշխ մթնոլորտում, քանի որ այդպիսի ընթացք ունեցան և՛ քաղաքապետի, և՛ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: