ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Հուշարձանների պահպանությունը՝ խնդիր նաեւ Արցախում
2018-11-14 16:53:12

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

 

Հայկական զույգ պետությունների մշակութային տիրույթում խնդիրներն ունեն շատ ընդհանրություններ: Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում՝ հուշարձանների պահպանման, վերականգնման ոլորտն ամենածանրն է համարվում:

Աշխատանքային 100 օրն ընդամենը վերջերս ամփոփած Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույց նշել է, որ ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում այսօր փորձում են նոր քաղաքականություն մշակել հատկապես թանգարանների ուղղությամբ, իսկ Շուշիի պատմական տեսքի վերականգնման հայեցակարգը կյանքի կոչելը նախարարի առաջնային նպատակներից է:

Ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում մշակույթի առջև ծառացած ամենաբարդ խնդիրները, թերևս, հուշարձանների պահպանության ոլորտում են. հուշարձանները շատ են, միջոցները՝ սուղ: Արցախի`շուրջ 10 հազար հուշարձաններին պետբյուջեից տրամադրվող 120 միլիոն դրամը, իհարկե, խնդիրները չի լուծում: Ինչպես այս, այնպես էլ մշակույթի այլ ոլորտներում խնդրիները փորձում են լուծել՝ դիմելով նաև բարերարների օժանդակությանը:

Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանն ասում է, որ միջոցների սղությունն այս ոլորտում միակը չէ:

Ոլորտում մյուս կարևորագույն խնդիրը Արցախի տարածքում գտնվող խաչաձև կենտրոնագմբեթ հատակագծով եկեղեցիների վերականգնումն է: Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր նման խնդրի առջև է կանգնած 17-րդ դարի կառույց Երից Մանկանց եկեղեցին: Բառի բուն իմաստով ՝ եկեղեցին փրկելու նպատակով այժմ բանակցություններ են տանում  ավստրլահայ հայ համայնքի հետ, որի օժանդակությամբ էլ, ամենայն հավանականությամբ, կսկսեն վերականգնման աշխատանքները:

Արցախի մշակութային կյանքում այսօր ամենացավոտ թեմաներից է Ստեփանակերտի Վրթանես Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի շենքի խնդիրը: Այստեղ ևս խնդիրն առանց բարերարների ու թատրոնի հանդեպ սրտացավ վերաբերմունք ունեցողների օգնության չի լուծվի:

Ի թիվս մշակույթի մի շարք ոլորտների, Արցախում այսօր փորձում են նոր քաղաքականություն մշակել՝ հատկապես թանգարանների ուղղությամբ:

2019-ին շահագործման կհանձնվի Արցախի պատմաերկրագիտական թանգարանի նոր շենքը: Այժմ քայլեր են իրականացվում Շուշիի պատմության թանգարանն առավել բարվոք տարածք տեղափոխելու ուղղությամբ

«Ընդհանրապես, Շուշին աստիճանաբար վերածվում է թանգարանային քաղաքի»,-ասում է Հովհաննիսյանը: Այստեղ են գործում ՀՀ կենտրոնական բանկի Դրամի թանգարանը, Գորգերի մասնավոր հավաքածուների թանգարանը, պատմաճարտարապետական խիստ ինքնատիպ կառույցներ:
 

Արցախի մշակութային գերատեսչության ղեկավարն ասում է.«Շուշիի պատմական տեսքի վերականգնման հայեցակարգը կյանքի կոչելը մեր առաջնային նպատակներից է»:

 

0:00
0:00