ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
«Սևան x4 Sevan». նկարչուհիները մեկտեղել են իրենց հուշերն ու սեր խոստովանել
2019-03-16 16:23:42

Սևանը՝ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում, չորս կանանց աչքերով. «Սևան x4 Sevan» խորագիրը կրող ցուցահանդեսը դեռ մեկ շաբաթ էլ կսպասի իր այցելուին:

Ասում են՝ կանայք հազվադեպ են համախմբվում, ավելին՝ կան վայրեր, որտեղ մեկից ավելի կանայք կողք կողքի դժվար են ապրում, օրինակ՝ խոհանոցում:

Գուցե ասվածի մեջ ճշմարտություն կա, բայց այն արվեստին չի վերաբերում:

Օրինակը «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում չորս արվեստագետ կանանց միաժամանակյա ներկայությունն է:

Գեղանկարիչներ Անուշ Առաքելյանը, Զարուհի Մուրադյանը, Անուշ Չուբարյանը և ճատրարապետ Լուսին Մամյանը մեկ տեղում են՝ իրենց ընդհանուր հուշերով ու իրարից տարբեր աշխատանքներով։ Զարուհի Մուրադյանը պատմում է՝ ինչպես ծնվեց «Սևան x4 Sevan» խորագիրը կրող ցուցահանդեսի գաղափարը:

«Գաղափարը ծնվեց, երբ եկավ գարունը, խումբն էլ հավաքվել էր, նկարիչների համագումարից առաջ ու վերականգնվեց մեր մանկության ընկերությունը»:

Շորժան երկար տարիներ հատուկ վայր է եղել հայ նկարներիչների համար, ասում է Անուշ Առաքելյանը, ցուցահանդեսն էլ իրենց չորսի սիրո դրսևորման արդյունքն է համարում:

«Կոնկրետ Շորժայի սիրահարներ են եղել մեր ծնողները, մենք էլ կարողացանք սիրել մի կտոր հողն ու հիմա սեր ենք խոստովանում մեր սիրելի Սևանին»:

Շորժայի նկարիչների միության հանգստյան տանը աշխատել ու մեծացել են բազմաթիվ արվեստագետներ: Սիրուց բացի՝ ցուցահանդեսում մեր հիշողությունն ու հուշերն են, հավելում է Լուսին Մամյանը:

«Այս ցուցահանդեսն իր մեծ հիշատակ է պարունակում, հիշատակ, այս ցուցահանդեսով մենք ուզում ենք հիշել մեր ծնողներին, ովքեր մշակի պես ծառայել են մեր մշակույթին ու հայրենիքին»:

Հենց այս հանգստյանն տանն է ծնվել հայտնի արվեստագետների բարեկամությունը, ասում է Անուշ Չուբարյանը, այստեղ մեծացել են նկարիչների սերունդներ, բարեկամացել, կայացել որպես արվեստագետ, կյանք ապրել միասին։

Թեև Շորժայի Նկարիչների միության հանգստյան տունն արդեն չի գործում, բայց այստեղ ձևավորված կապերը շարունակվում են և շարունակում են ստեղծագործելու առիթ տալ։

«Շորժային ու մեր ծնողներին մենք պարտական ենք մեր կենսագրությամբ»:

Սևանի բնապատկերները «Սարգիս Մուրադյան»-ում դեռ մեկ շաբաթ էլ կմնան, իսկ ցուցահանդեսի պաշտոնական փակմանը բոլոր այցելուներին նկարչուհիները անակնակալ են խոստանում՝ «Նարինյան վոկալ» անսամբլը կմասնակցի ցուցահանդեսի փակմանը:

0:00
0:00