ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Փաշինյանի հայտարարությունները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել Բաքվին
2019-03-16 16:44:12

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտնի հայտարարությանը հաջորդած ինչ-որ կողմից հրահրված քննարկումներն ամբողջությամբ փակվեցին Ստեփանակերտում անցկացված անվտանգության խորհուրդների համատեղ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձրաձայնած դրույթներով: Այս կարծիքն այսօր հայտնել է ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը: Նրա կարծիքով՝ Փաշինյանի հայտարարությունները բարդ խնդրի առաջ են կանգնեցրել Բաքվին:

ԵԱՀՄ Մինսկի խմբի համանախագահների հայտնի հայտարարությանը Ադրբեջանից դրական արձագանքներ հնչեցին այն բանից հետո, երբ Հայաստանում մտահոգություններ սկսեցին արտահայտվել՝ ասաց ադրբեջանագետ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւ Հայրապետյանը: Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանն այն հատվածներին էր հղում արել, որոնք իրեն են ձեռնտու՝ անտեսելով հայտարարության այս կամ այն հատվածը առանձնացված չդիտելու համանախագահների կոչը: Ադրբեջանագետը նկատեց, որ քննարկումները փակվեցին Ստեփանակերտում անցկացված ԱԽ-ի հայտնի նիստով, որտեղ էլ, նրա ձեւակերպմամբ, վարչապետ Փաշինյանը հստակ դրույթներ բարձրաձայնեց.

«Կարծում եմ, վարչապետը որոշակիորեն մարտահրավեր նետեց ինչ-որ տեղ Բաքվի վարչակարգին: Մասնավորապես՝ խոսքը վերաբերում է խաղաղության նախապատրաստման խնդրին: Ալիեւը, որ շատ հայտնի է ատելության վերաբերյալ քարոզչական իր կոչերով, բավականին բարդ իրավիճակում կարող է հայտնվել, որովհետեւ երբեւէ Հայաստանում պետական մակարդակով ատելության քարոզ չի եղել: Դա շատ ողջունելի փաստ է»:

Դա մեզ հնարավորություն է տալիս հանգիստ խոսել խաղաղության մասին: Խնդիրն այն է, որ մենք երբեք չենք համաձայնի խաղաղության Ադրբեջանի պայմաններով՝ հավելեց ադրբեջանագետը: Տաթեւ Հայրապետյանը կարծում է, որ խնդիրներից մեկն էլ, որ լինելու է Փաշինյան-Ալիեւ առաջիկա հանդիպման օրակարգում, դա երեք հիմնական սկզբունքների եւ վեց տարրերի մեկնաբանությունների խնդիրն է:

«Փաշինյանը ցանկանում է, որ համանախագահները տան այնպիսի մեկնաբանություն, որ Ադրբեջանը չփորձի այս կամ այն դրույթը փորձել օգտագործել ի շահ իրեն, եւ այդ ամենը դիտվի համալիր համատեքստում»:

Անդրադառնալով վերջին շրջանում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հայտարարություններին եւ դրանց տրված արձագանքներին՝ ադրբեջանագետը նկատեց, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում ընդհանրապես քննարկում չի ծավալվում: Դա վկայում է այն հսկայական անջրպետի մասին, որ գոյություն ունի երկու հանրությունների միջեւ:

Ադրբեջանում իշխանության եւ ընդդիմության արձագանքների համադրումն էլ ցույց է տալիս, որ Ադրբեջանի ներսում կա լարվածություն՝ կապված Փաշինյանի արած հայտարարությունների հետ:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը նաեւ կոչ արեց ներհայաստանյան քննարկումներում չփորձել այս կամ այն հայտարարությունը օգտագործել պարտվողական, զիջողական տրամադրություններ սերմանելու մեջ, քանի որ նման խնդիր ընդհանրապես չկա:

0:00
0:00