ՈՒՂԻՂ ԵԹԵՐ
192 Kbps
128 Kbps
64 Kbps
48 Kbps
Arm Radio FM 107
Vem Radio FM 91.1
Im Radio FM 103.8
Ինչպե՞ս հաղթահարել մաքսային խոչընդոտները
2019-03-16 17:55:16

Լուսինե Վասիլյան
«Ռադիոլուր»

Մշակվում է օրենսդրական փոփոխություն, որը փորձելու է հեշտացնել Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրած մեր հայրենակիցների մաքսային խնդիրները: Խոսքը, մասնավորապես այն կարգավորումների մասին է, որոնց հայրենադարձները բախվում են իրենց գույքն ու իրերը Հայաստան տեղափոխելիս: Պարզվում է՝ մաքսային արգելքները խնդիր են շատերի համար: Օրինակներից մեկին օրերս անդրադարձել էր «Հետք»-ը:

Մշտական բնակության նպատակով Լիբանանից Հայաստան տեղափոխված Իշխան Ավո Ոսկերիչեանի ընտանիքը hնարավորինս սեղմ ժամկետում կկարողանա իր անձնական գույքն առանց որևէ վճարի ստանալ մաքսային պահեստից ՝ իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:

«Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչն այս գրառմամբ արձագանքել է «Հետք»-ի հրապարակմանը , որտեղ պարբերականը ներկայացրել էր այն խնդիրը, որին հայրենադարձ Իշխան Ավո Ոսկերիչեանը բախվել էր իր անձնական գույքը Հայաստան տեղափոխելիս: Ընդհանուր 4 տոննա կշռող գույքը՝ տան կահույք, կենցաղային տեխնիկա, պահարաններ և այլն, ամիսներ շարունակ մնացել էր մաքսային պահեստում, քանի որ մաքսազերծման համար պահանջվող գումարը կազմել էր շուրջ 16 հազար դոլար:

«Խնդիրը ծագում է այն դեպքերում, երբ մեր հայրենակիցներից շատերը տարբեր նպատակներով ժամանում են Հայաստան, փորձում են ուսումնասիրել շուկան, հասկանալ կարող են տեղափոխվել, այստեղ գործունեություն ծավալել: Այն ժամանակահատվածը, որի ընթացքում փաստացի գտնվում են Հայաստանում, գումարվում է, ու օրենքի տեսանկյունից ստացվում է, որ դրսում չեն բնակվում: Արդյունքում՝ զրկվում են արտոնությունից», - ասում է պատգամավորը:

Արտոնությունը, որի մասին խոսում է պատգամավորը, նախատեսված է «Մաքսային կարգավորման մասին» օրեքնով: Դրա համապատասխան հոդվածով սահմանվում է, որ Հայաստան մշտական բնակության ժամանող ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հարկադիր տեղահանվածները կամ փախստականները, կարող են առանց մաքսային վճարների ներմուծել իրենց անձնական օգտագործման գույքը: Բայց նույն հոդվածի մեկ այլ կետով էլ նշվում է, որ Հայաստանի տարածքից դուրս մշտապես բնակված է համարվում այն անձը, որը 1 տարվա մեջ առնվազն 6 ամիս բնակվել է արտերկրում.

«Հենց այդ խնդրին էր բախվել Լիբանանից ժամանած մեր հայրենակիցը. սկզբում ինքն է եկել, բնակարան է ձեռք բերել, աշխատանք է փնտրել, հետո նոր ընտանիքը: Բայց ստացվել է, որ ինքն այնքան ժամանակ է եղել Հյաստանում, որ արդեն իր վրա օրենքի արտոնությունը չի տարածվում»:

Օրենսդրական փոփոխությամբ կառաջարկվի ընդլայնել ժամկետային սահմանափակումները, դրանով ՝ ավելի մեծացնել արտոնությունից օգտվելու հնարավորությունները: Թե ո՞ւմ կվերաբերի և հետադարձ ուժ կունենա՞ արդյոք, ըստ Գաբրիելյանի, առայժմ հստակ չէ.

«Քննարկվող տարբերակներից մեկով նախատեսվում է ինչ-որ ժամանակահատված ընտրել ՝ ասենք նախորդ 2 տարիները ու սահմանել , որ այդ ընթացքում իրենց գուքը տեղափոխած մեր հայրենակիցները հետադարձ ուժով կարողանան օգտվել փոփոխությունից: Կա տարբերակ էլ, ըստ որի արդեն վճարածներին գումարը կարող է վերադարձվել»:

Լիբանանահայ ընտանիքի օրինակը միակը չէ: Արտերկրից Հայաստան տեղափոխվելու որոշում կայացրած մեր հայրենակիցները մաքսային տարբեր արգելքների են հանդիպում, տարբեր խնդիրներ հաղթահարում: Բայց շատերի դեպքում իրավիճակը եղել է այնպիսին, որ մաքսային մարմինների հետ բախվելու առիթ էլ չի եղել: Այդպես եղել է օրինակ Հայաստան տեղափոխված սիրիրահայերի մեծամասնության դեպքում:

«Մենք այդ խնդրին չենք բախվել, որովհետեև ոչինչ մեզ հետ չենք վերցրել: Միայն մեկ ճամպրուկով ենք եկել, առանց որևէ գույքի»: Զրուցակիցս մեր գործընկերն է, Անի Զեյթունյցյանը, որը Սիրիայից Հայաստան է տեղափոխվել 2016-ին:

Այլ է Դուբայից Հայաստան ՝ ավելի ստույգ Կոտայքի մարզի Գետամեջ համայնք տեղափոխվելու որոշում կայացրած Ալիս Թոփալյանի օրինակը: Նա էլ ամուսնու հետ է որոշել գալ ու հաստատվել Հայաստանում, շուրջ 4 ամիս առաջ են տեղափոխվել, գույքը կարողացել են ստանալ օրերս:

Տիկին Ալիսը մեկ այլ խնդրանք էլ ունի ՝ավելի հասկանալի ու դյուրին դարձնել գրագրությունը: Նամակներն , ասում է, այնքան խրթին հայերենով են, որ դժվար է հասկանալ:

0:00
0:00